Հայերեն   English   Русский  

«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հայտարարությունը


  
դիտումներ: 1704

Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը:

Ակումբի անդամներից բացի, հրավիրված էին արտախորհրդարանական քաղաքական ուժերի, փորձագիտական շրջանակների, քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։

Օրակարգում հանրային հնչեղության հարցեր էին․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

Հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

Դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական–ժողովրդավարական պետության սկզբունքներին (ինչպե՞ս թույլ չտալ):

Գնահատելով համաժողովում հնչած ելույթների որակն ու արդիականությունը՝ ակումբը արձանագրում է․

Ստանալով հիմնարար բարեփոխումներ անելու հանրային լայն աջակցություն՝ գործող իշխանությունն ընթացել և ընթանում է այդ ռեսուրսի մսխման, անպտուղ պոպուլիզմի, տված խոստումներին հակասող ճանապարհով։ Արդյունքում նվազել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակը, պետական կառավարման համակարգը արդյունավետ չէ, չեն գործում զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, առկա է անձնիշխանության իրական վտանգ:

Մեկնելով այս հաստատումներից՝ «Վերնատուն»-ն առաջադրում է հետևյալ քայլերն ու պահանջները․

Արցախ

1.ԼՂ հակամարտության կարգավորման հիմքը արցախահայության ինքնորոշման իրավունքն է։ Պաշտոնական Երևանը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ հայտարարություն հնչեցնել, ինչպես նաև պետք է զերծ մնա իրարամերժ տեսակետներ հայտնելուց։ Բացառել հակամարտության կարգավորման որևէ փաստաթղթի կամ տարբերակի նույնիսկ քննարկում, որը չի ամրագրում Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։

2.Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև համայն հայության առաջնահերթ խնդիրն է։

3.ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններ վերադարձնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգը։

4.Անթույլատրելի է Արցախի ներքաղաքական գործընթացներին, առաջիկա համապետական ընտրություններին միջամտելու ցանկացած փորձ։

Հանրային մթնոլորտ

1.Դադարեցնել իշխանության ամենաբարձր մակարդակով խրախուսվող ատելության քարոզը։

2.Վերջ տալ հանրությունը, քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցներին հեղափոխականների ու հակահեղափոխականների, մերոնք–ձերոնքի բաժանելու հռետորաբանությանը և գործելաոճին։

3.Դատապարտել ազգային–պետական արժեհամակարգի (հայոց լեզու, պատմություն, եկեղեցի, մշակույթ, ռազմահայրենասիրական դաստիարակություն) վարկաբեկման փորձերը։

Դատաիրավական համակարգ

1.Հրաժարվել Սահմանադրական դատարանը, դատական իշխանությունն ամեն գնով գործադիր իշխանությանը ենթարկեցնելու սևեռումից։ ՍԴ դատավորներին «օրենքի ուժով» կենսաթոշակի ուղարկելու փորձը անընդունելի է։

2.Հրաժարվել սեփականության վերաբաշխման, վախի ու շանտաժի մթնոլորտ հաստատելու բացահայտ ու քողարկված նպատակներից․ անցումային արդարադատությունը և առանց մեղադրական եզրակացության գույքի բռնագանձման օրինագիծը հակասում են իրավական պետության և ժողովրդավարության սկզբունքներին։

3.«Մարտի 1»–ի գործը չծառայեցնել քաղաքական նպատակադրումների, փոխել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։

Մենք համախմբման, համերաշխության և հանդուրժողականության կողմնակից ենք։ Վստահ ենք, որ հանրությունը, քաղաքական ուժերը (նաև՝ խորհրդարանական), հասարակական կազմակերպությունները, քաղաքականապես ակտիվ ու գիտակից անհատներըստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ուղիներ կփնտրեն, ջանքեր կգործադրեն։ Չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու արածի ու չարածի համար։

«Վերնատուն»-ը շարունակելու է մնալ հասարակական–քաղաքական հարթակ՝ նպատակ ունենալով ձևավորել քննարկումների առողջ միջավայր։ Ընդլայնվող ու զարգացող ակումբը առաջնորդվելու է նշյալ և այլ խնդիրները հետևողականորեն լուծելու սկզբունքով։

Մենք երկրում թշնամիներ չունենք, բայց և վճռական ենք ազգային–պետական նպատակների իրագործման, մեր քաղաքացիներին արժանապատիվ կյանք երաշխավորելու, նոր որակի ժամանակակից պետություն կառուցելու հարցում։

22 նոյեմբերի, 2019 թ

Երևան






Մեկնաբանություններ - 1

agob     23.11.2019 artyok ays jer bahanjnerun nor HISUS ? inj bidi badashane ? aha hazaravor martik bidi kan hayastan nor HISUS ? desnelu iskabes achhari vra aysbisi helakar laqod m koyutyun jr ygaj
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: