Հայերեն   English   Русский  

Պատմության թանգարան՝ պսակը մեր մշակութային ժառանգության...


  
դիտումներ: 1879

«Դեպի թանգարան» խորագրի շրջանակներում այս անգամ զրուցել ենք Հայաստանի պատմության թանգարանի հնագիտության բաժնի գիտաշխատող Արմինե Զոհրաբյանի հետ:

Արմինե Զոհրաբյան

-Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարանից մինչև Հայաստանի պատմության հարյուրամյա թանգարան: Ի՞նչ առանցքային իրադարձություններով է զարգացել թանգարանի պատմությունը:

-Թանգարանը ծնունդ է առել 1919-ի դժվարին ժամանակներում, ինչը, սակայն, չի խանգարել, որ Հայաստանի առաջին հանրապետությունում ստեղծվեն նման մշակութային օջախներ: Հենց առաջին երկու-երեք տասնամյակներում թանգարանը աննախադեպ հարստացել է Հայաստան տեղափոխված տարբեր հավաքածուների շնորհիվ: Երվանդ Լալայանը Հայոց ազգագրական ընկերության թանգարանի նյութերը Թիֆլիսից բերել է մեր թանգարան, Լազարյան ճեմարանից, Էջմիածնի թանգարանից ենք ստացել մեծ հավաքածուներ և այլն: Մինչև 1930-ական թթ վերջերը թանգարանն արդեն բավական համալրված էր: Դրանից հետո սկսվեցին աշխույժ հնագիտական պեղումներ, որոնք առ այսօր նպաստում են թանգարանի ցուցանմուշների չընդհատվող համալրմանը: Դրանք ավելանում են նաև նվիրատվությունների շնորհիվ, որոնց ամենամեծ քանակն ունեցել ենք 1960-1980-ական թթ:

Պատմության թանգարան

-Տիկին Զոհրաբյան, ո՞րն է Հայաստանի պատմության հարյուրամյա թանգարանի մեծագույն առաքելությունը:

-Թանգարանի առաքելությունը մեր պատմական հիշողությունն ու մշակութային արժեքները պահպանելն ու հաջորդ սերունդներին փոխանցելն է կրթելու և դաստիարակելու ճանապարհով: Եվ երկրորդ, կարևոր է այս ամենը նաև օտարին ներկայացնելու փաստը, որովհետև եթե նրանք քեզ բավարար չափով չեն ճանաչում, շատ խնդիրներ իրենց լուծումը չեն ստանա: Ինքս ամեն ինչ զբոսաշրջության զարգացմանը ծառայեցնելու ջատագովներից չեմ, բայց պիտի կարողանանք արժանավայել ներկայանալ աշխարհին: Չեմ ընդունում նաև, որ վերջին շրջանում միտում կա թանգարաններն ավելի շատ որպես զվարճանքի, ժամանցի վայր դիտարկելը: Թանգարանի առաքելությունը եղել է ու պիտի մնա ցուցադրումը, ուսումնասիրումը, պահպանումն ու հանրահռչակումը:

-Թանգարանի ցուցանմուշներն ի՞նչ սկզբունքներով են ներկայացված: Ինչպիսի՞ հավաքածուներ ունի թանգարանը, ինչպե՞ս են խնամվում 400.000-ի հասնող ցուցանմուշները, և արդյոք տարածքը բավարար է եղած ցուցանմուշների պահպանման ու ցուցադրման համար:

-Ներկայիս մշտական ցուցադրությունը կազմակերպել ենք ընդամենը 9-10 տարի առաջ, ինչը թանգարանային չափանիշերով նոր բացված ցուցադրություն է: Լինսի հիմնադրամի միջոցներով վերանորոգման ընթացքում սրահները փակ էին: Ամբողջական վերանորոգումից հետո հատվածաբար սկսել ենք բացել մշտական ցուցադրության տարբեր բաժինները: Պատմության թանգարանի երեք հարկերում ներկայացնել ցուցանմուշների այս հսկա քանակությունը շատ բարդ գործ է՝ ի տարբերություն այլ թանգարանների: Այնպես որ, էական և մեծ փոփոխություններ մշտական ցուցադրությունում դեռևս չեն նախատեսվում:

Պատմության թանգարան

Որպես Պատմության թանգարան՝ բնական է՝ ամեն ինչ պիտի ներկայցվեր ժամանակագրական կարգով: Ունենք հնագիտական հավաքածուներ, ազգագրական, դրամագիտական, նոր և նորագույն պատմության շրջանին վերաբերող փաստաթղթեր, լուսանկարներ, հայ գործիչների անձնական իրեր և այլն: Ինչ վերաբերում է տարածքին, աշխարհի ոչ մի թանգարան իր տարածքից գոհ չէ: Անխոս, մենք մի քանի անգամ ավելի մեծ տարածքի, ավելի զարգացած սարքավորումներով հագեցած լաբորատորիաների կարիք ունենք, բայց մեր հնարավորությունների սահմաններում անում ենք ամեն բան ունեցածը պահպանելու և ներկայացնելու համար: Ունենք շատ լավ վերականգնողական բաժին, որը պարբերաբար հետևում է նմուշներին՝ թույլ չտալով փչանալ: Սա անընդհատական աշխատանք է, որին կցված են նաև առարկաների անմիջական պահպանողներ ֆոնդապահները, ցուցանմուշների պահապանները, գիտաշխատողները: Ուստի մեզ անհրաժեշտ է նախ մեր հասարակության շրջանում ձևավորել ճիշտ պատկերացում թանգարան հասկացության վերաբերյալ: Մարդիկ պիտի գիտակցեն՝ թանգարանն իրենց հարստությունն է, ոչ թե միայն թանգարանում աշխատողինը, որը ենթադրում է նաև համապատասխան վերաբերմունք սեփական մշակույթի և մշակութային ժառանգության նկատմամբ:

-Ընդհանրապես որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ այցելուին՝ Պատմության թանգարանում շրջելու համար:

Պատմության թանգարան

-Դա շատ անհատական է: Մարդիկ կան, որ ժամերով կարող են մնալ ներսում, բայց կան այնպիսի այցելուներ, որ մտնում ու դուրս են գալիս: Հետաքրքվածությունն ու ժամանակահատվածը կախված են այցելուի ինտելեկտուալ մակարդակից: Եթե նա ունի համապատասխան գիտելիքներ, այս ամենն ավելի հեշտ կլինի յուրացնել: Յուրահատուկ է աշխատանքը նաև օտարերկրյա զբոսաշրջիկների հետ, որոնք ունեն նախօրոք պլանավորած խիստ սահմանափակ ժամանակահատվածով երթուղիներ: Հետևաբար գիդերն էլ ստիպված են լինում կրճատել ինֆորմացիան, ինչը շատ քիչ է մեր հարստություններին ծանոթացնելու համար: Բայց նշեմ՝ ժամուկեսից հետո մարդիկ արդեն դժվար են ընկալում հաղորդածը, ուստի աշխատում ենք չգերազանցել այդ սահմանը, եթե, իհարկե, այցելուն ինքը լրացուցիչ հարցերի միջոցով չի ցանկանում ավելի մանրամասն տեղեկություն քաղել:

-Այդ առումով աշակերտների հետ կապված կա՞ն որոշակի առանձնահատկություններ:

-Աշակերտներին հատկացնում ենք առավելագույնը մեկ ժամ: Ամեն մի սրահում կան որոշակի առարկաներ, որոնց վրա էլ հենց կենտրոնացնում ենք նրանց ուշադրությունը՝ այս կամ այն պատմական դարաշրջանի մասին պատկերացում կազմելու համար: Իսկ այն իրերը, որոնց մասին աշակերտն անգամ պատկերացում չունի, որքան էլ պատմես ու ներկայացնես, չի յուրացնի:

-Պատմության թանգարանն ունի՞ Կրթական ծրագրեր:

-Հատուկ ծրագիր՝ դեռևս ոչ: Դա մեզ համար ապագայի խնդիր է: Այժմ համաշխարհային և տեղական փորձի ուսումնասիրություն ենք կատարում՝ հասկանալու համար՝ մեր թանգարանում երեխաներին ինչն առավել կհետաքրքրի, ինչի վրա դնել շեշտը՝ պատմությա՞ն, առարկայի՞, թե՞ այլ իրողության: Սակայն պատմության թանգարանը մի շարք բուհերի, կրթական համալիրների, զբոսավարներ պատրաստող կազմակերպությունների հետ անց է կացնում հատուկ դասընթացներ, պրակտիկ աշխատանքներ, որոնք ընթանում են նույն կրթական ծրագրերի շրջանակներում:

-Թանգարանն այսօր նաև բավական ակտիվ հրատարակչական գործունեություն է ծավալում...

-Թանգարանն ունի գիտխորհուրդ, որն էլ հենց ուղղորդում է այդ աշխատանքները: Հաշվի առնելով, որ թանգարան այցելելով՝ մարդը ցանկանում է մեր հավաքածուներին ու ցուցանմուշներին վերաբերող ինչ-որ հիշատակ տանել իր հետ, որոշ բացառություններով տպագրում ենք գրքեր այն ամենի մասին, ինչ պահվում է մեր արխիվներում, ֆոնդերում և ցուցադրությունում: Նշեմ, որ ոչ միայն մեր թանգարանն է հրատարակում տարբեր գրքեր, այլև հանրապետության այլ մասնագետներն էլ են անդրադառնում մշակույթի պատմությանը, հնագիտությանը և այլն, որտեղ կրկին օգտվում են թանգարանի նյութերից: Չկա մշակույթին նվիրված որևէ ուսումնասիրություն, որտեղ թանգարանի ցուցանմուշներն օգտագործված չլինեն:

-Մեր երկրում տեղի ունեցող ամենատարբեր իրադարձություններին վերաբերող նյութերն ի՞նչ սկզբունքներով են դառնում թանգարանի մշտական ցուցադրության նյութ:

Պատմության թանգարան

-Մեր հավաքչական գործունեությունն անընդհատական ընթացք է, սակայն հավաքված իրերի արժևորման համար ժամանակ է անհրաժեշտ: Բայց քանի որ թանգարանն ունենում է նաև ժամանակավոր թեմատիկ ցուցահանդեսներ, շատ նյութեր հենց այդտեղ էլ ցուցադրում ենք: Օրինակ՝ 1988-ի միտինգների վերաբերյալ կարող ենք կազմակերպել առանձին թեմատիկ ցուցահանդես: Թանգարանը ունեցել է նաև վերջին երեսուն տարիների հետ առնչվող վավերագիր լուսանկարների ցուցահանդեսներ, որտեղ ներկայացվել են Վռամ Հակոբյանի, Զավեն Խաչիկյանի գործերը:

Նյութեր հավաքելու ընթացքը շատ կարևոր է պահպանելու և հաջորդ սերունդներին հանձնելու առումով: Այսօր մենք ցուցադրելու ոչինչ չէինք ունենա, եթե նախորդները ժամանակին հետևողական չլինեին այս հարցում: Արդյունքում Պատմության թանգարանում կտեսնեք հինքարեդարյան ձեռքի հատիչներներից մինչև անկախության շրջանի նյութեր: Գուցե որևէ ցուցանմուշ այս պահին առանձնապես արժեքավոր չթվա, բայց թանգարանը միշտ մի քանի քայլ առաջ է նայում և հասկանում՝ տվյալ առարկան տարիներ անց կդառնա ռեալ թանգարանային նմուշ:

-Պատմության թանգարանն ունենում է ոչ միայն մշտական և ժամանակավոր, այլև միջազգային ցուցադրություններ: Ինչպե՞ս են կազմակերպվում դրանք:

-Դա հաճախ կախված է օտարերկրյա թանգարանի նախասիրություններից: Իհարկե, տեղում ցուցանմուշների ներկայացման մեր տարբերակներն ենք առաջարկում, որովհետև, այնուամենայնիվ, նրանք միշտ չէ, որ քաջատեղյակ են մեր մշակութային հարստություններին: Համագործակցության արդյունքում ունենում ենք պրոֆեսիոնալ կազմակերպված միջազգային ցուցադրություններ: Դրսում թանգարանը հիմնականում ներկայացնում է հայկական մշակույթը հնուց մինչև 20-րդ դարի սկիզբը: Մասնակցում ենք նաև օտարերկրյա թանգարաններում կազմակերպված թեմատիկ ցուցահանդեսներին: Նման նախաձեռնությունների շնորհիվ տվյալ երկրի նեղ մասնագետների ու բնակչության շրջանում առաջանում են հետաքրքրություններ, որոնք հետագայում նրանց բերում են Պատմության թանգարան: Ի վերջո, այնպես, ինչպես, օրինակ՝ «Մետաքսի ճանապարհը» կամ հելլենիստական աշխարհն է ներկայացված մեր թանգարանում, ուրիշ ոչ մի տեղ չեք հանդիպի: Վերջին տասնամյակներին դրսի աշխարհի տեղեկացվածության մակարդակը մեր թանգարանի առումով բարձրացել է:

-Որքանո՞վ է թանգարանը հարմարեցված ֆիզիկական խնդիրներ ունեցող անձանց:

-Դա մեզ համար շատ լուրջ հարց էր, որովհետև շենքը 20-րդ դարի սկզբի կառույց է և նախատեսված չէր նման խնդիրներ լուծելու համար: Անգամ հիմնանորոգման ժամանակ այդ հարցը չլուծվեց: Ուստի այսօր մեր ամենակարևոր նվաճումներից մեկը թանգարանի ղեկավարության շնորհիվ վերջին տարում վերելակ ունենալն ու հատուկ հարթակների պատրաստումն էր: Արդյունքում գրեթե ամեն շաբաթ մեզ այցելում են հենաշարժողական խնդիրներ ունեցող մարդիկ, ինչն ուղղակի երջանկություն է:

-Թանգարանի մուտքի տոմսը որոշակիորեն թանկ է մյուս թանգարանների համեմատ: Դա չի՞ խանգարում այցելուների թվին:

-Պետք չէ համեմատել, որովհետև մյուս թանգարաններում ցուցանմուշների այսպիսի հսկայական քանակություն չի ներկայացվում: Երկրորդ, մեր թանգարանն ամենաայցելվողներից է, ուստի պատասխանը պարզ է: Նաև մշակել ենք այնպիսի ճկուն համակարգ, որը մեր քաղաքացիներին առանց մտահոգվելու այցելելու հնարավորություն է տալիս: Աշակերտների համար տոմսի գումարը 300 դրամ է, ուսուցչի մուտքն ազատ է, յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը բոլոր քաղաքացիների համար է մուտքն ազատ և այլն:

-Ի՞նչ խնդիրներ ու ձեռքբերումներ ունի թանգարանը:

-Մեր հոգսերը պայմանավորված են թանգարանն ավելի բարեկարգ, տեխնիկապես ավելի հարուստ դարձնելու, կրթական ծրագրեր ունենալու մտահոգություններով, որոնք մշտապես բախվում են նյութական խնդիրների: Բայց ամեն ինչ անում ենք, որ մեր խնայողությունների սահմաններում կարողանանք լուծել դրանք: Թանգարանը միջազգային չափանիշերին համապատասխան պահելը նման պայմաններում պարզապես ուժերի գերլարում է պահանջում: Հուսադրող են մեր հյուրերի խոստովանությունները, որ նման թանգարան, հատկապես այս տարածաշրջանում, չեն հանդիպել: Մեր՝ օրեցօր առավել քննադատող, բացասականի վրա կենտրոնացող հասարակությունը պիտի հասկանա՝ այստեղ առավոտից երեկո աշխատում են չնչին աշխատավարձ ստացող մարդիկ, որոնցից յուրաքանչյուրին վստահված են միլիոնների հասնող արժեքներ: Թանգարանի աշխատողներն աննկարագրելի նվիրյալներ են՝ անկախ նրանից՝ դա բարձրաձայնվում է, թե ոչ: Շատ կցանկանամ՝ մեր մեջ նորից արթնանան լավը տեսնելու, զարմանալու, սեփականը ռեալ գնահատելու հատկանիշերը:

Մեր մեծագույն ձեռքբերումը թանգարանի ներկայիս մշտական ցուցադրությունն է, որն իսկապես հեշտ չէր և հեշտ չէ կազմակերպել: Մյուս կարևոր ձեռքբերումը վերջին տարիների հրատարակչական գործունեությունն է: Միջազգային ցուցահանդեսները ևս մեր ձեռքբերումներից են: Այսօր Պատմության թանգարանը Մատենադարանի հետ միասին միջազգային ցուցահանդեսների երկու առաջատարներն են, ինչը հեշտ աշխատանք չէ:

-Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս կամփոփեք զրույցը:

-Պատմության թանգարանն այն բացառիկ օջախն է, որտեղ մտնողը կարող է ամենաամբողջական կարծիք կազմել հայ ժողովրդի անցած ուղու, Հայկական լեռնաշխարհում գոյություն ունեցած քաղաքակրթությունների, մշակույթի, արվեստի, լեզվի ու գրքի մասին: Թանգարանը պսակն է այս ամենի: Ուստի կցանկանայի, որ Պատմության թանգարանն, ի վերջո, դասվի այն արժեքների շարքը, որոնցով այսօր ընկալում են Հայաստանը...

Արփի Խաչատրյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: