Հայերեն   English   Русский  

Թումանյանի մասին պատմող մուլտիպլիկացիոն կինոնկար՝ փոքրիկների համար


  
դիտումներ: 319

Թումանյանը մեզ ուղեկցում է ողջ կյանքում, վաղ մանկությունից սկսած:

Կա արդյո՞ք մի մանկիկ, որ այդ տարիքում չարտասանի «Փիսիկի գանգատը», «Պոչատ աղվեսը», երբ մեծանում ենք Թումանյանը կրկին մեզ հետ է, ծերանում ենք, գնում աշխարհից` շշնջալով նրա իմաստուն քառյակները...

Ինչպես գիտենք տարին թումանյանական էր: 2019-ի ամբողջ ընթացքում հրատարակվեցին և ընթերցասերների դատին հանձնվեցին Ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու գործունեությանն առնչվող գրքեր:

Երեխաների համար Հովհաննես Թումանյանի կերպարն ամբողջացնելու, նրա անցած կյանքն ավելի մատչելի ներկայացնելու նպատակով Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ ստեղծվել է գրողի մասին պատմող մուլտիպլիկացիոն կինոնկար:

Փոքրիկներն այն դիտելու հնարավորություն ունեցան նոյեմբերի 21-ին մեծ գրողի թանգարանում: «Որպեսզի Հովհաննես Թումանյանի կյանքը երեխաներին բարդ չթվա, որոշեցինք մուլտֆիլմի միջոցով ներկայացնել մեծ գրողին: Մեր հիմնական նպատակը մատաղ սերնդին Թումանյանին ավելի մոտ դարձնելն է»,-ասաց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Նա տեղեկացրեց, որ գաղափարի հեղինակը թանգարանի նախկին տնօրեն Նարինե Խաչատուրյանն է, իսկ մուլտֆիլմը կյանքի է կոչել Interactive world երիտասարդ անիմատորների խումբը:

Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին մուլտիպլիկացիոն կինոնկարը, որում նրանց հասանելի լեզվով ներկայացվում են գրողի հետ կապված ինչպես լուրջ, այնպես էլ զավեշտալի դեպքերը: Գրողի 150-ամյակի կապակցությամբ ստեղծված մուլտֆիլմը շուտով կլինի նաև արևմտահայերենով և անգլերենով:

Ո՞րն է Թումանյանի ստեղծագործության հմայքը, ուժը, էությունը, որ ստեղծման օրից աստղի լույսի պես գալիս հասնում է մեզ և գնալու է մեզնից հետո: Իսկ պատասխանը մեկն է. Թումանյանը ծնվեց ժողովրդից և գնաց դեպի ժողովուրդը: Նա ազգային նյութի մեջ դրեց համամարդկային բովանդակություն: Հովհ. Թումանյանի համար իսկական ուսուցիչներ դարձան հայրենի բնությունը, հայրենի հողը և ինքը` հայ ժողովուրդը:

Նա ժողովրդի հետ է քայլել իր ամբողջ կյանքում: Նա ժողովրդի համար է ապրել , ստեղծագործել, կերտել իր անմահ երկերը: Թումանյանը մեզ հետ ընթանում է որպես մեր ժամանակակիցը, որպես իմաստուն խորհրդատու:

Ամենայն հայոց բանաստեղծի գրական ժառանգությունն իր գեղարվեստական արժանիքներով մշտապես արդիական և հոգեհարազատ է: Հարկ է նշել նաև մանկական գրականության հանդեպ Թումանյանի բուռն հետաքրքրությունը: Հովհ. Թումանյանի մանկական բանաստեղծություններն աչքի են ընկնում պատկերավորությամբ, պարզությամբ ու մատչելիությամբ, համակված են մարդասիրական ոգով, բնապաշտությամբ, մանուկ ընթերցողին ներշնչում են դառնալ բնության մի մասնիկը, ոչ միայն սիրել, այլև արմատներով կապվել հայրենի եզերքին: Այդ բանաստեղծություններով տասնյակ սերունդներ են դաստիարակվել, և որոնք իրենց ճանաչողական ու դաստիարակչական նշանակությամբ արդիական են նաև մեր օրերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: