Հայերեն   English   Русский  

​Ասադը մեղադրել է ԿՀՎ-ին «Սպիտակ սաղավարտների» հիմնադրի սպանությանը հանցակցության համար


  
դիտումներ: 107

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարծում է, որ ոչ կառավարական բարեգործական Mayday Rescue հիմնադրամի հիմնադիր, բրիտանացի Ջեյմս Լը Մեզյուրեն, որ առանցքային դեր է ունեցել ոչ կառավարական «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ստեղծման գործում, սպանվել է ԿՀՎ-ի ցուցումով:

«Իհարկե, դա հատուկ ծառայությունների գործն է: Բայց ի՞նչ հատուկ ծառայությունների: Երբ խոսում ենք առհասարակ արևմտյան, թուրքական և մի քանի ուրիշ հատուկ ծառայությունների մասին, որոնք գործում են մեր տարածաշրջանում, ապա դրանք ինքնիշխան պետությունների հատուկ ծառայություններ չեն, դրանք գլխավոր հետախուզական ծառայության՝ ԿՀՎ-ի ստորաբաժանումներն են»,- մեջբերում է Interfax-ը Ասադի խոսքը Россия-24 հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցից:

Սիրիայի նախագահն արձանագրել է, որ այդ բոլոր հատուկ ծառայությունները ենթարկվում են «մեկ տիրոջ» և գործում են միմյանց հետ համակարգված: Ուստի, ենթադրել է նա, կարելի է խոսել այն մասին, որ թուրքական հատուկ ծառայությունները կատարել են այդ աշխատանքը օտարերկրյա հատուկ ծառայությունների ցուցումով:

Սիրիայի նախագահի խոսքով՝ «Սպիտակ սաղավարտների» հիմնադիրը, ինչպես նաև ավելի վաղ ահաբեկչական խմբավորումների պարագլուխներ Ուսամա բեն Լադենը և Աբու Բաքր ալ Բաղդադին «սպանվել են նախ և առաջ այն պատճառով, որ կարևոր գաղտնիքներ են իմացել»:

«Նրանք բեռ են դարձել արդեն, երբ կատարել են իրենց դերը»,- հաստատել է Ասադը:

Ջեյմս Լը Մեզյուրեն մի քանի օր առաջ հայտնաբերվել է մահացած Ստաբուլում՝ իր տան մոտ: Ըստ չհաստատված տվյալների՝ նա վայր է ընկել սեփական տան պատշգամբից: Լը Մեզյուրեն կնոջ հետ Թուրքիա է տեղափոխվել չորս տարի առաջ:

Նոյեմբերի 14-ին ավելի վաղ Թուրքիայի ոստիկանությունը հայտարարեց, որ «Սպիտակ սաղավարտների» հիմնադրի մահվան հիմնական վարկածը համարում է ինքնասպանությունը:

«Սպիտակ սաղավարտները» ոչ կառավարական կազմակերպություն է, հայտնի նաև որպես սիրիական փրկարար խումբ: Գործում է Սիրիայի այն շրջաններում, որոնք վերահսկում են ընդդիմադիր ուժերը: Սիրիայի իշխանությունների հետ չի համագործակցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: