Հայերեն   English   Русский  

Չինական «զուգարանային հեղափոխությունը»


Նոյեմբերի 19-ը Զուգարանի համաշխարհային օրն է


  
դիտումներ: 436

Չինաստանը չորս տարում կարողացել Է զգալի առաջընթացի հասնել երկրում սանիտարական պայմանների բարելավման կամ այսպես կոչված «զուգարանային հեղափոխության» գործում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտարարել Է Զուգարանների համաշխարհային կազմակերպության տնօրեն և հիմնադիր Ջեկ Սիմը:

«Չինաստանի «զուգարանային հեղափոխության» առաջընթացը զբոսաշրջիկների համար չափազանց հաջողված Է: Զբոսաշրջությունը մնում Է շահույթի լավ աղբյուր, դա վերաբերում Է թե՛ ներքին, թե՛ օտարերկրացի զբոսաշրջիկներին, և մենք մեծ փոփոխություններ ենք տեսնում Չինաստանի քաղաքների տարբեր մակարդակներում, որտեղ զբոսաշրջիկների համար զուգարանները մաքուր են, և դա չինական «զուգարանային հեղափոխության» հիմնական փուլն Է»,- հայտարարել Է Սիմը Զուգարանների համաշխարհային օրվա առթիվ, որը նշում են նոյեմբերի 19-ին:

Նա պատմել է, որ կազմակերպությունն աշխույժ համագործակցում է Չինաստանի հետ և երկրում մի քանի ծրագրեր է իրականացնում, օրինակ՝ վերջին չորս տարում պիլոտային ծրագրի շրջանակներում 15 դպրոցական զուգարան է կառուցել Չինաստանի երկու շրջաններում:

«Մենք ուրախ ենք՝ լսելով Չինաստանի կառավարության հայտարարությունն այն մասին, որ առաջիկա երկու տարում հատուկ ուշադրություն է հատկացվելու դպրոցական զուգարանների նորացմանն ու վերակառուցմանը գյուղական վայրերում: Եվ դա դառնալու է չինական «զուգարանային հեղափոխության» հաջորդ փուլը»,- ասել է Սիմը:

Զուգարանների խնդիրը Չինաստանում հատկապես ցայտուն է եղել գյուղական վայրերում, սանհանգույցները մեծ մասամբ կավե կամ փայտե փլատակ ու գարշահոտ կառույցներ էին, ուր մարդիկ, հատկապես երեխաները վախենում էին մտնել: Այդ պատճառով մարդիկ հաճախ իրենց կարիքները հոգում էին որտեղ պատահեր: Դա տեղի էր ունենում նաև մեծ քաղաքներում, ինչը հանգեցնում էր լուրջ սանիտարական խնդիրների և տարբեր հիվանդությունների տարածման:

Երկրի իշխանությունները քանիցս փորձել են փոխել իրավիճակը, սակայն ջանքերը բավարար չէին: Դա զգացվում էր հատկապես ներքին զբոսաշրջության զարգացման պայմաններում, երբ ողջ երկիրը՝ ավելի քան 1 մլրդ բնակչությամբ, սկսեց ճամփորդել, մինչդեռ ամենատարրական պայմաններ զբոսաշրջիկների համար չկային:

2015 թվականին Չինաստանը համազգային «զուգարանային հեղափոխություն» հայտարարեց երկրում սոցիալական պայմանների բարելավման համար: Միայն 2015-2017 թթ. երկրի բյուջեից հատկացվեց ավելի քան 1,6 մլրդ յուան (մոտ 225 մլն դոլար) ողջ երկրի տուրիստական վայրերի 70 հազար զուգարանների կառուցման կամ վերանորոգման համար: Համաձայն Չինաստանի կառավարության պաշտոնական ծրագրի՝ 2018-2020 թթ. նախատեսվում է կառուցել կամ վերանորոգել ևս մոտ 64 հազար զուգարան զբոսաշրջիկների համար:

«Զուգարանային հեղափոխությունը» երկրում լուրջ են ընկալում, և բոլոր նախագծերն իրականացվում են որակով և սահմանված ժամկետում: Ընդ որում, մեծ հակադրություն է նկատվում այն շրջանների, ուր «հեղափոխությունը» դեռևս չի հասել, և այն շրջանների միջև, որտեղ այն իրականացվում է մեծ թափով: Որոշ զուգարաններում նույնիսկ հեռախոսների լիցքավորման սարքեր են դնում, ուրիշ զուգարաններում էլ՝ անվճար Wi-Fi: Մշակույթի և տուրիզմի նախարարությունն անգամ զուգարանների վարկանիշ է կազմում և աստղեր շնորհում՝ ըստ դրանց պայմանների:

Անցած տարվա մարտին ՉԺՀ տուրիզմի գործերի պետական վարչությունն առցանց Amap նավիգացիոն փրովայդերի հետ համատեղ թողարկեց մոտակա զուգարանի որոնման հատուկ հավելված զբոսաշրջիկների համար, ինչը շատ արագ մեծ տարածում գտավ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: