Հայերեն   English   Русский  

«Վերնատան» համաժողովում դրսևորվեց այն, ինչից զուրկ է գործող իշխանությունը, որը, իզմերից միայն պոպուլիզմ ունի


Արմեն Հակոբյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 1093

«Վերնատանը» իշխանության նյարդային արձագանքը վախից է

Ժողվարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լավ վախեցած է երևում: Համենայն դեպս, «ափալ-թափալի մեջ» բավականին տափակոտ «ծաղրանկար» էին թխել «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովի վերաբերյալ: Պարզից էլ հասկանալի է, որ «պոչամբար» (ի՜նչ էլ դիպուկ, ինքնաբնութագրական անվանում են կպցրել՝ թունանյութերով լի պոչամբար, իսկի պիտակ հորինելու կարիք էլ չկա) պայմանական ստուդիայի թողարկած «ծաղրանկարն» այսպես ասած՝ պետպատվեր էր:

Ավելին, իշխանությունը այդ ծաղրանկարը տարածեց Հ1-ի, այսինքն՝ Հանրային հեռուստաընկերության լուրերի ֆեյսբուքյան էջով: Հ1-ի հասցեին առաջ էլ պակաս քարեր չէին նետվում ներկայիս իշխանավորդարձածների կողմից, թե՝ իշխանական քարոզչության է լծված՝ հանրային շահերն սպասարկելու փոխարեն: Դե, իսկ արդեն իշխանություն դարձած քարկողողները որոշեցին մի քայլ էլ առաջ գնալ՝ Հ1-ը դարձնելու համար լրիվ «Հ-զրո»: Բայց դա առանձին անդրադարձի նյութ է:

Ավելի լավ է կենտրոնանանք հարցի վրա, թե ինչո՞ւ իշխանությունը այդպես նյարդային արձագանքեց Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ «Վերնատուն» ակումբի համաժողովին ու նման հարթակի ստեղծման փաստին: Ու բնութագրական է, որ իշխանության ագրեսիվ, փրփրաբերան ու քֆուրչի ֆեյքա-չֆեյքա սատարիչները միմիայն հայհոյում, անիծում, վատաբանում, մաղձու թույն էին թափում համաժողովի մասնակիցների հասցեին:
Դա, ինչ խոսք, արդեն իսկ դրական է բնութագրում բուն ակումբի ձևավորման նախաձեռնությունը: Մյուս կողմից,

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների միջոցով դրսևորված այդ ագրեսիվ ռեակցիան բացեիբաց ցույց է տալիս, որ գործող «թավշիշխանությունը» բացարձակապես ոչինչ չունի հակադրելու՝ մտքի, գաղափարի, քաղաքական բովանդակության առումներով:
Դու հայհոյում ես, ուրեմն ա) դու թույլիկ ես, բ) ընդհանրապես ասելիք չունես:

Հիմնական մյուս դիտարկումն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վախենում, ավելի ճիխշտ է ասել՝ սարսափահար է լինում քաղաքական լուրջ ընդդիմություն ունենալու հեռանկարից անգամ: Այդ սարսափների որոշակի արտացոլումն է, օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին բացառապես քաղաքական շարժառիթներով կալանքի տակ պահելը:
Նույն սարսափի արտացոլում է այն, որ քիչ թե շատ քննադատական մոտեցում արտահայտող ցանկացած ուժի ցանկացած ներկայացուցչի վրա «ֆաս» հրահանգով վրա են տալիս իշխանական քֆուր-բոտերը:

Իսկ «Վերնատան» դեպքում, ո՜վ սարսափ, կարող են քննարկման սեղանի շուրջ հավաքվել քաղաքական միտք, գնահատական, գաղափար, ծրագիր առաջադրող, օրակարգ ձևավորելու ունակ բազմաթիվ գործիչներ, իշխանական կոնտրոլից դուրս գտնվող քաղաքական ուժեր ու իրենց ներկայացուցիչները: Հիմնականն, իհարկե, միտքն ու գաղափարն է:
Եվ «Վերնատան» համաժողովում դրսևորվեց այն, ինչից զուրկ է գործող իշխանությունը, որը, իզմերից միայն պոպուլիզմ ունի ու մի քիչ էլ՝ ավտորիտարիզմի «գեղցի» տարբերակը:

Վերջին հաշվով, նման քննարկումներն օրինաչափորեն պետք է բերեն զարգացման հաջորդ քայլին՝ ըստ համախոհության միավորվելուն և ավելի ակտիվ քաղաքական գործունեության անցնելուն: Նիկոլ Փաշինյանը, իհարկե, նույնպես դա շատ լավ հասկանում է: Բայց ողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տիպի իշխանությունները քիչ թե շատ բանի ընդունակ են, միայն այն դեպքում, եթե չունեն քաղաքական հակառակորդներ, չունեն ընդդիմություն: Քաղաքական հակառակորդ կամ ընդդիմություն ունենալու մտքից անգամ նրանք թունավորվում են ու ջղակծկումների մեջ ընկնում: Մանավանդ, որ «կոնսենսուս մինուս 1» էր ասվել...

Բայց որքան ուզում են՝ ջղակծկվեն, քաղաքական դաշտը քայլ առ քայլ ակտիվանալու է, իրապես ընդդիմադիր կենտրոնները բյուրեղանալու են և անցնեն ավելի ակտիվ քաղաքական պայքարի: Կլինի դա «Վերնատան» մասնակիցներով, թե մեկ այլ տարբերակով, թերևս այնքան էլ կարևոր չէ:

Արմեն Հակոբյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: