Հայերեն   English   Русский  

Դատարանը մերժեց դատախազին ներկայացված Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բացարկի միջնորդությունը


  
դիտումներ: 1009

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից և որոշում կայացրեց

մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի՝ Մարտի 1-ի գործով դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը։

Որոշումը ենթակա չէ բողոքարկման։

Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանին։

Ըստ նրա, դեռևս 2018 թ․ փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ում հրավիրված մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քննարկումների ժամանակ դատախազ Բիշարյանը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դիրքորոշում է հայտնել, նշելով, որ նրան մեղադրանք առաջադրելու հիմքեր չկան ու որպես վկա հրավիրելու անհրաժեշտություն էլ չկա։

Խուդոյանի խոսքով, քաղաքական որոշակի փոփոխությունների արդյունքում սկսվել են գործընթացներ, որի պարագայում գլխավոր դատախազն ու Կ. Բիշարյանն արդեն տեսել են հիմքեր, մինչդեռ փաստերը և նույն 0038 հրամանագիրը հայտնի են եղել։ Փաստաբանն ուշադրություն հրավիրեց նաև նրան, որ Բիշարյանը կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և չի կարող սույն գործով մասնակցել որպես մեղադրող։

Մինչ այդ Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը բացարկի միջնորդություն էր ներկայացրել Մարտի 1-ի գործով մեղադրանքի եզրակացությունը ստորագրած և վերահսկողությունն իրականացրած դատախազ Պետրոս Պետրոսյանին, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը։

Բիշարյանին ներկայացված միջնորդությանը միացել են նաև Փաստաբանական թիմի անդամներ Արամ Օրբելյանը և Ռուբեն Սահակյանը։ Միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը, որի ելույթի ժամանակ դատախազ Գևորգ Բաղդասարյանն իր վրդովմունքն է հայտնել, ինչն էլ առաջացրել է փաստաբան Պողոսյանի դժգոհությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: