Հայոց ցեղասպանության ճանաչումը` «զոհ» Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների օրակարգին
Մուշեղ Խուդավերդյանը` մեկնաբանելով Թուրքիայի Հանրապետության նախագահ ՌեջեփԹայիփԷրդողանի այցը ԱՄՆ և հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ: Նրա խոսքով` երկու երկրների հարաբերություններում լարվածություն կա այնքանով, որքանով Թուրքիան հակառակվում է ԱՄՆ-ի քաղաքականությանը Մերձավոր Արևելքում, իսկ ԱՄՆ-ն էլ պատժամիջոցներով փորձում է զիջումներ կորզել:
Խուդավերդյանի կարծիքով` Էրդողանը Վաշինգտոն էր մեկնել` հասնելու նրան, որ ԱՄՆ-ն կատարի այն պարտավորությունները, որոնք ստանձնել է «Խաղաղության ակունք» ռազմագործողության դադարեցման դիմաց:
«Հանդիպման հիմնական շեշտը դրված էր նրա վրա, որ Էրդողանը դժգոհ է «Խաղաղության ակունք»կոչվող ռազմական գործողություններից հետո որոշակի դրույթների չիրականացումից։ Մասնավորապես, Էրդողանը դժգոհ է ինչպես ամերիկյան կողմից, այնպես էլ ռուսական կողմից, քանի որ, չնայած պայմանավորվածությանը, քրդերը դեռևս ամբողջովին չեն լքել Սիրիայի հյուսիսային այն հատվածները, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն էր իրականացնում»,- ասում է Խուդավերդյանը։
Նա նաև հավելում է, որ դժգոհություններ ուներ նաև հրավիրող կողմը` Թրամփը:
«Կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին դժգոհություն ունի Թուրքիայի որոշակի գործողություններից։ Մասնավորապես՝ ռուս-թուրքական պայմանավորվածությունների որոշակի կետերից, քանզի Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և նրա բոլոր գործողությունները պետք է համաձայնեցվեն ՆԱՏՕ-ի անդամների, այդ թվում և ԱՄՆ-ի հետ»,- ասում է նա։
Վաշինգտոնյան հանդիպման առանցքային կետերից է եղել նաև Ռուսաստանից զենք գնելու հարցը:
Թրամփը շեշտել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներից մեկն է և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում մեծ դերակատարում է ունեցել: Եվ այս համատեքստում ԱՄՆ նախագահը կարևոր է համարել Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման շուրջ ստեղծված տարաձայնությունների լուծումը:
«Թուրքիայի կողմից ռուսական ժամանակակից ռազմական տեխնիկայի, ինչպես, օրինակ` C-400-ների ձեռքբերումը մեզ համար շատ լուրջ խնդիրներ է ստեղծում: Մենք անդադար խոսում ենք այդ մասին, խոսել ենք նաև այսօր: Հույս ունենք, որ ապագայում կկարողանանք հարթել այդ իրավիճակը»,- ասել է Թրամփը:
Էրդողանն էլ իր հերթին շեշտել է, որ C-400-ների շուրջ ստեղծված իրավիճակը կարելի է լուծել բանակցությունների միջոցով: Նա նաև պատրաստակամություն է հայտնել ձեռք բերելու ամերիկյան «Պատրիոտ» համակարգը, որի վաճառքը ժամանակին Թուրքիային մերժվել էր:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` ռուսական C -400 զենիթահրթիռային համակարգերի գնման և տեղակայման հարցըշարունակում է զգայուն կետ լինել երկու երկրների հարաբերություններում, սակայն ԱՄՆ-ն փոխել է իր մոտեցումն այս հարցում:
«Այս խնդիրը կողմերը որոշել են մի կողմ դնել և թողնել, որպեսզի իրենց ներկայացուցիչները շարունակեն բանակցությունները ու լուծում գտնեն»,- ասում է Սաֆրաստյանը:
Իսկ Մուշեղ Խուդավերդյանը շեշտում է իրողությունը, որ Թրամփը հայտարարել է երկու երկրների միջևառևտրաշրջանառությունը 100 մլրդ դոլարի հասցնելու մասին: Նա, միևնույն ժամանակ շեշտում է, որ դրանով հանդերձ, քանի դեռ Թուրքիան երկդիմի քաղաքականություն է վարում Մերձավոր Արևելքում,որոշակի լարվածություն է լինելու երկու երկրների հարաբերություններում:
Խոսելով հանդիպման արդյունքների մասին` Խուդավերդյանն ասում է, որ ժամանակը ցույց կտա, թե Էրդողանի այցը որքանով է ծառայել նպատակին և որքանով ԱՄՆ-ն կկատարի իր խոստումները:
Բայց այնպես չէ, որ Էրդողանը ձեռնունայն է հեռացել ԱՄՆ-ից:Էրդողանը առիթը բաց չի թողել` անդրադառնալու Հայոց ցեղասպանության թեմային և առաջ մղելու թուրքական քարոզչական թեզերը:
«Որոշ պատմական իրադարձություններ և մեղադրանքներ օգտագործվում են մեր երկկողմ հարաբերությունները փչացնելու համար: Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին ընդունված որոշ բանաձևեր հենց այդ նպատակին էին ծառայում: Դա մեծապես վիրավորել է թուրք ժողովրդին և կարող է ստվեր նետել մեր երկկողմ հարաբերությունների վրա»,- ասել է նա` հերթական անգամ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու թեման առաջ քաշելով:
«Հուսով եմ՝ Սենատը ԱՄՆ-ին կհանի այս արատավոր շրջանից, որը ստեղծվեց Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևի պատճառով»,- ընդգծել է Էրդողանը:
Իսկ Թրամփի և Էրդողանի հետ հանդիպումից հետո Թրամփի ամենամոտ զինակիցներից հանրապետական սենատոր ԼինդսիԳրեմն օգտվել է օրենքի ընձեռած հնարավորությունից և միանձնյա արգելափակել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:
Պարզաբանելով իր որոշումը` Գրեմն ասել է, որ սենատորները չպետք է փորձեն չափազանցնել պատմությունը կամ փորձեն նորից գրել այն։ Նա ավելացրել է, որ դեմ է այդ բանաձևին «ոչ թե անցյալի, այլ ապագայի համար»։
«Ցավալի է, որ շատ պետություններ, այդ թվում և ԱՄՆ-ն,Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը շահարկում են որպեսզի Թուրքիայից զիջումներ կորզեն, իսկ զիջումներ կորզելուց հետո մոռանում են, որ պետք է ճանաչեն Ցեղասպանությունը։ Եվ հանրապետական սենատորի այդ քայլը հենց այս մասին է վկայում»,- ասում է Խուդավերդյանը և հավելում, որ մինչև ԱՄն-ն վերջնականապես չճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ հարցը շահարկման առարկա է լինելու Թուրքիայի հետ հարաբերություններում նրանից զիջումներ կորզելու համար։
Ավելին, թուրքագետը վստահ է` քանի դեռ ԱՄՆ-ն և նրա հզոր դաշնակից երկրները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հավանական չէ, որ Թուրքիան կճանաչի այն:
Մեկնաբանություններ - 1