Հայերեն   English   Русский  

Վառվռուն Արփիկը


​Հոբելյան


  
դիտումներ: 1945

Ամենայն հայոց բանաստեղծի մահից տարիներ հետո՝1925թ.:Գուրգեն Մահարին եղել է Թիֆլիսի Վոզնեսենսկայա փողոցի վրա գտնվող նրա տանը և այդ մասին «Այս հմուտհանճարեղ լոռեցին» գրքում գրել է.«Տիկին Թումանյանն է մնում հիշողությանս մեջ և մեկ էլ վառվռուն Արփիկը:

Ինչի՞ մասին խոսեցինք, չեմ հիշում. հավանաբար Բացակայի մասին:

…. Մենք խոսում էինք շշուկով՝ ոնց որ եկեղեցում»: Արփիկ /Արփենիկ/ Թումանյանը մեծ լոռեցու յոթերորդ զավակն էր՝ գրականագետ- մատենագետ:

Նա,ում համար ևս տարին հոբելյանական է /ծննդյան 120-ամյակը/,ծնվել է 1899 թվականին Թիֆլիսում :Միջնակարգ կրթությունն ստացել է Գայանյան օրիորդաց դպրոցում, ընդունվել Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտ, 2-րդ կուրսից փոխադրվել Մոսկվա և աշխատանքի անցել ԽՍՀՄ նախարարների խորհրդի հայկական ներկայացուցչությունում, ապա կենտրոնական հանրային գրադարանում ՝ որպես հայկական բաժնի գլխավոր գրադարանավար և ավագ խմբագիր:

Նրա գրականագիտական փորձը օգտակար եղավ Թումանյանի թանգարանում,ուր նա ստեղծեց մանրամասն քարտարան: Նա մեծ ներդրում ունի Թումանյանի գրական ժառանգության պահպանման, հետազոտման, հրատարակման գործում : Մասնակցել է գրողի գրական երկերի գիտական հրատարակմանը և ռուսերեն թարգմանություններին : Նրա մոսկովյան բնակարանը հայ և ռուս մտավորականների հավաքատեղի էր :

Ժամանակակիցների հուշերում անսահման արժևորված է Արփիկ Թումանյանի ներդրումը Հովհաննես Թումանյանի 100-ամյա հոբելյանի տոնակատարության գործում: Արփիկ Թումանյանը ամուսնացած էր Գրիգոր Կոսլողյանի հետ, ով 1942 թվականին զոհվել է Մոսկվայից քիչ հեռու մղված մարտերում :

Արփիկ Թումանյանն իր երկրային կյանքն ավարտել է 1981 թվականին: Որպես արժանի հոբելյանական դափնեպսակ՝ ընթերցողին եմ ներկայացնում նրա ալբոմում 1917 թվականի հունվարին գրած Հովհաննես Թումանյանի՝ բարեմաղթանքներով լի գողտրիկ բանաստեղծությունը.

Ա՜խ, Արփիկ ջան, որ Արփի ես բացում հոգուս երկընքում,

Գիտես քանի արփի բացեց քեզնից առաջ էս կեանքում….

Բայց դու փայլի՛ր, խաղա՛, շողա՛, կյանքը լինի քեզ եդեմ,

Ցոլա՛, ժըպտա՛ հուր բոց տեղայ արևմուտի մութի դեմ :

Հ.Գ. Որքան խորանում եմ Հովհաննես Թումանյանին նվիրված հայրենակցիս, ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի աշխատություններում, այնքան ավելի է վեհանում վերջինից կերպարը՝ որպես լոռեցի, որպես թումանյանագետ, որպես մարդ-քաղաքացի: Որպես ընթերցող լիովին արդարացված եմ համարում վերականգնված Թումանյանի անվան գրական մրցանակը առաջինը նրան շնորհելը :

Առաջարկում եմ այդ մրցանակը այս տարի էլ հանձնել արվեստագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանին Թումանյանին նվիրված գրքերի և հրապարակումների, մասնավորապես «Գրական թերթ»-ում հրապարակվող հոդվածաշարերի համար:

ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: