Հայերեն   English   Русский  

«Ո՞ւր է հասել» Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ստեղծված աշխատանքային խումբը


  
դիտումներ: 854

Հանրային խորհրդում Ամուլսարի հարցով ստեղծված աշխատանքային խումբը դեռևս չի ավարտել իր ուսումնասիրությունները և չի ներկայացրել այդ ուսումնասիրությունների արդյունքները Հանրային խորհուրդ:

Այս մասին Անկախ-ի հետ զրույցում ասաց խորհրդի անդամ, աշխատանքային խմբի համակարգող Վազգեն Սաֆարյանը:

Նա հայտնեց, որ աշխատանքային խումբը ոլորտի փորձագետների մասնակցությամբ նոյեմբերի 22-ին հերթական նիստն է անցկացրել։

«Մենք նամակներ էինք ուղղել ՀՀ առողջապահության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններ, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե, Հանրապետական երկրաբանական ֆոնդ ՊՈԱԿ և խնդրել էինք մեզ տրամադրել վիճակագրական տվյալներ, օրինակ, բնակչության շրջանում առողջապահական իրավիճակի վերաբերյալ՝ ըստ մարզերի, Ամուլսարի հանքավայրում ոսկեբեր քվարցիտների և ուղեկցող մետաղների պաշարների վերաբերյալ, շրջակա միջավայրի ճառագայթային մոնիտորինգի արդյունքների, ինչպես նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում նոր ՇՄԱԳ իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ»,-ասաց Սաֆարյանը։

Այժմ փորձագետներն ուսումնասիրում են պետական գերատեսչությունների կողմից աշխատանքային խմբին ներկայացված վիճակագրական տվյալները:

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ պետական կառույցների կողմից ստացված պատասխաններում բավականին ուշագրավ տվյալներ կան։ Օրինակ՝ պարզվում է, որ Ամուլսարում ոսկու քանակությունը 73,7 տոննա է, իսկ արծաթը՝ 294,4 տոննա։ «Դա նշանակում է, որ հանքավայրն այդքան էլ հարուստ չէ ոսկով»,-նկատում է Սաֆարյանը:

Առողջապահական տվյալները վկայում են, որ, օրինակ, նորագոյացությունների առումով ամենածանր վիճակում Լոռին ու Երևանն են։

Շրջակա միջավայրի նախարարությունը 13 կետով ներկայացրել է անկախ փորձաքննության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, որի մեջ, օրինակ, նշված է, որ Ամուլսարի ՇՄԱԳ փաստաթղթի «Ռադիացիոն ֆոն» բաժինը ամբողջությամբ պետք է վերանայվի՝ հաշվի առնելով 1952-54 թթ-ին Ամուլսարի տարածքում կատարված ուրանի հետախուզական աշխատանքների հաշվետվությունը:

Միջուկային անվանգության կարգավորման կոմիտեն աշխատանքային խմբին է ներկայացրել 3 փաստաթուղթ։ Առաջինը վերաբերում է 2014-15 թթ․ ՀՀ տարածքում իրականացված ճառագայթային մոնիտորինգի արդյունքներին, մյուսը՝ 2016 թ․ Հայաստանի քարի հանքերում և հարակից տարածքներում իրականացված մոնիտորինգի արդյունքներին և երրորդը՝ Երևան քաղաքի ու մարզերի ջրամատակարարման կապտաժներում բնական ճառագայթման ֆոնին:

«Այսօր նամակ է ուղղվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ստանալու տեղեկատվություն ինչպես «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի կողմից վճարած հարկերի, այնպես էլ 2018թ. և 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանից արտահանված մետաղական հանքանյութերի արտահանման ծավալների քանակների վերաբերյալ՝ ըստ արտահանվող երկրների»:

Սաֆարյանի խոսքով՝ աշխատանքային խմբի նպատակն է ուսումնասիրել ոչ միայն Ամուլսարի հարցը, այլ առհասարակ Հայաստանում մետաղական հանքավայրերի շահագործման հետ կապված խնդիրները, և Հանրային խորհուրդ ներկայացվելիք իրենց փաստաթուղթը վերաբերելու է հանքարդյունաբերության ոլորտի ընդհանուր խնդիրներին։

Նշենք, որ ՀԽ աշխատանքային խմբի հետ համագործակցող փորձագետների մեջ է նաև բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, որը նախորդ նիստին ներկայացրել է «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից բնապահպանական փորձաքննությանը ներկայացված փաստաթղթերի և դրա հետ առնչվող իրավական ակտերի վերաբերյալ իր ուսումնասիրությունների արդյունքները:

Նրա խոսքով՝ հայտնաբերվել են մի շարք իրավական խախտումներ, բացթողումներ, անճշտություններ, որոնք թույլ են տրվել ինչպես «Լիդիան Արմենիայի», այնպես էլ լիազոր պետական գերատեսչությունների կողմից: Խախտումները վերաբերում են Ջրային և Սևանա լճի մասին օրենսդրությանը, Ջերմուկ առողջարանի մասին օրենսդրությանը, Ընդերքի մասին օրենսդրությանը, Կենդանական աշխարհի մասին օրենսդրության, մարդու իրավունքներին, միջազգային կոնվենցիաներին ու պայմանագրերին և բազմաթիվ այլ օրենքների ու պարտավորությունների։

Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ մինչև դեկտեմբերի 10-ը աշխատանքային խումբը կամփոփի իր աշխատանքները և արդյունքները կներկայացնի Հանրային խորհուրդ, որից հետո ՀԽ-ն կձևավորի իր դիրքորոշումը Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ:

Աշխատանքային խմբի անդամ Կարինե Դանիելյանի խոսքով՝ ինչ դիրքորոշում էլ ՀԽ-ն հայտնի, միևնույն է, հարցը չափազանց բարդ է, և ՀՀ կառավարությունը մեծ երկընտրանքի առաջ է, քանի որ «Լիդիանի» թիկունքում կանգնած են ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: