Հայերեն   English   Русский  

Զույգը «Զվարթնոցից» մեքենա է պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, փախցրել են այն. մեքենան գտել են վթարված


  
դիտումներ: 275

Երևանում, նոյեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երեւանի բնակիչ Ռոբերտ Ղ.-ից, ով հայտնել է, որ իրենք «Զվարթնոց» օդանավակայանից մարդ են դիմավորել, որոնք իրենց ընկերությանը պատկանող Mercedes S63 մակնիշի 01 RG 002 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայից փախցրել են:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 23:20-ին, մի աղջիկ՝ որպես հաճախորդ, «էքսկլյուզիվ կոնցեռն» ՍՊԸ-ից պատվիրել է նշված Mercedes S63 մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանից հյուրեր դիմավորելու եւ նշված ավտոմեքենայով Թոխմախ ուղեւորվելու նպատակով:

Արդեն օդանավակայանում Mercedes-ի վարորդ Արա Ա.-ին է մոտեցել այդ աղջիկը անծանոթ տղամարդու հետ, որից հետո ուղեւորվել են նրանց մատնանշած վայրը:

Հասնելով Բագրատունյաց փողոցի թիվ 42/7 հասցեում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայան, Արա. Ա.-ն դուրս է եկել ավտոմեքենայից ջուր գնելու նպատակով եւ մինչ նա կհոգար իր ծարավը, ավտոմեքենան այդ 2 անծանոթ անձինք փախցրել են:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, տեղեկություն է ստացվել, որ նշված ավտոմեքենան վթարված վիճակում գտնվում է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արշակունյաց եւ Շիրակի փողոցների խաչմերուկում, որտեղ էլ հայտնաբերվել է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ավտոմեքենան փախցրած կնոջն ու տղամարդու ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: