Հայերեն   English   Русский  

Հայաստանում կա շատ ուժեղ քաղաքացիական հասարակություն, շատ ուժեղ իրավական հանրույթ, քաղաքական դաշտի առողջ զանգված․Վիկտոր Սողոմոնյան


«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ելույթ


  
դիտումներ: 298

Կարծում եմ այս ակումբը կարող է լուրջ առաքելություն իրականացնել այսօրվա իրավիճակում, երբ քաղաքքական դաշտը զգալիորեն վնասված է և միասնական կարծիքներ արտահայտելու առողջ դատողություններ անելու հարթակներ չկան:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և անդրադարձավ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործին ու գրեթե 1,5 տարի շարունակվող դատական գործընթացին:

«Արդեն շուրջ 1.5 տարի է, ինչ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում, և նոյեմբերի 25-ին կլրանա ուղիղ 11 ամիսը, ինչ Քոչարյանը գտնվում է ապօրինի կալանքի տակ` քաղհալածյալի ու քաղբանտարկյալի կարգավիճակում»,-ասաց Սողոմոնյանը:

Նա խոսելով Քոչարյանի գործի մասին` նշեց, որ այս ընթացքում երեք կարևորագույն առասպելներ են ջարդուփշուր եղել:

«Առաջին «ջարդված» առասպելն այն էր, որ Հայաստանի երկրորդ և Արցախի առաջին նախագահը ոչ մի կապ չունի մարդասպանությունների հետ: Նրա կալանավորումը սկսվել է այն պատրվակով, թե բռնում են մարդասպանին, և այսօրվա վարչապետն ուղղակի ուժ ու եռանդ չէր խնայում և նույնիսկ չէր համբերում հայտարարել, թե ահա` 2008 թ. «Մարտի 1»-ը գրեթե բացահայտված է ամբողջ ծավալով, Քոչարյանը կալանավորված է, և հիմա կտեսնեք, թե ինչ արագ գործը կբացահայտվի: Դա բացարձակ կեղծիք էր: Գուցե կարծիք կազմվի, որ Քոչարյանին առնչվող իրադարձություններն անձնական բնույթ ունեն, բայց այդպես չէ: Մենք գործ ունենք հայ ժողովրդի պատմության մեջ բացառիկ դերակատարություն ունեցած մարդու բարի համբավի հետ»,-ասաց Սողոմոնյանը:

Երկրորդ առասպելը, Սողոմոնյանի խոսքով, այն էր, թե 2008 թ. մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել: «Դա բացարձակ կեղծիք էր և պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ»,-ասաց նա:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը նշեց, որ երրորդ առասպելն առնչվում էր Հայաստանի քաղհասարակությանը: «Այս անկյունաքարային գործը ցույց տվեց, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղաքացիական հասարակություն, շատ ուժեղ իրավական հանրույթ, քաղաքական դաշտի առողջ զանգված, որը պատրաստ է պայքարել ընդդեմ իրավական «բեսպրեդելի»»,-ասաց Սողոմոնյանը` հավելելով, թե երբ իշխանություններն ասում էին` Քոչարյանին կալանավորելու ժողովրդական կոնսենսուս կա, երևաց ճիշտ հակառակը:

Ըստ Վիկտոր Սողոմոնյանի՝ կան ճանապարհներ, որոնցով կարելի է հասնել խնդրի լուծմանը: «Անհրաժեշտ է, որ իշխանությունները անհապաղ դադարեցնեն ակնհայտ քաղաքական հետապնդումները մի շարք անձանց նկատմամբ, հրաժարվեն զանգովի արդարադատությունից և ռեպրեսիաներից, բոլոր գործընթացները վերադարձնեն բացառապես օրինականության և արդարադատության դաշտ, դադարեցվի «Մարտի 1-ի» գործի խեղաթյուրումը»,-ամփոփեց ՀՀ երկրորդ նախագահ գրասենյակի ղեկավարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: