Հայերեն   English   Русский  

ԱՊՀ ԱԽ քարտուղարները կքննարկեն ներքին գործերին ամերիկյան միջամտությունը


  
դիտումներ: 90

Այսօր Մոսկվայում ամենամյա հանդիպման ժամանակ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն ինքնիշխանության պետությունների ներքին գործերին ամերիկյան միջամտությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օրակարգում ներառված են ԱՊՀ տարածքում տարածաշրջանային անվտանգության ակտուալ հարցեր, ինչպես նաեւ անվտանգության խորհուրդների գծով միջազգային համագործակցության հարցերը: «Նիստի ընթացքում ծրագրվում է քննարկել թեմաներ, որոնք վերաբերում են գլոբալ անվտանգությանն ու ռազմավարական կայունությանը: Մասնավորապես, ենթադրվում է քննարկել միջին եւ փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրսբերման հետեւանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Հանդիպման մասնակիցները կվերլուծեն նաեւ արտասահմանցի ահաբեկիչ-գրոհայինների կողմից սպառնալիքները, ԱՊՀ պետությունների տարածք նրանց ներթափանցման կանխման միջոցները, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքում քիմիական եւ կենսաբանական անվտանգության հարցերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Բացելով նիստը՝ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը նշել է, որ հանդիպման մասնակիցները կմշակեն առկա խնդիրների լուծման համատեղ մոտեցումներ: Նա նաեւ ասել է, որ 2018 թվականին տեղի ունեցած հանդիպման ընթացքում մշակված միջոցները թույլ են տվել զգալի ազդակ հաղորդել ահաբեկչական կազմակերպությունների մասին վերլուծական տեղեկատվության փոխանակման կազմակերպման աշխատանքներին: Բացի այդ, դրական զարգացում է ստացել ԱՊՀ երկրների ռազմատեխնիկական համագործակցությունն ու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործողությունների կանխման հարցով համատեղ միջոցառումների մշակումը:

Մոսկվայում ամենամյա հանդիպմանը մասնակցում են Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովը, Բելառուսի ԱԽ պետքարտուղար Ստանիսլավ Զասը, Ղազախստանի ԱԽ քարտուղար, նախագահի օգնական Կալմուհանբեթ Քասիմովը, Ղրղզստանի ԱԽ քարտուղար Դամիր Սագինբաեւը, Մոլդավիայի պաշտպանության նախարար եւ ԱԽ քարտուղար Վիկտոր Գայչուկը, Տաջիկստանի ԱԽ քարտուղար Մահմադալի Վատանզոդան եւ Ուզբեկստանի ԱԽ քարտուղար Վիկտոր Մահմուդովը: Բացի այդ, նիստին հրավիրված են Սերբիայի ներքին գործերի նախարար, կառավարության ղեկավարի տեղակալ Նեբոյշա Ստեֆանովիչն ու Աֆղանստանի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Համդուլլահ Մոհիբը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: