Հայերեն   English   Русский  

Քաղաքական քաոս` Բոլիվիայում. «Լատինաամերիկյան աշունը» նոր թափ է հավաքում


  
դիտումներ: 421

«Արաբական գարունը» փոխարինվել է «լատինաամերիկյան աշնամբ»․ այսպես են քաղաքագետները մեկնաբանում Հարավային Ամերիկայի երկրներում մեկը մյուսի հետևից ծավալվող հակաիշխանական ցույցերը։

Եթե Վենեսուելայում դեռևս երկիշխանություն է, Չիլիում հակաիշխանական ցույցերը շարունակվում են, Էկվադորում գոնե առայժմ ցույցերը հանդարտվել են, ապա Բոլիվիայում իշխանափոխությունն այլևս իրողություն է։ 2005-ից նախագահող Էվո Մորալեսը հրաժարական է տվել ու քաղաքական ապաստան ստացել Մեքսիկայում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Մորալեսի հրաժարականը, հայտարարել է, որ դա շրջադարձային պահ է Հարավային կիսագնդում ժողովրդավարություն հաստատելու համար։ Նա նաև նշել է, որ Մորալեսի հրաժարականը ազդանշան է Վենեսուելայի և Նիկարագուայի համար։

Ոմանք տեղի ունեցածը բնութագրում են խաղաղ իշխանափոխություն, ոմանք էլ` որպես հեղաշրջում։ Այն, որ Մորալեսի հրաժարականը տեղի է ունեցել բանակի միջամտությունից հետո միայն, փորձագետներին թույլ է տալիս պնդել, որ տեղի ունեցածը հենց հեղաշրջում է:

Նշենք, որ Լատինաամերիկյան երկրներում հեղաշրջումները հաճախակի բնույթ են կրում։ Եվ Բոլիվիայի երկուհարյուրամյա անկախ պետականության պատմության ընթացքում հեղաշրջումները տասնյակներով են հաշվվում։

Բոլիվիայում ցույցերը մեկնարկել էին նախագահական ընտրություններից հետո, երբ քվեների հաշվարկի ժամանակավոր դադարեցումից հետո հայտարարվել էր, որ հաղթող է գործող նախագահ Էվո Մորալեսը։ Ցուցարարները փողոց էին դուրս եկել՝ պահանջելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել։ Ցուցարարների ու արտաքին ճնշումների ներքո տեղի ունեցավ քվեների վերահաշվարկ, որի արդյունքում, սակայն, վերահաշվարկն իրականացնող Ամերիկյան երկրների կազմակերպությունը հայտարարեց, որ չի կարող հաստատել Մորալեսի հաղթանակը։ Հանրությունը, սակայն, ընտրությունների երկրորդ փուլին այլևս չհամաձայնեց՝ պահանջելով նախագահի հրաժարականը։ Եվ քանի որ ուժային կառույցները չսատարեցին Մորալեսին, ավելին զինվորականները նրան կոչ արեցին հրաժարական տալ հանուն երկրի կայունության, նա հրաժարական տվեց։ Սակայն, ցույցերն այդքանով էլ չհանդարտվեցին։ Եղան հարձակումներ Մորալեսի ու այլ պաշտոնյաների գույքի նկատմամբ, նրանց նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցին։ Արդյունքում՝ Մորալեսը քաղաքական ապաստան ստացավ Մեքսիկայում, իսկ նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ապաստանեցին Մեքսիկայի դեսպանատանը՝ փրկվելու ամբոխի հաշվեհարդարից։

Նշենք, որ այժմ էլ ցույցեր են անում Մորալեսի կողմնակիցները, որոնք պահանջում են երկրի ղեկավարի պաշտոնը հանձնել իրենց ընտրած թեկնածուին։

Ո՞վ է իրավահաջորդը

Էվո Մորալեսի հրաժարականից հետո իրենց պաշտոնները թողել են նաև երկրի վարչապետը, խորհրդարանի երկու պալատների խոսնակները։ Արդյունքում նախագահի պաշտոնը ստանձնել է Մորալեսի կատաղի հակառակորդ ու քննադատ, ընդդիմադիր Ժանին Անյես Չավեսը, որը խորհրդարանի երկրորդ փոխխոսնակն էր։

Նա Բոլիվիայի պատմության մեջ երկրորդ կին նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Անյեսը մասնագիտությամբ իրավաբան է, քաղաքականությունում է 2006-ից, իսկ խորհրդարանում` 2010-ից ի վեր։ Նրա ամուսինը կոլումբիացի քաղաքական գործիչ Հեկտոր Հերնանդո Կարվախալն է, որն ըստ լուրերի առնչություն ունի կոլումբիացի թրմադիլերների հետ։

Ինչպես հայտնի է, Բոլիվիայում հնդկացի ֆերմերները կոկա են մշակում, այս բույսի մշակումն այստեղ թույլատրված է։ Բայց Մորալեսը, ըստ հրապարակումների, հնարավորինս խոչընդոտել է, որ բոլիվիական կոկայից կոկաին ստանան։ Ուստի տեսակետ կա, որ Մորալեսի հեռացումը և Անյեսի նշանակումը որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար պատահական չէ և շատ շահեկան է թե թմրադիլերներին, թե ԱՄՆ հատուկ ծառայություններին, որոնք նյութեր ունեն թմրադիլերների հետ առնչվող անձանց մասին և կարողանում են այդպիսով ազդել նրանց որոշումների ու գործողությունների վրա։

Բոլիվիա

Ուշագրավ է, որ Ժանին Անյեսը իր պարտականությունները ստանձնելիս ցուցադրաբար երդվել է կտակարանի վրա։ Նշենք, որ Մորալեսը երկրի սահամանդրությունից հանել էր կետը, ըստ որի կաթոլիկ քրիստոնեությունը երկրի պետական կրոնն էր հռչակվում․ Բոլիվիայի ազգաբնակչության երկու երրորդը տեղաբնիկ հնդկացիներն են, որոնց մոտ կեսը շարունակում է դավանել իրենց ավանդական կրոնը։

Ժանին Անյեսի իշխանությունը ճանաչել են թե զինված ուժերը, թե երկրի սահմանադրական դատարանը։ Այժմ Անյեսը պետք է նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ձևավորի, քանի որ նախկին ԿԸՀ ողջ կազմը կալանքի տակ է ընտրությունների արդյունքները կեղծելու մեղադրանքով, և նոր նախագահական ընտրություններ կազմակերպի։

Ովքե՞ր են նախագահի հավանական թեկնածուները

Ընտրություններում Էվո Մորալեսի հիմնական մրցակիցը, որը չընդունեց ընտրությունների արդյունքները և փողոց դուրս եկավ, Կառլոս Մեսան էր։ Նա 2003-2005 թվականներին եղել է Բոլիվիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը: Նրա նախագահության շրջանում նրան մեղադրել են ազգային արժեքները ամերիկյան շահերին ստորադասելու մեջ, Մեսայի գործունեությունն այնքան հակասական է ընկալվել, որ նախագահական ընտրությունների ժամանակ նրա իսկ կուսակցությունն առաջադրել է այլ թեկնածուի: Այն ժամանակ Մեսան ստացել է ընդամենը քվեների 6 տոկոսը:

Մյուս թեկնածուն վերը ներկայացված Ժանին Անյեսն է: Այս երկու թեկնածուներն էլ ունեն պրոամերիկյան դիրքորոշում:

Տեսակետ կա, ըստ որի Էվո Մորալեսը ևս դեռ կարող է վերադառնալ ու որպես թեկնածու մասնակցել ընտրություններին` կախված դեպքերի զարգացումից:

Այնուամենայնիվ, թե ինչպիսին կլինի Բոլիվիայի քաղաքական ապագան, այս փուլում որևէ մեկը կանխատեսել չի կարող:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: