Հայերեն   English   Русский  

Россия հեռուստաալիքով կցուցադրվի Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը


  
դիտումներ: 908

1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության ամենամռայլ էջերից մեկն է։

31 տարի է անցել, սակայն մարդկանց հոգիներում դեռ չի սպիացել երկրաշարժի թողած վերքերը։

Դեկտեմբերի 6-ին Россия հեռուստաալիքով տեղի է ունենալու Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարի հեռուստատեսային պրեմիերան, որը նկարահանվել է Հայաստանում 1988թ. երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ:

Ֆիլմը պատմում է 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած ամենաավերիչ և զոհերի թվաքանակով ամենամեծ երկրաշարժի մասին:

Ֆիլմի հերոսը՝ Գոռը, հեռացել էր Հայաստանից ավելի լավ կյանքի փնտրտուքներում: Երկրաշարժից հետո Մոսկվայից վերադառնում է հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքին, սակայն, արդեն ուշ էր:

Աղետն ամեն ինչ ոչնչացրել էր: Աղետի վայրում Գոռը հանդիպում է տարբեր կերպարների, որոնցից յուրաքանչյուրն իր անձնական ողբերգությունն ունի: Տեղացիները փորձում էին գտնել իրենց սիրելիներին` ողջ կամ մահացած:

Բժիշկները փորձում էին օգնել փրկվածներին, օր ու գիշեր աշխատում էին չնայած դեղերի պակասին, վիրահատություններ կատարում էին ձեռքի տակ եղած նյութերով: Զինվորները, կամավորները վտանգելով իրենց կյանքը, մաքրում էին փլատակները:

Գոռը շարունակում էր փնտրել կնոջն ու փոքրիկ դստերը, որոնք դեռևս ողջ էին, բայց փլատակների տակ: Նա նորից պետք է սովորի սիրել այն, ինչ ինքն է ոչնչացրել:

«Սպիտակը» ստացել է Մոսկովյան կինոփառատոնի Святой Георгий մրցանակը, և դիմահարդարման աշխատանքների համար՝ «Ոսկե արծիվ», ինչպես նաև ընդգրկվել է «Օսկար» մրցանակաբաշխության երկար ցուցակի մեջ՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

«Սպիտակ» ֆիլմը

Ֆիլմի երաժշտությունը գրել է աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

Նշենք, որ ավերիչ երկրաշարժին զոհ գնաց ավելի քան 25 հազար մարդ:

Հիշեցնենք, որ 1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որը հետագայում անվանվեց Սպիտակի երկրաշարժ:

Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց նահատակման պատճառ է դարձել: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժն աշխարհի ամենաավերիչ աղետներից է համարվում:

26 տարի անց աղետի գոտում հազարավոր մարդիկ դեռ ժամանակավոր շինություններում են բնակվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: