Հայերեն   English   Русский  

«Լոռու առողջապահություն» հիմնադրամին 1% պահումների մասով քրգործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով. ՀՔԱՎ


  
դիտումներ: 73

2018 թվականի հուլիսի 10-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել էր «Լոռու առողջապահություն» հիմնադրամին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ 2012-2018 թթ. գործունեության մասին: Հիմնադրամի ղեկավարությունը բավարարել էր գրասենյակի խնդրանքը միայն 2014-2017 թվականների ֆինանսական հաշվետվությունների մասով:

Հարկ է նշել, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին զուգահեռ, 2018-ի հունիսին մարզպետ նշանակված Անդրեյ Ղուկասյանը, որըմասնագիտությամբ բժիշկ է, հայտարարեց, որ ուսումնասիրելու է բոլոր հիմնադրամների, այդ թվում՝ «Լոռու առողջապահություն» հիմնադրամի գործունեության արդյունավետությունն ու նպատակահարմարությունը: Նա կասկածներ ուներ, որ տարիներ շարունակ Լոռու նախկին ՀՀԿ-ական մարզային իշխանությունների կողմից ստեղծված եւ ղեկավարված «Լոռու առողջապահություն» հիմնադրամի միջոցով հավաքագրված մեծ գումարները նպատակին չեն ծառայել: Հիշեցնենք՝ հիմնադրամի հիմնական ֆինանսական միջոցները գոյացել են առողջապահական ոլորտի աշխատակիցների այսպես կոչված՝ «կամավոր» հանգանակություններից:

2018 թվականի հուլիսի 19-ին Սպիտակի բժշկական կենտրոնի բժիշկ-նյարդաբան Ֆ. Մ.-ը հաղորդում է ներկայացնում ոստիկանություն: Բուժաշխատողը պնդում է, որ «Լոռու առողջապահություն» հիմնադրամին իրենց աշխատավարձերից ամեն ամիս 1 %-ի չափով գումարների փոխանցումը եղել է՝ առանց Սպիտակի բժշկական կենտրոնի մի շարք աշխատակիցների, այդ թվում եւ՝ իր գիտության կամ համաձայնության: Արդյունքում 2013-2018 թթ.-ին յուրացման եղանակով իրենից հափշտակվել է 163.030 դրամ: Դեպքի առիթով 2018-ի հուլիսի 30-ին Սպիտակի ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի հատկանիշներով ՝ (յուրացնելը կամ վատնելը […] նույն գործողությունը, որը կատարվել է՝ 1) պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

Հիմնադրամների գործունեության հետ կապված հայտարություններից հետո, բուժաշխատողներից շատերը սկսեցին խոստովանել, որ այդ վճարները եղել են պարտադրված: Իրենք չեն էլ պատկերացրել, որ կարող էին նաեւ չվճարել։

Մինչ իրավապահները քննում են սպիտակցի բուժաշխատողի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը՝ Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայից խտրականության հիմքով աշխատանքից ազատված Ա. Ս.-ը դիմում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակին՝ իրավական աջակցության խնդրանքով: Բուժքրոջ մտահոգության առարկան դարձյալ աղմկահարույց 1 % պահումներն էին: Ըստ Ա. Ս․-ի՝ 2013-2019 թթ. «Լոռու առողջապահություն» հիմնադրամին իր աշխատավարձից ուղղվել է ընդհանուր առմամբ 42.173 դրամ գումար անդամավճար: Վերոհիշյալ մտահոգության մասին Ա. Ս․-ը 2019 թվականի սեպտեմբերի 20-ին նամակով դիմել էր նաեւ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին՝ ցանկանալով մանրամասն տեղեկանալ՝ ինչ պատճառներով եւ իրավական ինչ հիմնավորմամբ են արվել այդ պահումները՝ պահանջելով նաեւ համապատասխան հիմնավորող փաստաթղթեր, եթե այդպիսիք կան: Պատասխան գրությամբ մարզի ղեկավարը քաղաքացուն տեղեկացրել էր, որ նյութեր են ուղարկվել են ՀՀ դատախազություն՝ հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս անդամակցության պարտադիր բնույթ կրելու հանգամանքները քննելու նպատակով:

Մարզպետն իր նամակում պարզաբանել էր նաեւ, որ 2013 թվականին ընդհանուր ժողովում Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի կոլեկտիվը, ենթադրվում է, որ այդ թվում նաեւ՝ Ա. Ս․-ը, ծանոթացել են նորաստեղծ հիմնադրամի գործունեությանը, իրենց ստորագրություններով վավերացված համապատասխան համաձայնագրերով հավանություն տվել սեփական աշխատավարձից 1 %-ի չափով կամավոր հիմունքներով անդամավճարներ վճարելուն:

2019 թվականի հոկտեմբերի 23-ին, դարձյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ, Ա. Ս․-ը նամակով դիմել էր Լոռու մարզի դատախազ Գարեգին Մանուկյանին՝ խնդրելով իր գրությունն ուղարկել վարույթն իրականացնող մարմնին՝ քրեական գործով իրեն տուժող ճանաչելու նպատակով, եթե իհարկե, «Լոռու առողջապահություն» հիմնադրամի վերաբերյալ նյութերի հիման վրա ՀՀ դատախազությունում հարուցվի քրեական գործ:

Իր՝ տուժող լինելը, Ա. Ս․-ը հիմնավորել էր հանգամանքով, որ 2013 թ. ապրիլից մինչեւ 2019 թվականի օգոստոսը, յուրաքանչյուր ամիս վերոնշյալ հիմնադրամին իր աշխատավարձի 1 %-ը փոխանցելու արդյունքում իրեն պատճառվել է գույքային վնաս՝ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի՝ (դատավարության մասնակից չհանդիսացող ցանկացած անձ, սույն օրենսգրքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, իրավունք ունի պահանջելու իրեն ճանաչել տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց օրինական ներկայացուցիչ կամ ներկայացուցիչ):

Մարզի դատախազից քաղաքացին խնդրել էր նաեւ տեղեկություններ այն մասին՝ արդյոք հարուցվել է քրեական գործ, թե՝ ոչ, եթե՝ այո, ապա ինչ հիմքով, ինչ ընթացքում է այն, կան կասկածյալներ կամ մեղադրյաներ, թե՝ ոչ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: