Հայերեն   English   Русский  

Ամբողջ գործընթացի նպատակը Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելն է. Արսեն Բաբայանը պնդում է, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում


  
դիտումներ: 162

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն անդրադարձավ իր դեմ հարուցված քրեական գործին ու 22 օր կալանքի տակ գտնվելու փաստին:

«Մարդիկ կան, որ պնդում են, թե գործը քաղաքականապես մոտիվացված չէ, քանի որ ես քաղաքական գործիչ չեմ: Նման արդարացումը չի տեղավորվում քննադատության շրջանակում: Քաղաքական հետապնդման համար պարտադիր չէ քաղաքական գործիչ լինելը: Երկրի քաղաքական ղեկավարությունը սկզբնապես հայտարարել է ՍԴ-ում փոփոխություններ կատարելու մտադրության մասին: Այսինքն, նպատակները քաղաքական են ու իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականցվում»,- ասաց Բաբայանը և ավելացրեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը և իր դեմ իրականացրած գործողությունները օրինական չեն:

«Իմ նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելիս՝ ասում են, որ մտավախություն կա, որ ես կարող եմ թաքնվել: Եթե կատարած արարքը ոչ մի կերպ չի կարող նախատեսել պատիժ, ո՞վ և ինչո՞ւ պետք է քննությունից թաքնվեր: Իմ նկատմամբ համաներում կիրառելու հարցին անդրադառնալով՝ ՀՔԾ ղեկավարը պնդում էր, որ ես չեմ խնդրել ներում կիրառել, ցանկանում եմ նշել, որ առաջին՝ ինձ ոչ ոք չի հարցրել, երկրորդ՝ դա ի՞նչ նշանակություն ունի խնդրել եմ, թե ոչ»:

Ըստ Բաբայանի՝ իր դեմ հարուցված և քրեական գործը, և ապօրինի գործողությունները մեկ նպատակ ունեին. «Ամբողջ գործընթացի նպատակը այս կամ այն եղանակով Հրայր Թովմասյանի հրաժարականին հասնելն է և իշխանությունները ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի: Կարծում եմ, որ նրանք այնուհետև կփորձեն ազատվել նաև մյուս դատավորներից՝ մեկի կամ երկուսի բացառությամբ: Այս ճանապարհին նրանց համար մարդն արժեք չի ներկայացնում, կարևորը իրենց նպատակին հասնեն, իսկ թե ով կկալանավորվի, ով խոշտանգումների կենթարկվի, նշանակություն չունի:: Մտածել են Արսեն Բաբայանը թող նստի, խելք կհավաքի և կտա անհրաժեշտ ցուցմունքներ: Ես 22 օր անցկացրել եմ անօրինական կալանքի մեջ. ես քաղաքական իշխանությունների պատանդն եմ եղել այդ 22 օրվա ընթացքում»,- ասաց Բաբայանը:

Խոսելով իր հետագա անելիքների մասին՝ Արսեն Բաբայանը հայտարարեց, որ օրինական բոլոր միջոցներով պայքարելու է և հասնելու է արդարացի որոշման իր գործի հետ կապված, բայց նաև այսուհետ մտադիր է զբաղվելու է իրավապաշտպան գործունեությամբ, որ օգնի այն մարդկանց, ում հանդեպ անօրինական գործողություններ են իրականացվում:

Հիշեցնենք, որ Արսեն Բաբայանը մեղադրվում է ՍԴ նախագահի կողմից իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, նա կալանքի տակ է մնացել ավելի քան 3 շաբաթ, որից հետո ազատ է արձակվել Հելսինկյան իրավապաշտպան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի և Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անձնական երաշխավորության հիման վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: