Հայերեն   English   Русский  

Հայաստանում այսօր ամենաշատ պահանջ ունեցող և շատ սպառվող «ապրանքը» ատելությունն է. Կոնստանտին Տեր-Նակալյան


«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ելույթ


  
դիտումներ: 409

2018 թվականին ժողովուրդը փողոց էր դուրս եկել և միայն ատելություն էր ուզում:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի ժամանակ ասաց «Ադեկվատ» կուսակցության վարչության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:
«Եթե փորձենք գիտական սահմանում տալ 2018 թվականին գարնանը տեղի ունեցած իրադարձություններին, ապա կստացվի, որ դա առաջին հերթին հեղափոխություն չէր: Չեմ կիսում նույնիսկ ներկա գտնվող բանախոսներից ոմանց այն տեսակետը, որ ժողովուրդը ապրիլ-մայիսին դրական փոփոխություններ էր ուզում, արդարության համար էր դուրս եկել: Ժողովուրդը փողոց էր դուրս եկել և միայն ատելություն էր ուզում: Հայաստանում այսօր ամենաշատ պահանջ ունեցող և շատ սպառվող «ապրանքը» ատելությունն է»,- ասաց նա։
Ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի՝ ժողովուրդն իրականում կոռուպցիայի, անարդարության հետ խնդիր չի ունեցել:
«Այն ժողովուրդը, որն անելանելի ապրումներ էր ունենում թալանից, պետական միջոցների անարդյունավետ տնօրինումից, այսքան ներդաշնակորեն չէր ընդունի օրինակ՝ 2 մլն դոլարով կառավարական առանձնատան վերանորոգումը: Եթե մարդը դեմ է անարդյունավետ թալանին, ապա դեմ է լինելու միշտ: Բայց ստացվում է, որ ոմանց պարագայում դա վատ է, ոմանց պարագայում՝ լավ»,- ասաց նա:
Ըստ Նակալյանի՝ այսօր մեծ է տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությունը: «Այս ամենի հետևում Հայաստանի գործող իշխանություններն են և նրանց սպասարկող տնտեսական միավորները: Հայաստանում ներկայումս գործում է առնվազն 3 խոշորագույն ֆեյքերի «ֆաբրիկա»»,- ասաց նա:
Կոնստանտին Տեր-Նակալյանը նաև նշեց, որ նման գործողություններն արվում են գործող իշխանությունների դիրքորոշումները չունեցողին այնպիսի միջավայր տանելու համար, որպեսզի նա առնվազն խուսափի հետագայում իր խոսքն ասելուց: Ըստ նրա՝ իշխանությունը նման կերպ վախի մթնոլորտ է ստեղծում, որպեսզի դրանով ազդի նաև մյուսների հետագա գործողությունների վրա։
«Փորձն ու պատմությունը ցույց տվեցին, որ շատ սխալ ենք արել. երկիրը մեզնից խլեցին՝ հայհոյանքի խրամատը գրավելով»,- ասաց նա և հիշեցրեց, թե ինչպիսի կեղծ հայտարարություններ էին կիրառվում 2018 թվականի ապրիլին, օրինակ՝ ասվում էր, որ թունավոր գազ են բաց թողնելու, Արցախից դիպուկահարներ են եկել և այլն:
Ըստ նրա՝ նման կեղծ տեղեկություններով ավելի շատ մարդ էին կարողանում փողոց դուրս բերել։ Կոնստանտին Տեր–Նակալյանը նաև հիշեցրեց, որ ՀՀԿ–ական պատգամավորների հեռախոսահամարներն էին տարածվել համացանցում, այդպիսի հարձակումները շարունակական բնույթ կրեցին և շարունակվում են մինչև հիմա: Նրա գնահատմամբ՝ հասարակության միակ շերտը, որը դրական պաշտպանության տեսքով արձագանք է ստացել իշխանության կողմից, ԼԳԲՏ համայնքն է: «Բոլոր մնացած շերտերի նկատմամբ նրբանկատության ու հոգատարության նշաններ այս իշխանության կողմից մենք չենք տեսել: Հատկապես սկսած այն պահից, որ այդ միավորը համարձակվել է որևէ կերպով չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի «կապրիզներին»»,- նշեց նա:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: