Հայերեն   English   Русский  

Լիանա Գյուրջյան. «Շնորհակալ եմ մարզիչներիս իմ հաղթանակների և հաջողությունների համար»


  
դիտումներ: 1521

Բուխարեստում կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական` Մ 20 և Մ 23 առաջնությունում հայ ծանրորդներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին, փայլուն և հաղթանակած ելույթներ ունեցան, ինչի շնորհիվ և, թիմային հաշվարկում մեր հավաքականն առաջին տեղը զբաղեցրեց:


Երիտասարդ ծանորդուհի, 81 կգ քաշային, 17-ամյա Լիանա Գյուրջյանը Մ 20 տարեկանների պայքարում նվաճեց բոլոր ոսկե մեդալները: Պոկում վարժությունում հայ մարզուհին բարձրացրեց 95 կգ, հրում վարժությունում՝ 120 կգ` երկամարտի 215 կիլոգրամով նվաճելով աշխարհամասի ուժեղագույն մարզուհու տիտղոսը:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով, գնահատում իր ելութը` խոսելով սպորտում հաջողության հասնելու իր գրավականի մասին:


-Շնորհավորում ենք հաղթանակած ելույթների կապակցությամբ. երկամարտի 215 կգ արդյունքով 81 կգ քաշային կարգում բոլոր 3 ոսկե մեդալները նվաճեցիք:
-Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Իսկապես ուրախ եմ, որ կարողացա հաջող ներկայանալ, իմ հնարավորությունները ցույց տալ և նվաճել ստուգատեսի ոսկե մեդալը:
Լավ նախապատրաստական շրջան էինք անցել հավաքականի մարզիկներով: Նպատակս էր` հաղթել: Աշխատեցի, արեցի ամեն բան: Ուրախ եմ, որ հաղթեցի և դարձա չեմպիոն: Սա ճանապարհի սկիզբն է, ինչից ոգևորովում եմ և թևեր առնում:


Լիանա Գյուրջյան 2019

-Ձեր մրցակիցներին ոչ մի հնարավորություն չտվեցիք. ծանո՞թ էիք նրանց:
- Բնական է, որ Եվրոպայի առաջնությանը տվյալ երկրի ուժեղագույն մարզիկներն են մասնակցում, որոնք բոլորն էլ գալիս են հաղթելու նպատակով: Ուրախ եմ, որ կարողացա շրջանցել բոլոր մրցակիցներիս: Հավատում էի, որ կկարողանամ բարձրացնել այն կիլոգրամները, որոնք արել էի մարզումների ընթացքում: Ինձ թեև լավագույն կողմերով դրսևորեցի, բայց բարձրացրածս կիլոգրամներից այնքան էլ գոհ չեմ. բավարարված եմ այնքանով, որ 6 մոտեցում աշխատեցի:


-Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը 11 մեդալով (7 ոսկե, 2 արծաթե, 2 բրոնզե) և առաջին տեղը զբաղեցրեց թիմային հաշվարկում. թիմակիցների հաջող ելույթերը ոգևորու՞մ են:
-Միանշանակ: Մենք միասին երկար ժամանակ ենք անցկացնում մարզումների ժամանակ, մեկս մյուսին աջակցում ենք, ոգևորում, նույնը նաև` մրցումների ժամանակ: Թիմակիցներիս ձեռքբերումներով ու հաջողություններով ոգևորվում եմ: Ողջ թիմի համար կարևոր է, որ լավ հանդես գանք, մեդալներ նվաճենք, բարձր պահենք երկրի պատիվը:


Լիանա Գյուրջյան 2019

Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Այս հաղթանակից հետո ավելի մեծ ոգևորությամբ եմ մարզվում, որ կարողանամ ձեռքբերումս պահել ու նոր հաջողություններ գրանցել:
Մանկուց զբաղվել եմ ծանրամարտով, մարզաձևն ինձ գրավել է, երազել եմ այս ասպարեզում նվաճումներ ունենալ: Դրա համար ամեն օր նվիրումով աշխատում եմ: Հաջողության հասնելու համար հարկավոր է կամքի ուժ, սեր գործի հանդեպ և հավատ: Հանձին անձնական մարզիչ Աշոտ Դանիելյանի` շնորհակալ եմ մարզիչներիս իմ հաղթանակների, հաջողությունների համար: Նրանք ինձ շատ են օգնում, մրցահարթակում լարվածությունը հաղթահարում եմ նրանց խորհուրդների շնորհիվ:
Շնորհակալ եմ ընկերներցս կողքիս լինելու, ինձ ուժ տալու համար: Անելու եմ ամեն բան բոլորի սպսելիքներն արդարացնելու և մարզական կենսագրությանս մեջ նոր հաղթանակած էջեր կերտելու համար:






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: