Հայերեն   English   Русский  

ՀՖՖ-ն դատապարտում է վարչապետի խորհրդականի հայտարարությունը


  
դիտումներ: 287

ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն անհեթեթ եւ անթույլատրելի հայտարարություն է արել Հենրիխ Մխիթարյանի մասին: Ֆեդերացիան չի կիսում նրա կարծիքը: ՀՖՖ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց Արթուր Վանեցյանը:

Նոյեմբերի 21-ին ՀՖՖ արտահերթ նիստից հետո Արթուր Վանեցյանը մի քանի ժամ դրսում սպասող լրագրողներին նախ հայտարարեց իր և գործկոմի հրաժարականի մասին, ապա հեռանալիս հետ դարձավ և խոսեց Հենրիխ Մխիթարյանի՝ ավագի թևկապից զրկելու Մեսրոպ Առաքելյանի առաջարկի մասին:

«Այսօր ֆեդերացիայի անկախ կոմիտեների նախգահներից մեկը՝ Մեսրոպ Առաքելյանն արել է մի անհեթեթ ու անթույլատրելի հայտարարություն՝ ասելով, Հեներիխ Մխիթարյանի թեւից պետք է հանենք ավագի թեւկապը: Ուզում եմ հայտարարել, որ դա բացառապես այդ անձի անձնական կարծիքն է: Ֆեդերացիան չի կիսում, ավելին՝ դատապարտում է նման հայտարարությունը: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ես կասեի միակը: Նա Հայաստանի դեսպանն է ամբողջ աշխարհում: Ազգային հավաքականում իր նվիրված խաղով նա ապացուցել է, որ արժանի կրում է թիմի ավագի դերը եւ կրելու այդ թեւկապը»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ՀՖՖ գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ գործկոմի անունից հավելեց, որ Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը նրա անձնական կարծիքն է:

«Ֆեդերացիան չի կիսում այդ կարծիքը եւ չի կարող կիսել: Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է: Բոլորս խոնարհվում ենք նրա առաջ»,- նշեց Արեն Մկրտչյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: