Համալսարանական նյարդավիրաբույժները բարդ վիրահուտությամբ կանխել են կաթվածի ռիսկը
Տարեսկզբին հիվանդը շտապ օգնության մեքենայով գլխուղեղի կաթվածի կասկածով բերվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ և ախտորոշվել էր նշված զարկերակի անևրիզմայի պատռում և հեմոռագիկ ինսուլտ։ Նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանին և Լեռնիկ Գրիգորյանին հաջողվել էր կատարել պատռված անևրիզմայի ներանոթային օբլիտերացիա միկրոպարույրներով և փրկել հիվանդի կյանքը։ Ապա, ամիսներ շարունակ, պարբերական դինամիկ հսկմամբ հայտնաբերվեց, որ անևրիզման շարունակում է աճել և կա կրկնակի պատռման վտանգ։ Այդ կապակցությամբ որոշվեց կատարել անևրիզմայի վզիկի կլիպավորում նկարում ցույց տրված բաց վիրահատական մուտքով։Գրեթե հինգ ժամ տևած վիրահատության արդյունքում կլիպավորվեց անևրիզմայի վզիկը, և այն այլևս չի կարող դառնալ կաթվածի պատճառ։Հիվանդի վիճակը լավ է, նա շուտով կվերադառնա իր բնականոն կյանքին։
Անևրիզման զարկերակի պատի արտափքումն է, որը զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատում ձևավորվում է արյունով լցված փոքր պարկ:Ուղեղի անոթների անևրիզման բավականին տարածված հիվանդություն է: Այն կանանց մոտ հանդիպում է ավելի հաճախ։ Անևրիզմայի պատռումը գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի, տեսակներից մեկն է. պատռվելու դեպքում զարգանում է արյունազեղում գլխուղեղի շուրջ, ինչը անհետաձգելի բուժօգնություն պահանջող կյանքին սպառնացող վիճակ է:
Պատճառներն են՝ ծխելը, գերճնշումը, ժառանգականությունը. որոշ մարդիկ ծնվում են ուղեղի անոթների թուլացած պատով։