Հայերեն   English   Русский  

​«Էրեբունի» թանգարանը՝ որպես Երևանի կարևորագույն այցեքարտ...


  
դիտումներ: 2079

«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանի հետ:

-Պարոն Բադալյան, արդեն կես տարի է, ինչ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենն եք: Ինչպե՞ս եք հաղթահարում սկզբնական շրջանի դժվարությունները:

«Էրեբունի» թանգարան

-Պատասխանատվությունը չափազանց մեծ է, բայց ինձ օգնում է այն հանգամանքը, որ այստեղ ոչ թե աշխատում եմ, այլ ապրում: Էրեբունին իմ տունն է: Ես այստեղ եկել եմ որպես ուսանող, երբ միայնակ փորձում էի կարդալ սեպագրերը: 2008-ից մասնակցել եմ պեղումների, 2009-ին ընդունվել գործի և կրտսեր գիտաշխատողի, էքսկուրսավարի, կրթական ծրագրեր իրականացնողի, «Կարմիր բլուր» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնից նոր անցել եմ տնօրենի պաշտոնին: Անցածս ճանապարհն այսօր ինձ շատ է օգնում: Պիտի գնահատել բոլոր աշխատողներին ու պարբերաբար պարգևատրել արժանիներին՝ նպաստելով աշխատանքի արդյունավետությանը: Ես պատրաստ եմ աշխատել և հաղթահարել բոլոր դժվարությունները՝ նոր շունչ հաղորդելով «էրեբունուն»:

-Ի՞նչ կարևոր առանձնահատկություններ ունի այս թանգարանը:

-«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մեջ մտնում է ոչ միայն «Էրեբունի» թանգարանը, այլև դրա երկու մասնաճյուղերը՝ Շենգավիթը և Կարմիր բլուրը: Այս երեքը Երևանի հնագույն պատմությունն արտացոլող կարևորագույն վայրերից են ու միաժամանակ՝ համաշխարհային նշանակություն ունեցող հուշարձաններ: Շենգավիթից սկսվում է մեր մայրաքաղաքի հնագույն պատմությունը դեռևս վեց հազար և ավելի տարիներ առաջ: Կարմիր բլուրում կան և´ ուշբրոնզեդարյան, և´ երկաթեդարյան շերտեր, և´ ուրարտական: էրեբունուց արդեն սկսվում է Երևանի գրավոր պատմությունը: «Էրեբունի» թանգարանը Երևանի այցեքարտերից է, որն, իհարկե, պիտի վերարժևորվի:

-Ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը:

«Էրեբունի» թանգարան

-Նախ պիտի սկսենք ինքներս մեզնից: Հարկավոր է արժևորել «Էրեբունին» ոչ միայն որպես տարածք, որտեղ պահպանվում են պատերը փլուզումից կամ պահվում են ցուցանմուշներ, այլ այն պիտի լինի գիտական, կրթամշակութային, կրթական-ժամանցային կարևոր կենտրոն: Ցավոք, տարիներ շարունակ վիճակն այդ առումներով բարենպաստ չի եղել, այն դեպքում, երբ թանգարանն ունի բավական ֆինանսական միջոցներ սեփական ուժերով շատ հարցեր լուծելու համար: Թանգարանի եկամուտներն ամեն տարի կարող են ավելանալ նվիրատվությունների, տոմսերի, տարբեր ծրագրերի հաշվին: Այժմ ունենք վեց միլիոն դրամի չափ աճ:

-Ի՞նչ բարեփոխումներ եք նախատեսում իրականացնել թանգարանի կյանքում:

-Մեր կարևոր խնդիրներից մեկը ցուցադրության փոփոխումն է: Ըստ երևույթին՝ 1980-ականների սկզբից «Էրեբունի» թանգարանի ցուցադրությունը գրեթե չի փոխվել: Պլանավորում ենք նաև «Էրեբունու» ցուցադրությանը զուգահեռ մշտապես ունենալ ժամանակավոր ցուցադրություններ տարբեր թեմաներով: Այս պահին, օրինակ՝ մեր ժամանակավոր ցուցասրահում կազմակերպել ենք հողարվեստը ներկայացնող գործեր՝ համադրված «Էրեբունու» պահոցների շատ արտեֆակտներով, որոնց մեծ մասը երբեք չի ցուցադրվել:

«Էրեբունի» թանգարան

Նախատեսել ենք մինչև մայիսի 20-ը Էրեբունի ամրոցում դնել մոտ տասը ցուցանակ՝ չորս լեզվով: Այցելուն, Էրեբունի ամրոց գալով, տեսնում է պատեր, սյուների հիմք հանդիսացող քառակուսի քարեր, որոնք շատ դեպքերում նրան ոչինչ չեն ասում: Բայց եթե լինեն պատմությունը ներկայացնող այդ եռաչափ վերակազմություններով ցուցանակները, արդեն բոլորովին այլ կլինեն տպավորությունները: Շենգավիթ հնավայրում մեր դրած առաջին եռաչափ ու եռալեզու ցուցանակը դրական արձագանք է ստացել այցելուների, հատկապես աշակերտների կողմից: Որքան էլ դրանք ժամանակ և ֆինանսներ են պահանջում, նախատեսել ենք ևս հինգական դնել Կարմիր բլուրում ու Շենգավիթում և տասը՝ Էրեբունիում: Ինչպե՞ս կարող է մայրաքաղաքի ծննդյան վկայականը համարվող սեպագիրը մինչ օրս որևէ ցուցանակ չունենալ: Ի վերջո, Երևանը նման ծննդյան վկայական ունեցող եզակի քաղաքներից է:

Մեր կարևոր թիրախային խմբերից են երեխաները: Դրա համար կրթական ծրագրերն ուղղակի անհրաժեշտություն պիտի լինեն թանգարանի կյանքում: Ինքս պատիվ ունեմ ութ տարի շարունակ երկու ամսով անվճար իրականացնել «Պատանի հնագետի դպրոց» ծրագիրը, որն արժանացել է շատ հեղինակավոր մասնագետների հիացմունքին:

Նաև հիմա սկսել ենք մի ծրագիր՝ «Եկե´ք գրենք ուրարտերեն», երբ աշակերտները պիտի համապատասխան ուրարտական սեպանշաններով ստանան բառեր և թվեր: Ունենք նաև վճարովի ծրագիր, երբ մասնակիցները ուսումնական պեղավայրում իրականացնում են պեղումներ:

Հանրայնացման համար պիտի տարբեր մշակութային միջոցառումներ իրականացնել՝ դուրս գալով թանգարանում զուտ իրեր տեսնելու կաղապարից: Օրինակ՝ այժմ մի շատ գեղեցիկ ծրագրի վրա ենք աշխատում հայտնի բալետմեյստր Ռուդոլֆ Խառատյանի հետ: Նախատեսում ենք ուրարտական մոտիվներով բեմադրել և ցուցադրել շատ հետաքրքիր ուրարտական ցես:

«Էրեբունի» թանգարան

-Հայտնի է, որ «Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք...

-Երևանի քաղաքապետարանը Ջոն և Սոսի Բալյանների հիմնադրամի հետ ստորագրել է համապատասխան պայմանագիրը: Թանգարանին 1,6 միլիոն դոլարի չափով նվիրատվություն է արվելու, ինչի շնորհիվ էլ շենքի հետևի հատվածում կկառուցվի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած նոր մասնաշենք: Այն ունենալու է անիմացիոն ցուցադրության հատված և նոր լաբորատորիաներ:

-Մի փոքր մանրամասն ներկայացնենք «Էրեբունու» մասնաճյուղերի այժմյան վիճակը:

-Որքան էլ ցավալի է, դրանք տարիներ շարունակ բացարձակ անտեսված են եղել: Այսօր մասնաճյուղերի վրա ներդրած գումարների շնորհիվ բավական փոփոխություններ ենք իրականացրել՝ գնելով և տեղադրելով լուսարձակներ, ցուցանակներ, շուտով մասնաճյուղերը կմալրվեն ջեռուցման սարքերով և հսկիչ տեսախցիկներով ՝ արդյունքում գրանցելով այցելուների թվի որոշակի աճ: Շենգավիթում կուր-արաքսյան ժամանակաշրջանի կացարանի մոդելով կառուցվեց ուսումնական պեղավայր: Շուտով ուրարտական կացարանի տեսքով ուսումնական պեղավայր կկառուցվի Կարմիր բլուրում: Արդյունքում կունենանք կրթական ծրագրեր, որոնք բազմաթիվ դպրոցահասակների կբերեն մասնաճյուղեր:

-Ընդհանրապես ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այցելուների թվի ավելացման համար:

-«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարան 2018-ին եկել է մոտ 26.750 այցելու, այս տարի՝ 29.500: Նախատեսում ենք մինչև տարվա վերջ ունենալ մինչև 32.000 այցելու: Սա պայմանավորված է թե´ ՀՀ-ում զբոսաշրջիկների աճով, թե´ մեր կատարած որոշակի աշխատանքներով: Արդյունքում շատացել են նաև թանգարանի համար արվող նվիրատվությունները: Ընդամենը մի քանի օր առաջ 1800 դոլարի նվիրատվություն ունեցանք, որը նախատեսել ենք ուղղորդել թանգարանի համար ժամանակակից կայք ունենալուն: Թանգարանի ՖԲ էջը 2012-2019-ի մայիսն ունեցել է ընդամենը 3000 հետևորդ, հիմա՝ 7000-ից ավելի: Մենք ոչ թե գովազդ ենք արել, այլ ամեն օր տեղադրել ենք կրթական և մեր գործունեությունը լուսաբանող նյութեր:

Նախատեսում ենք թանգարանի Ford Transit մակնիշի մեքենան պարբերաբար տեղափոխել քաղաքի կենտրոն, որը ցանկացողներին շաբաթը մեկ անգամ անվճար կտեղափոխի Էրեբունի ամրոց, Կարմիր բլուր և Շենգավիթ:

Այս տարի «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Շենգավիթում և Կարմիր բլուրում կազմակերպեցինք տարբեր միջոցառումներ՝ կավագործության վարպետաց դաս, նետաձգության մրցույթ, Արմինե Հայրապետյանի համերգը և այլն, որոնք կենդանություն հաղորդեցին մասնաճյուղերին՝ նպաստելով այցելուների թվի ավելացմանը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պյատրովսկու այցից հետո ևս գրեթե ամեն օր դպրոցական հոսքեր ենք ունենում Կարմիր բլուրում:

-Անդրադառնանք «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» նախաձեռնությանը:

«Էրեբունի» թանգարան

-Այս տարվա փետրվարին այդ նախաձեռնությունը սկսեցինք նախ հանրահռչակման աշխատանքներով, քանի որ մարդիկ մտածում են՝ Կարմիր բլուրը սերիալի անվանում է կամ գերեզմանոց: Ընկերներով օգտագործեցինք ամենատարբեր հարթակներ, նույնիսկ անվճար դասախոսություններ էինք կազմակերպում, որոնց վերջում մասնակիցներն իրենց կամավոր ներդրումն էին ունենում: Արդյունքում միայն դասախոսություններից 340 հազարից ավելի, իսկ ընդհանուր առմամբ միլիոնից մի փոքր ավելի գումար հանգանակվեց, և շինաղբի մեկ տասներորդ մասը հետագայում մաքրվեց հենց այդ նախաձեռնության շնորհիվ: Մնացած հոգսերն ու ծախսերն իր վրա վերցրեց քաղաքապետարանը: Այսօր ունենք 1,7 հա մաքրված տարածք, որն ընդգրկում է Կարմիր բլուրի թիրախային հատվածը: Մինչև տարվա վերջ կմաքրվի նաև մնացածը: Սա կամքի և ցանկության դրսևորում էր ընդամենը: Համոզված եմ՝ ցանկացած նախաձեռնություն հաջողության է հասնում այն դեպքում, երբ առաջինն ես քայլ անում, թեկուզ փոքրիկ մասնակցությամբ:

-Ցուցադրության քանի՞ սրահ կա «Էրեբունի» թանգարանում: Ցուցանմուշների նոր համալրումներ ունենու՞մ եք:

-Թանգարանն ունի հիմնական և ժամանակավոր ցուցադրությունների սրահներ: Առաջիկա տարիներին նախատեսում ենք փոխել թանգարանի ցուցադրության կառուցվածքը, որ կարողանանք օգտագործել այս պահին չօգտագործվող տարածքները: Նաև պահոցներում ունենք չցուցադրվող ֆանտաստիկ արտեֆակտներ:

Ցավոք, երբ 1968-ին ստեղծվել է «Էրեբունի» թանգարանը, պեղումներն ամրոցում սկսված են եղել 1950-ից, Կարմիր բլուրինը՝ 1939-ից, այսինքն՝ այն, ինչ գտնվել է, գլխավորապես տրվել է Պատմության թանգարանին, Երևանի պատմության թանգարանին, Էրմիտաժին և այլն: Ուստի մեր հավաքածուները քիչ են: Դրա համար մերօրյա ձեռքբերումները թանգարանի համար շատ կարևոր են: Թանգարանը վերջին 5-6 ամիսներին համալրվել է 300-ից ավել ամբողջական արտեֆակտներով, որոնց մեջ կան շատ եզակի իրեր:

Ուրախալի է՝ տարբեր հնագիտական արշավախմբեր սկսել են իրենց հետազոտության արդյունքներից գտնված առարկաները հանձնել մեր թանգարանին: Աճում է նաև մասնավոր մարդկանց կողմից տրվող իրերի քանակը: Եթե այս տեմպերով շարունակենք, կլինեն շատ նոր ցուցադրություններ:

-Ի՞նչ պեղումներ են այժմ իրականացվում «Էրեբունի» պատմահնագիտական ամրոց-թանգարանի տարածքում:

-Հայ-ֆրանսիական արշավախումբն արդեն ինը տարի պեղումներ է իրականացնում Էրեբունի ամրոցում: Պատիվ ունեմ լինելու այդ արշավախմբի հայկական կողմի համաղեկավարը: Վերջերս Էրեբունի ամրոցում գտնվող Սուսիի տաճարի դիմաց բացվեց գեղեցիկ խճահատակ: Սյունազարդ դահլիճում հայտնաբերեցինք նաև նոր կառույց, որը հավանաբար երրորդ տաճարի հիմքերն են:

Այս տարի Էրեբունի ամրոցի ողջ տարածքը մեր ֆրանսիացի գործընկերների, իսկ Կարմիր բլուրի չպեղված տարածքի մի զգալի հատված ավստրիացիների աջակցությամբ սկան արվեցին: Ըստ մի քանի օր առաջ ստացած տվյալների՝ երկու դեպքում էլ երևում են նոր կառույցների հետքեր: Սրանք կարևոր փուլ են այս հուշարձանները գիտական շրջանակներում հանրայնացնելու համար: Վերջին տարում փոխվել է մեր քաղաքականությունն այս բնագավառում, քանի որ նախկինում «էրեբունու» թանգարանը գրեթե չէր մասնակցում այդ գործընթացներին: Այս տարի, օրինակ՝ թանգարանը գնեց բոլոր գործիքները, պեղումների մասնակիցներին ապահովեց դեպի ամրոց տանող մեքենայով և իրականացնելու է կոնսերվացման ողջ գործընթացը: Մյուս տարի արդեն թանգարանի բյուջեն կլինի գրեթե այնքան, որքան ֆրանսիացիներինը: Չէ՞ որ երբ ամեն օր պեղումների վայրում ես տանտիրոջ կարգավիճակով, երբ նրանց հետ միասին գումարներ ես ներդնում, արդեն կարողանում ես նոր պայմաններ առաջ քաշել: Այնինչ, նախկին հետազոտություններն ամփոփող հոդվածների մեջ հայի ազգանվան անգամ դուք չեք հանդիպի: Երբ անընդհատ ասում ենք ֆրանսիացիները պեղումներ են անում Էրեբունի ամրոցում, նոր իրեր գտան և այլն, մենք նվաստացնում ենք ինքներս մեզ: Պիտի նշել հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը, որ նաև արժևորենք հայ գիտնականներին ու մեր թանգարանը:

-Պարոն Բադալյան, որպես ամփոփում ներկայացնենք, թե ուրարտագիտության բնագավառում ի՞նչ անելիքներ ունի թանգարանը:

-Նախ ասեմ՝ խոսք չի կարող գնալ այն մասին՝ ովքե՞ր են Ուրարտուի ժառանգները: Հայերի անմիջական ժառանգորդ լինելը պիտի ապացուցվի ոչ թե խոսքերով ու ՖԲ ստատուսներով, այլ գործերով: Բայց ցավալիորեն ուրարտական ժառանգության տերը նա է, ով ամենալավն է պահպանում, հանրահռչակում և ներկայացնում այն: Որքան էլ այսօր մեր ուրարտագիտությունը բարձր մակարդակի վրա է, մրցակցելու համար մեզ պետք են նաև միջոցներ: Օրինակ՝ Վանում ստեղծվել է թանգարան, որտեղ լինելու է աշխարհի ամենամեծ ուրարտական իրերի հավաքածուն: Թուրքերը նաև հրատարակում են գրքեր, ունեն շատ ուրարտագետներ: Ուստի ամեն ինչ պիտի անենք, որ մեր թանգարանն ընկալվի որպես տարածաշրջանի կարևորագույն ուրարտագիտական կենտրոն: Այս առումով վերջին պեղումները կարևոր խթան էին:

Մեզ համար շատ կարևոր էր աշխարհի ամենահեղինակավոր ուրարտագետներից մեկի՝ Միրյո Սալվինիի պատվին իրականացված միջոցառումն «Էրեբունի» թանգարանում, որին ներկա էին բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ Հայաստանից և արտերկրից:

Արժևորում եմ նաև դեկտեմբերին՝ Հնագիտության ինստիտուտի հետ համատեղ կազմակերպվելիք գիտաժողովը, որի շրջանակներում «Էրեբունիում» կհավաքվեն շատ հայտնի մասնագետներ:

Ընդհանրապես կարևոր են ստեղծված բոլոր այն միջազգային համագործակցություններն ու փոխադարձ այցելությունները, որոնց արդյունքում մարդիկ քեզ ընկալում են որպես լուրջ գործոն:

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: