Հայերեն   English   Русский  

Դատախազության առջև Մարինա Պողոսյանի կողմից արված հայտարարությունների մասին տեսագրությունը և ԶԼՄ հրապարակումը ուղարկվել են ՀՀ ԱԱԾ


  
դիտումներ: 147

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իրեն իրավապաշտպան համարող Մարինա Պողոսյանն այսօր հերթական էժանագին ինքնաներկայացման սեանսն է անցկացրել ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ հերթական անգամ հանդես գալով անհեթեթ հայտարարություններով, որտեղ, իրեն թույլ է տվել ՀՀ գլխավոր դատախազի հասցեին պրոֆեսիոնալին, առավելևս իրավապաշտպանին անհարիր, անպարկեշտ արտահայտություններ:

Նման ժարգոնախառը ինքնադրսևորումը տվյալ անձի պարագայում բացարձակ օրինաչափ երևույթ լինելու պատճառով մեր կողմից հարկ չի համարվել և համարվում դրանց արձագանքելը, թեև մշտապես ակնկալել ենք, որ որպես իրավապաշտպան հանդես եկող անձը, գոնե ինքը դրանց ներքո ՀՀ գլխավոր դատախազին վերագրվող հայտարարությունների կապակցությամբ կդիմեր իրավապահ մարմիններին:

Սակայն հաշվի առնելով, որ վերջինս, ցավալիորեն, կամ չի տիրապետում հանցագործության մասին հաղորդում տալու ընթացակարգերին, կամ համապատասխան մարմիններին դիմելու փոխարեն նախընտրում է նման աղաղակումներով փողոցում իր համար փոքրիկ շոուներ կազմակերպելը, ՀՀ դատախազությունն ինքն է նախաձեռնություն ցուցաբերում:

Մասնավորապես, այսօր դատախազության առջև նրա կողմից արված հայտարարությունների մասին տեսագրությունը և ԶԼՄ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով:

Հուսանք՝ նաև կպարզվի, թե ովքեր են հանդես գալիս խորհրդատուների կամ մարիոնետավարների դերում»:

Նշենք, որ իրավապաշտպան Մարինա Պողոսյանն այսօր իր կողմնակիցների հետ բողոքի ակցիա է անցկացրել գլխավոր դատախազության առաջ՝ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով՝ նրան անվանելով նախկին իշխանությունների «ծառա»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: