Հայերեն   English   Русский  

​Արման Բաբաջանյանի նախաձեռնությունը բուռն հակազդեցություն է առաջացրել Հանրային խորհրդում


  
դիտումներ: 1253

Ս.թ. նոյեմբերի 12-ին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ լրացում կատարելու «Հանրային խորհրդի մասին» ՀՀ օրենքում:

Օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն:

Արման Բաբաջանյանն առաջարկում է ՀԽ անդամի լիազորությունների դադարեցման հիմքերում ավելացնել ևս կետ, ըստ որի քաղաքական չեզոքություն չպահպանելու դեպքում ՀԽ անդամի լիազորությունները դադարեցվում են։

Հիշեցնենք, որ Բաբաջանյանը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես էր եկել այն ժամանակ, երբ Վազգեն Մանուկյանը դեռևս ՀԽ նախագահ էր, և Բաբաջանյանը հայտարարում էր, որ վերջինս չի կարող պաշտոնավարել, քանի որ «չի պահպանում քաղաքական չեզոքություն»։ Ակնհայտ էր, որ Բաբաջանյանի նախաձեռնությունն ուղղված է Վազգեն Մանուկյանի դեմ։

Ինչևէ, նոյեմբերի 13-ին Մանուկյանը դադարեցրեց անդամակցությունը Հանրային խորհրդին, իսկ Բաբաջանյանի օրենսդրական նախաձեռնությունը մնաց ուժի մեջ։

Նախագիծն այս պահին շրջանառության մեջ է, այն ուղարկվել է նաև Հանրային խորհուրդ՝ կարծիք ստանալու։

Անկախ-ի տեղեկություններով՝ առաջարկվող դրույթը բուռն հակազդեցություն է առաջացրել խորհրդում։ ՀԽ անդամների մեծ մասը գտնում է, որ դրանով, փաստորեն, փորձ է արվում սահմանափակել ազատ արտահայվելու, երբեմն էլ քննադատելու հնարավորությունը։ Խորհրդի շատ անդամներ կարծում են, որ «քաղաքական չեզոքություն» հասկացությունը իրավաբանորեն սահմանված չէ, և խորհրդի անդամի որևէ խոսք, որը դուր չի գա կառավարությանը, կարող է դիտարկվել իբրև քաղաքական, հետևաբար առիթ դառնալ ՀԽ անդամակցությունը դադարեցնելու։

Հանրային խորհուրդն իր տեսակետը ՀՀ կառավարությանը կհայտնի առաջիկա օրերին։ Մինչ այդ Անկախ-ը փորձել է խորհրդի մի քանի անդամներից պարզել նրանց տեսակետը առաջարկվող փոփոխության վերաբերյալ։

ՀԽ անդամ Հարություն Մեսրոբյանի կարծիքով՝ օրենսդրական նախաձեռնությունն անձնավորված է, իսկ ցանկացած անձնավորված փոփոխություն որևէ արժեք չունի։

-Ի նկատի ունեք, որ դա ուղղված էր Վազգեն Մանուկյանի՞ դեմ։

-Առաջին հերթին՝ այո։

-Վազգեն Մանուկյանն այլևս ՀԽ նախագահ չէ, բայց օրենսդրական նախաձեռնությունը շրջանառության մեջ է։ Եթե այն ընդունվի, ի՞նչ հետևանքներ կառաջացնի խորհրդի գործունեության վրա։

-Լրացուցիչ լարվածություն, արտաքին շոկերից կախվածություն։ Այսինքն, Հանրային խորհրդի ցանկացած անդամ ավելի անպաշտպան է լինում և որպես հետևանք՝ ավելի կաշկանդված։ Իսկ փորձագիտական կառավարման մեջ թիվ մեկ պայմանն այն է, որ փորձագետը պետք է 100 տոկոսով անկախ լինի արտաքին շոկերից ու միջամտություններից։

-Պարոն Մեսրոբյան, «Հանրային խորհրդի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետը սահմանում է, որ «Հանրային խորհրդի անդամն իր գործունեության ընթացքում քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն»: Փաստորեն, հղում է արվում այդ դրույթին և հիմնավորվում, որ եթե այդ դրույթը կա, հետևաբար չպահպանելու դեպքում պետք է լինի նաև, այսպես ասած, «պատիժ»։

-Այո, Հանրային խորհրդի անդամը քաղաքական հարցերում պարտավոր է պահպանել չեզոքություն՝ որպես Հանրային խորհրդի անդամ, այսինքն իր գործունեության ընթացքում՝ քննարկումներ կատարելիս, եզրակացություններ տալիս, բայց ոչ այլ դեպքերում։ Դրանից դուրս նա կաշկանդված չէ իր կարծիքն արտահայտել։

-Հանրային խորհրդում այս հարցով քննարկում եղե՞լ է։

-Այո, գրեթե բոլորի կարծիքները հավաքագրվել են, աշխատանքային խումբը քննարկել է, առաջիկայում մեր դիրքորոշումը կհայտնենք։ Բայց կարող եմ ասել, որ հիմնականում խորհրդի անդամները դեմ են արտահայտվել այս փոփոխությանը։

-Ի՞նչ եք կարծում, օրենսդրական նախագիծն Ազգային ժողովը կընդունի՞։

-Ի սկզբանե պետք է հետևյալ մոտեցումը որդեգրել․ իշխանություններն ընդունո՞ւմ են փորձագիտական կառավարումը որպես արժեք, թե՞ ոչ։ Եթե ընդունում են, մնացածը երկրորդական է։ Բայց մեզ մոտ 1991 թվականից ցանկացած իշխանավոր երբեք խորհուրդներ, պրոֆեսիոնալ կարծիքներ հաշվի չի առել կառավարման ընթացքում։ Այսինքն, փորձագիտական կառավարումը, որպես երևույթ, որպես աշխարհում առաջադեմ կառավարման ձևերից մեկը, Հայաստանում ընդունված չէ։ Այս իմաստով, ցավով եմ ասում, մենք հետամնաց երկիր ենք։

-Ավելին, շատերը կարծում են, որ լեգիտիմ իշխանության պայմաններում Հանրային խորհրդի կարիքը չկա։

-Այս հարցի պատասխանը շատ պարզ է․ բավական է նայել, թե որ երկրներում է կիրառվում փորձագիտական կառավարում՝ ի դեմս հանրային խորհուրդների և նմանատիպ կառույցների, և կտեսնեք, որ մեզանից դեմոկրատական իմաստով շատ ավելի լուրջ հետագիծ, իմա` կայացած ու լեգիտիմ իշխանություն ունեցող երկներում կան հանրային խորհուրդներ։ Հետևաբար, պետական կառավարման իմաստով մենք նորից աշխարհի պոչում ենք գտնվում։ Եթե մենք դրան համաձայն ենք, ապա հզոր, մրցունակ և արդար պետություն ունենալու ցանկության մասին կարող ենք մոռանալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: