Հայերեն   English   Русский  

Պայթյուն Կարին գյուղում. տունը վերածվել է փլատակների. Ներսում գտնվող 13-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկար)


  
դիտումներ: 156

Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում Կարին գյուղի 5-րդ փողոցի 5-րդ տանը դեռեւս անհայտ հանգամանքներում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պայթյունի հետեւանքով տան խոհանոցում թախտին քնած 13-ամյա Մհեր Ք-ն մարմնական վնասվածքներով ու պարանոցի մասում ստացած այրվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է Երեւանի Այրվածքաբանության կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով, պայթյունի հետեւանքով տունը, որը բաղկացած էր 4 սենյակից, ամբողջովին դարձել է ոչ բնակելի։ Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ տան տանիքի ահագին հատված պատերից պոկվել է, լուսամուտները շպրտվել են, իսկ տան ներսում ողջ գույքն ամբողջովին վնասվել է, դռները, պահարանները, մահճակալները եւս շպրտվել են։

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսան։ Բնակիչներն ասում էին, որ տանը գազի արտահոսք չի եղել, քանի որ, եթե լիներ, ապա ընտանիքի 6 անդամներից գոնե մեկը հոտը կզգար։ Չի բացառվում, որ պայթյունի պատճառը գազի կաթսայի անորակ լինելն է եղել, իսկ այն շահագործվում էր արդեն 5 տարի:

Ընտանիքի անդամներն այս պահին հայտնվել են փողոցում, պետք է գիշերեն իրենց ծանոթների, բարեկամների տներում, մինչեւ տեսնեն՝ ինչպես է լուծվելու փոխհատուցման խնդիրը։

Տան միայն մեկ-երկու պատն է, որ պիտանի է, իսկ մնացած պատերը, տանիքը, հատակն ամբողջովին պետք է փոխվեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: