Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 866

Անցած շաբաթ Հայաստանի նախկին և ներկայիս ղեկավարները արտասահմանում էին, երկրի նախագահը Կատարում էր, վարչապետը՝ Իտալիայում, իսկ նախկին նախագահը՝ Խորվաթիայում:

Ներկա և նախկին ղեկավարների ուղերձները

Նոյեմբերի 19-ին պաշտոնական այցով Կատարում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ի թիվս այլ հանդիպումների, առանձնազրույց ունեցավ Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանի հետ, որի ընթացքում շնորհակալություն հայտնեց էմիրին Հայաստանի քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկման և այդ պետությունում Հայաստանի դեսպանության բացմանն աջակցելու համար։ Զրույցի ընթացքում քննարկվել են նաև երկու բարեկամ երկրների փոխգործակցության հնարավորություններն ու ոլորտները:

ՀՀ վարչապետի այցը Իտալիա սկսվեց նոյեմբերի 20-ին Վենետիկից՝ Սուրբ Ղազար կղզուց: Նա շրջեց կղզում, եղավ Մայրավանքում, ծանոթացավ գրադարանի և թանգարանի նյութերին, ուրախությամբ արձանագրեց, որ միաբանությունը որևէ անդառնալի վնաս չի կրել ջրհեղեղից և իհարկե ելույթ ունեցավ Մխիթարյան միաբանության վանահայրերի և Վենետիկի հայ համայնքի ներկայացուցիչների առջև:

Նա մասնավորապես իրենց՝ մխիթարյաններին պատմեց միաբանության պատմական նշանակության մասին մեր ինքնության պահպանման ու գիտության զարգացման խնդրում և ներկայումս մեր ինքնությունը չկորցնելու գրավականը համարեց ինքնաճանաչողությունը՝ պատմության քաջիմացությունը: «…Շատ հաճախ մենք պսպղան կարգախոսների ներքո իրականում վնասում ենք ինքներս մեր ինքնությունը, կորցնում ենք մեր պատմությունը, կորցնում ենք մեր հետագիծը և ապագայի վերաբերյալ մեր պատկերացումները»,- ասաց նա՝ հավելելով, որ մեր կառավարության առաքելություներից մեկը համարում է հենց թերճանաչման հաղթահարումը, միաժամանակ մոռանալով մեկնաբանել, թե ինչպես է կառավելության այդ առաքելության հետ համադրվում բուհերի ուսումնական ծրագրերից հայոց լեզվի ու գրականության, հայոց պատմության առարկաները խուզելու քաղաքականությունը:

Փոխարենը խոսեց կրթության ոլորտում «ազգային օրակարգի հարմար տանիքի տակ» բուն դրած կոռուպցիոն և կուսակցական համակարգերի, դրանց հետևանքով կրթական համակարգի որակի անկման մասին, «այն աստիճան, որ այսօր ՀՀ-ում կարող ենք ասել՝ գրեթե չկա ոչ միայն մրցունակ բուհ, այլև մրցունակ ֆակուլտետներ»: Ավելին, պարզվեց, որ վարչապետի խորին համոզմամբ՝ մենք բոլոր ոլորտներում ունենք պրոֆեսիոնալ մակարդակի խնդիր, մանավանդ՝ գիտության ոլորտում: Նրա խոսքով՝ մինչև հիմա Հայաստանում գիտական գործունեություն վարել նշանակել է ամեն առավոտ գնալ մի շենք, որի ճակատին գրված է գիտահետազոտական ինստիտուտ, օրվա առաջին կեսին սուրճ խմել և վերադառնալ տուն:

Այնուհետև պարոն Փաշինյանը կարևորել է համայն աշխարհի հայության համախմբումը և հստակ ընդգծել, որ այդ համախմբման գրավականն այն է, որ ինքը հանդես գա ոչ միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլև համայն հայության առաջնորդ:

«Անկախը» ջրհեղեղի օրերին հատուկ անդրադարձավ միաբանության կրած վնասներին և շեշտադրեց, որ այս օրերին չափազանց հրատապ է ՀՀ կառավարության գործնական, նյութական օգնությունը մխիթարյաններին: Սակայն ՀՀ կառավարության զորակցությունը, ինչպես տեսանք, սահմանափակվեց միայն խոսքով:

«Ամենակարևորն արձանագրելն է, որ Մխիթարյան միաբանությանն անշրջելի վնասներ չեն պատճառվել. վնասները կվերականգնվեն, և պետք է առաջ նայել։ Ցանկանում եմ ի սրտե հաջողություններ մաղթել Մխիթարյան միաբանությանը և ընդհանրապես մեր ժողովրդին»։ Այսքանը:

Միլանում վարչապետը հանդիպեց քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և ելույթ ունեցավ Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում՝ վերստին պատմելով «թավշա հեղափոխության», մեր երկրում նոր-նոր կառուցվող ժողովրդավարական ինստիտուտների, Ղարաբաղի հարցի լուծման գործում փոխզիջման, փոխադարձ հարգանքի և հավասարակշռության մասին՝ իհարկե մեկ անգամ ևս շեշտելով, որ ինքն առաջին առաջնորդն է, որը խոսել է այնպիսի լուծման մասին, որը կգոհացնի նաև Ադրբեջանի ժողովրդին:

Շատ ավելի ուշագրավ էր Միլանի Հայ առաքելական Սուրբ Քառասուն մանկունք եկեղեցում հանդիպումը Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ընդ որում, ոչ այնքան նրա ելույթը, որ աստվածաշնչյան ոգով էր՝ Ղուկասի ավետարանից ծավալուն մեջբերումով և ինքնատիպ մեկնաբանությամբ, այլև հարց ու պատասխանի ժամանակ տեղի ունեցած դրվագները:

Միլանի եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի մի հայ աշխատակից կոչ արեց, որ կառավարությունը և անձամբ Փաշինյանը հրաժարական տան։ «Ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի։ Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է, դա կործանման ճանապարհ է։ Ամենամեծ բանը, որ դուք կարող եք անել Հայաստանի համար, ձեր հրաժարականն է»,– ասել է նա:

Վարչապետը կրկին հակադրեց կոռուպցիայի դեմ անզիջում պայքարը և ժողովրդի տված վստահության քվեն: «…Իտալիայում այսօր թաքնված են ամենահայտնի կոռուպցիոներները, և որևէ մեկը հույս չունենա, թե պլստալու է։ Հայաստանի Հանրապետության ձեռքը հասնելու է նրանց, չգիտեմ Վատիկանի որ պադվալներում են թաքնված, վզներից բռնելու ենք հանենք, տանենք, կանգնեցնենք դատարանները և գողացված վերջին կոպեկը պետք է վերադարձնեն ժողովրդին: Ես հրաժարականի մասին մտածելու կարիք չունեմ այնքան ժամանակ, քանի ունեմ ՀՀ ժողովրդի վստահությունը»,- հայտարարել է վարչապետը՝ հավելելով, որ ժողովրդի վստահությունը չունեցող ղեկավարը չարիք է երկրի համար, և այդպիսին են եղել բոլոր ղեկվարները՝ սկսած 1996 թվականից:

Նույնքան ուշագրավ էր ադրբեջանցու հետ կապված դրվագը, որը կարողացել էր մտնել հայկական եկեղեցի և մոտենալով վարչապետին հարց տալ նրան, ինչը շատ բան է ասում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ներկայիս դրության մասին:

Գրեթե նույն ժամանակ՝ նոյեմբերի 20-ին, Զագրեբում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովում ելույթ էր ունենում Հայաստանի երրորդ նախագահ և Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժը Սարգսյանը՝ փաստորեն առաջին անգամ խոսելով 2018 թ. իրադարձությունների և Հայաստանի ներկայիս իրավիճակի մասին:

«Անցած տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել, սակայն այսօր ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»,- ասել է նա։

Անդրադառնալով արցախյան հարցին՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է. «Շատ կարևոր է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել և սպառնալ Արցախին և Հայաստանին։ Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և այս խնդիրը չունի ռազմական լուծում» ։

Դատավարությունը՝ թատրոն

Անցած շաբաթ շարունակվեցին հայտնի դատավարությունները սովորական դարձած ընթացքով: Հերթական անգամ Մանվել Գրիգորյանին շտապօգնության մեքենայով տարան, և հերթական անգամ դատարանը մերժեց նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Հերթական անգամ ջանասիրաբար միջնորդություններ և բացարկներ հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, որոնք համբերատարությամբ լսվեցին և մերժվեցին: Այս անգամ, սակայն, ուշագրավ էր Քոչարյանի ֆրանսահայ պաշտպան Սևակ Թորոսյանի ներկայությունը:

Նախ նա երկուշաբթի ասուլիս տվեց՝ խոսելով Հայաստանի դատական համակարգում տիրող վախի մթնոլորտի մասին: «Ներսից եթե քաղաքական փոփոխություն չունեցավ, կշարունակի վախը տիրել։ Ապտակ կարող է միայն դրսից գալ: Գիտեք, որ ՍԴ-ն կարծիքի համար դիմել է ՄԻԵԴ-ին ու Վենետիկի հանձնաժողովին: Ինձ համար հստակ է, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն անհասկանալի տեքստ է, պրոբլեմ է և հիմք չի կարող դառնալ քրեական հետապնդման և պատժի համար»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ իր նամակին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պատասխանել է՝ վստահեցնելով, որ Ելիսեյան պալատում հետևում են Ռոբերտ Քոչարյանի դեմ դատավարությանը:

Իսկ հաջորդ օրը ֆրանսահայ փաստաբանը լքեց դատարանի դահլիճը՝ ասելով, որ թատրոնի մասնակցելու ժամանակ չունի. չկա երաշխիք, որ տվյալ և հաջորդ նիստերին անկախության վրա հիմնված դատավարություն է լինելու:

Ուսանողների համառությունը և նախարարի արհամարհանքը

Երկուշաբթի ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները հանդիպում ունեցան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Այդ ընթացքում շենքի դիմաց շարունակվում էր ՀՅԴ երիտասարդական թևի բողոքի ցույցը: Դասախոսները գնացել էին համոզելու, որ հայոց լեզու, հայ գրականություն և հայ ժողովրդի պատմություն առարկաները բուհերում չի կարելի դարձնել ոչ պարտադիր: Սակայն հեռացան ձեռնունայն և դառնացած նախարարի արհամարհական վերաբերմունքից:։

«Երբևէ չեմ մտածել, որ որևէ պաշտոնյայի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի»,- ասել է ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դասախոս Արշալույս Գալստյանը: Դասադուլ հայտարարած ուսանողներին բացակա նշանակելու վերաբերյալ հարցի առնչությամբ նա հիշեցրել է անցյալ տարվա ապրիլը, երբ որևէ մեկի մտքում հարց չէր ծագում՝ նրանց բացակա համարել, թե ոչ։

Այդ հանդիպումից դժգոհ մնացին նաև դասադուլ անող ուսանողները՝ համոզված, որ նախարար Արայիկ Հարությունյանն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել վաստակ ունեցող գիտնականների նկատմամբ: Չորեքշաբթի նրանք երթ կազմակերպեցին և ավարտին դիմում-նամակ հանձնեցին ԵՊՀ ղեկավարությանը՝ հայտարարելով, որ երեք օրով ընդհատում են դասադուլը և հետագա քայլերը կորոշեն իրենց նամակի պատասխանը ստանալուց հետո։ Իսկ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ երիտասարդական միության անդամների նստացույցը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դեռ շարունակվում էր:

Շաբաթվա վերջին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մեկնեց Բելգիա՝ Բրյուսել, ուր ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության անդամները դիմավորեցին «Արայիկ, հեռացիր» վանկարկումներով։ Նրանք հայտարարեցին, որ ներսի և դրսի դաշնակցականներ չկան, և քանի որ ԿԳՄՍ նախարարն ապազգային քաղաքականություն է վարում, պետք է հրաժարական տա։ Ի պատասխան նախարարն էլ պնդեց, որ ապազգային քաղաքականություն են վարել հենց դաշնակցականները, քանի որ նրանց իշխանության օրոք են եղել Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը և կոռուպցիան կրթական համակարգում:

Երևանում նախարարության շենքի առաջ 15 օր նստացույց անող ՀՅԴ երիտասարդական միության անդամներն էլ հայտարարեցին, որ դադարեցնում են նստացույցը։ Ցուցարարները կսպասեն, մինչև Արայիկ Հարությունյանը վերադառնա գործուղումից, որից հետո նրան հրավիրում են հրապարակային բաց քննարկման:

Անցած շաբաթ, ի դեպ, ԿԳՄՍ նախարարության հասցեին բողոքի ձայն լսվեց նաև մարզաշխարհից: Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներ, մարզիչներ ու մարզիկներ համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որից հայտնի դարձավ, որ նրանց համար անընդունելի է Մելինե Դալուզյանին հերոսացնելու գործընթացը։ «Նրա վարքագիծը և անպարկեշտ պահվածքը անընդունելի է եղել հայկական մարզաշխարհի համար»,- շեշտել են նրանք և ցավալի ու վիրավորական համարել այն իրողությունը, որ հասարակությունը քննարկում է հայկական մարզաշխարհի անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերաբերյալ պետության որոշումը:

«Վերնատան» հայտարարությունը

Մինչ իշխանական տարբեր մակարդակներից շարունակվում էին խայթոցները «Վերնատուն» քաղաքական ակումբի ստեղծման, նրա համաժողովի և մասնակիցների հասցեին, նոյեմբերի 22-ին ակումբը տարածեց իր հայտարարությունը՝ վճռականորեն շեշտելով, որ հանրային լայն աջակցություն ստացած գործող իշխանությունն ընթանում է այդ ռեսուրսի մսխման, անպտուղ պոպուլիզմի, իր խոստումներին հակասող ճանապարհով, ինչի հետևանքով նվազել է Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակը, արդյունավետ չէ պետական կառավարման համակարգը, չեն գործում զսպումների ու հակակշիռների մեխանիզմները, և առկա է անձնիշխանության իրական վտանգը: Այնուհետև, ելնելով արձանագրված իրողություններից, «Վերնատունը» կետ առ կետ առաջադրել է մեր երկրի համար օրախնդիր դարձած քայլերն ու պահանջները: Այսպես, իշխանությունը պետք է դադարեցնի Արցախի ինքնորոշման իրավունքին հակասող որևէ հայտարարություն հնչեցնելը, ամենաբարձր մակարդակով խրախուսվող ատելության քարոզը, ազգային–պետական արժեհամակարգի վարկաբեկման փորձերը, հրաժարվի Սահմանադրական դատարանը գործադիր իշխանությանը ենթարկեցնելու սևեռումից և այլն:

Կրքերը մարզաշխարհից տեղափոխվեցին քաղաքական դաշտ

Իտալիայում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խայտառակ (1:9) պարտությունից հետո hայկական ֆուտբոլի շուրջ բորբոքված կրքերը հանգեցրին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի և գործադիր կոմիտեի հրաժարականին։ Եվ թեպետ հրաժարականի առիթով տեղի ունեցած ասուլիսում Վանեցյանը լրագրողներին խնդրեց իրենց հարցերով չքաղաքականացնել ասուլիսը, միևնույն է, հետագա քննարկումները Վանեցյանի շուրջ, մանավանդ «168 ժամ»-ին տված հարցազրույցից հետո, ընթացան քաղաքականության դաշտում: Արթուր Վանեցյանն իրեն ուղղված մի շարք քաղաքական հարցերի չպատասխանեց՝ արդարացիորեն պատճառաբանելով, որ նախնական պայմանավորվածությամբ ինքը եկել է խոսելու ֆուտբոլի մասին: Այնուամենայնիվ հարցազրույցի արձագանքներում նշվեց, որ որոշ հարցերի անպատասխան մնալը շատ ավելի խոսուն էր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: