Հայերեն   English   Русский  

Ավարտվել է Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը


  
դիտումներ: 120

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ավարտվել է 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 30-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ և վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել է նաև 2018թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջիններս պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959թ., ստացած վնասվածքներից մահացել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 60-ամյա տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը 18.11.2019թ. կայացված որոշմամբ փոփոխվել և վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 117-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: