Հայերեն   English   Русский  

Կարեն Բեքարյանը առաջարկեց ակումբի գործընկերներին նման քննարկումներ անցկացնել նաև Արցախում


  
դիտումներ: 209

Ուժը, որը եկել է իշխանության վստահության բավականին բարձր քվեով, այդ թվում նաև անձը՝ իշխանության հիմնական կրողը՝ ի դեմս վարչապետի, հնարավոր և անհանր բոլոր եղանականերով փորձում է հասցնել ուղերձը,

որ որևէ կերպ չի ցանկանում կրել պատասխանատվություն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, բանակցային գործընթացի հետ կապված:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը «Վերնատուն» ակումբի համաժողովում: «Ամենասկզբում հարցը դրվում էր հետևյալ կերպ, որ հարցը լուծվելու է հրապարակում հավաքված, այդ հարցը ոչ ոք առանձին չի լուծելու, հետո մի փոքր ձևափոխվեց, ասում էին, որ ժողովուրդը կհավաքվի, կգրի, կտա՝ ինչ է ուզում, և դա կդնեն բանակցային սեղանին, բայց դա էլ հետո փոխվեց. եթե ժողովուրդը ինքը չգիտի, թե ինչ է ուզում, ի՞նչ ներկայացնենք։ Հետո հնչեց հետևյալ ձևակերպումը. «ես ոչ մի կերպ չեմ ներկայացնում Արցախը և իրավունք չունեմ ներկայացնելու: Եթե Արցախը կվերադառնա բանակցային սեղան, կսկսի բանակցել, եթե ոչ ես դրա իրավունքը չունեմ», բայց այս շարքը գնալով դուրս եկավ տրամաբանության սահմաններից: Գագաթնակետը դարձավ վերջին ելույթը, կարծես Փարիզում, որտեղ ասվեց հետևյալը, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Հասկացա՞ն արդյոք ԱԳՆ-ում կամ աշխատակազմում, որ սա արդեն ոչ մի կերպ չի ընկալվում, որովհետև պաշտոնական հաղորդագրության մեջ այդ հատվածը հանված էր»,- ասաց Կարեն Բեքարյան:

Ըստ Բեքարյանի՝ պետք է հստակեցնել՝ իրականում ձգտում ենք, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան, թե շարունակենք պնդել, որ Արցախը Հայաստան է և վերջ:

«Հարկավոր է մեզ համար պարզել, եթե մենք հասկանում ենք, որ ինքնորոշման իրավունքը իրավունք է, որը պետք է հարգեն և ընդունեն, այլ մոտեցումներն արգելակում են իրավունքը որպես տարր բանակցային գործընթացում։ Ստացվում է, որ Ադրբեջանը կարող է համաձայնել կամ չհամաձայնել։ Ընդհանուր առմամբ, իշխանությունները ձգտում են մոլորեցնել հասարակությանը, ընտրվում են անհասկանալի թեզեր, և ձև է արվում, թե պատասխանում են այդ թեզերին, ընթանում է կեղծ օրակարգով մանիպուլացում, ընդ որում՝ ԱԳՆ-ն և վարչապետի աշխատակազմը հասարակությանը ներկայացնում են ճշգրտված տեքստեր։ Իշխանությունները վարում են փակ աչքերի և ականջների քաղաքականություն հասարակության հանդեպ։ Բխող բոլոր հետևանքներով»,- ասաց Կարեն Բեքարյանը և առաջարկեց ակումբի գործընկերներին նման քննարկումներ անցկացնել նաև Արցախում։

«Տեղում հասկանալ անհանգստությունը, և որքան հնարավոր է քաղաքական հայացքներից անկախ համեմատել ջանքերը։ Թե չէ վիրուսը տարածվել է նաև Արցախում։ Նախագահի թեկնածուներից մեկն սկսել է խոսել սևերի ու սպիտակների մասին»,- հավելեց Կարեն Բեքարյանը։

Վերլուծաբանն առաջարկեց նման համաժողովներից հետո կազմել և հրապարակել ամփոփագիրը, որը հնարավորություն կտա հասարակությանը ծանոթանալ քննարկվող խնդիրներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: