Հայերեն   English   Русский  

Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են Ոստիկանություն


  
դիտումներ: 182

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ:

ՀԳ. Խոսքը վերաբերում է այն հրապարակումներին, որտեղ նման սպառնալիքների մասին հայտարարություններ են եղել պատգամավորի կողմից»:

Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը սպառնացել է Բաղդասարյանին ու ասել, որ նա չի պատկերացնում, թե իրեն ինչ է սպասում:

Այս առնչությամբ «Հրապարակ» թերթը գրել էր.

«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նկատի ունենալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումները, սպառնաց ասֆալտին փռել և ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, և որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձևով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը նկատի ուներ իմքայլական, դարձյալ գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, ում Վարդան Ղուկասյանը երեկ առավոտյան սպառնացել էր:

Ըստ լուրերի՝ Ղուկասյանն ակնարկներ է արել, թե պատգամավորը չի էլ պատկերացնում՝ ինչ է իրեն սպասվում այդ օրենքի ընդունումից հետո: Երեկ վաղ առավոտյան իշխանական բանագնացները հարցը բարձրացրել են նաև Գագիկ Ծառուկյանի մոտ, Հովիկ Աղազարյանի նախաձեռնությամբ մի քանի պատգամավորներ ներկայացել են ԲՀԿ-ի առավոտյան հրավիրած նիստին և հորդորել Ծառուկյանին՝ կարգի հրավիրել իր պատգամավորին: Պատահական չէ, որ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ էլ Փաշինյանը ցուցադրաբար մոտեցավ և մի քանի րոպե զրույցի բռնվեց Նազելի Բաղդասարյանի հետ՝ ցույց տալով, որ նրա հետ գործ ունեցողն իր հետ գործ կունենա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: