Հայերեն   English   Русский  

Կարծում էի, որ կկարողանանք ձևավորել քաղաքական նոր մշակույթ․ Շաքե Իսայան


  
դիտումներ: 815

Կին քաղաքական գործիչ լինելու առանձնահատկությունների մասին է «Անկախը» զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանի հետ։

-Տիկին Իսայան, 7-րդ գումարման խորհրդարանի այն պատգամավորներից եք, որ նաև նախորդ գումարման խորհրդարանում է ներկայացված եղել։ Կպատմե՞ք՝ ինչու և ինչպես որոշեցիք պատգամավոր դառնալ։

-Եթե անկեղծ լինեմ, երբևէ չեմ մտածել, որ պետք է լինեմ խորհրդարանում և օրենսդիր գործունեություն ծավալեմ։ Բայց ուսանողական տարիներից ակտիվություն եմ ցուցաբերել, տարբեր հասարակական ակցիաների եմ մասնակցել։ Ու երևի դա էր պատճառը, որ ներգրավվեցի ԲՀԿ շարքերում․ իմ ուսանողական տարիներին կուսակցությունն ակտիվ աշխատում էր ուսանողների և երիտասարդների հետ։ Ես հասկացա, որ այստեղ կարող է երիտասարդների աշխատանքը գնահատվել։ Տարիներ շարունակ զբաղվել եմ կուսակցության ինֆորմացիոն հոսքերի կառավարմամբ։ Եվ 2017-ի ընտրություններից առաջ ԲՀԿ քաղաքական խորհրդի կողմից ինձ եղավ առաջարկ ընդգրկվելու համամասնական ցուցակում։ Իհարկե, հաճելի էր, որ կուսակցությունում քեզ ու քո աշխատանքը գնահատում են և փորձում են քեզ առաջ մղել, բայց մտավախություն ունեի պատասխանատվության առումով։ Մտածում էի, որ գուցե հասարակությունը լավ չընկալի երիտասարդ պատգամավորին, որը փորձառություն չունի։ Բայց կուսակցությունում ճիշտ ձևով է դրված սերնդափոխությունը, և մեր ավագ գործընկերները փորձեցին այնպես անել, որ մենք չհանդիպենք այն խոչընդոտներին, որոնց իրենք են հանդիպել։

Ուստի կարողացա շատ կարճ ժամանակ հետո այդ արգելքը հաղթահարել։ Պարզապես այնպես ստացվեց, որ 6-րդ գումարման խորհրդարանը շատ կարճ աշխատեց՝ ընդամենը 1,5 տարի։

Բայց արդեն 7-րդ գումարման խորհրդարանում ինձ ինքնավստահ էի զգում, որովհետև արդեն որոշակի փորձառություն ունեի և ինքս փորձում էի մեր նորեկ գործընկերներին օգնել ու ուղղորդել այլ հարցերում։

-Քաղաքականություն մտնելիս մտքում որևէ օրենսդրական նախաձեռնություն ունեցե՞լ եք և որքանո՞վ է հաջողվել իրագործել այն։

-Այո, սկզբից շատ-շատ էին նախաձեռնությունները։ Թվում էր, թե մի զարկով այդ բոլոր նախաձեռնություններն իրականացնելու եմ։ Արդեն հետագայում հասկանում ես, որ կան բազմաթիվ խնդիրներ, հանդիպում ես բազմաթիվ խոչընդոտների։ Եթե ուզում ես որևէ նախաձեռնություն իրականացնել մինչև վերջ, դա հայտարարությամբ չէ միայն, դա բավականին բարդ պրոցես է։ Կդժվարանամ հիմա ասել մի այդպիսի նախաձեռնություն, որ ի սկզբանե ունեցել եմ մտքում և կարողացել եմ իրագործել, հավանաբար դա կլինի առաջիկա տարիներին։ Բայց դա կլինի գուցե ոչ օրենսդրական նախաձեռնություն, այլ ավելի գլոբալ, երկրի, տնտեսության հետ կապված։

-Մի շարք օրենսդրական նախագծերի համահեղինակ եք։ Իրավաբան չլինելով օրենսդրական գործունեությամբ զբաղվելը որքանո՞վ է բարդ։

-Անկեղծ պետք է ասեմ՝ բարդ է։ Շատ դեպքերում, երբ իրավաբաններն առաջին հայացքից կարող են տեսնել նախաձեռնության բոլոր բարդություններն ու խութ տեղերը, ես դա կանեմ դժվարությամբ։ Բայց սա չի նշանակում, որ օրենսդիր մարմնում պետք է լինեն միայն իրավաբաններ։ Այստեղ կարևոր է քո աշխատասիրությունը և այդ խութերը գտնելու, հասկանալու, վերլուծելու ցանկությունը։ Եվ ինձ համար շատ հաճելի է, որ այդ գործընթացում զրուցում եմ իմ ավագ գործընկերների հետ և վերջում պարզվում է, որ ինչ-որ խոչընդոտ եմ հաղթահարել և հաջորդ օրենսդրական նախաձեռնությանը իրավական գիտելիքների առումով ավելի եմ առաջ անցնելու։ Մշտապես սովորելու գործընթաց է, ինչը շատ հետաքրքիր է։

Ասեմ, որ անկախ հարցի բնույթից, եթե ինձ դիմել են քաղաքացիներ, ես ուզում եմ, որ այդ հարցին հնարավորինս համապարփակ պատասխան տամ։ Գուցե այդ թեմայով ելույթ չունենամ ամբիոնից, հարցազրույց չտամ այդ թեմայով, բայց ՀՀ քաղաքացուն պարտավոր եմ համապարփակ պատասխան տալ։ Հիմա թե դա կանեմ 24 ժամ աշխատելով, թե մեկ ժամում, դա արդեն իմ գործն է։

-Քանի որ աշխատել եք թե նախկին, թե ներկա իշխանությունների օրոք, կհամեմատեք, խորհրդարանը և պատգամավորի աշխատանքը 6-րդ և 7-րդ գումարման ԱԺ-ում ինչո՞վ են տարբերվում։

-Իրականում այդ հարցն ինձ շատ են տալիս։ Խորհրդարանի բովանդակությունը փոխված է։ Չեմ կարող ասել, որ ոչ մի բան չի փոխվել, նոր մարդիկ չկան։ Բայց կոնկրետ խորհրդարանական աշխատանքներում նոր փոփոխություններ չեմ տեսնում, նույն խորհրդարանական գործընթացներն են, ուղղակի անձերի և, բնականաբար, քաղաքականության և մոտեցման փոփոխություն է, որը բնական է։

Փորձել համադրել այս կամ այն խորհրդարանները, ճիշտ չէ։ Իսկ եթե համեմատենք ոչ միայն 6-րդ գումարման խորհրդարանի հետ, ապա դրա համար այս խորհրդարանին պետք է մեկ գումարում, որից հետո պետք է վերլուծել հաջողություններն ու առաջընթացը և նոր համեմատել։

-Իսկ աշխատանքային մթնոլորտը նո՞ւյնն է։

-Անկեղծ ասեմ, թե նախկինում, թե հիմա իմ աշխատանքի հետ կապված մթնոլորտի որևէ փոփոխություն չկա։ Իհարկե, նախորդ գումարման խորհրդարանում շատ կարճ եմ աշխատել, բայց ինձ հետ կապված փոփոխություն չեմ զգում։ Իմ աշխատանքային գործունեությունը խորհրդարանում եղել է իմ խմբակցության հետ, ՀՀ քաղաքացիների հետ, ինչը ես շարունակում եմ նաև ներկայում։ Իհարկե, համագործակցում ենք նաև այլ խմբակցությունների գործընկերների հետ, բայց որևէ առանցքային փոփոխություն ես չեմ տեսնում։

-Ներկա խորհրդարանում ի՞նչը կուզենայիք փոխել։

-Երբ այս խորհրդարանը նոր էր ձևավորվել, ես կարծում էի, որ կկարողանանք ձևավորել քաղաքական նոր մշակույթ․ այն է՝ հնչող քննադատությունները կարողանանք տեղավորել հանդուրժողականության մթնոլորտում և հասկանանք, որ քննադատություններն ի օգուտ օրվա իշխանությունների են։ Նույնը նաև ընդդիմադիր խմբակցությունների դեպքում, չստացվի, որ միակողմանի եմ դիտարկում։ Ցավոք սրտի, այս առումով դեռ մի քիչ տեմպերը գոհացուցիչ չեն, հույս ունեմ, որ առաջիկա ամիսներին կամ տարիներին կունենանք խորհրդարան, որտեղ այդպես ցավագին չեն դիտարկվի քննադատությունները, և յուրաքանչյուր քննադատության մեջ կփորձեն գտնել ամենաճիշտ և կարևոր միտքը, որը կօգնի թե իշխանություններին, թե ընդդիմադիրներին մեկ քայլ առաջ անել իրենց գործունեության մեջ։ Եթե կարողանանք դա ստեղծել, կլինի արդյունավետ աշխատող խորհրդարան։

-Ընդդիմադիր պատգամավոր լինելն արդյո՞ք խոչընդոտում է օրենսդիր ակտիվությանը։

-Իրականում, երբ վերլուծում ենք խմբակցության կողմից ներկայացրած առաջարկությունների կամ օրենքի նախագծերի քանակը և ընդունված առաջարկությունների կամ նախագծերի քանակը, բնականաբար հասկանում ենք, արդյունքը կարող էր այլ լինել, եթե դրանք ներկայացված չլինեին ընդդիմադիր խմբակցության կողմից։ Բայց ինչ հիշում եմ, Հայաստանի Հանրապետությունում այդ խնդիրը մշտապես եղել է։ Միշտ էլ այդպես է, ցանկացած իշխանություն ցանկանում է, որ բոլոր լավ օրենսդրական նախաձեռնությունները, որոնց հանրությունը կարող է լավ վերաբերել, իշխանական ֆրակցիան իրականացնի։ Բնականաբար, այլևս ընդդիմադիր խմբակցությունների գործը դժվարանում է։ Բայց ես լիահույս եմ կամ ուզում եմ լավատես լինել, որ մի քանի տարի հետո, երբ նորից հարցազրույց ունենանք, կասեմ, այո , այս խորհրդարանը տարբերվում էր նախորդներից նրանով, որ այստեղ օրենսդրական նախաձեռնությունների բովանդակությունը և գաղափարը չէր մերժվում այն պատճառով, որ այն ներկայացվել էր ընդդիմադիր խմբակցությունների կողմից։

-Դեմոտիվացնո՞ղ չէ արդյոք պատգամավորի համար այն, որ ընդդիմադիր լինելու պատճառով իր օրենսդրական նախաձեռնությունը կարող է կյանքի չկոչվել։

-Իհարկե, ես ունեմ խմբակցությունում գործընկերներ, որոնք այս գումարման ԱԺ-ում ներկայացրել են բազմաթիվ նախաձեռնություններ։ Բայց հիմա նրանցից մեկն առաջարկում է, որ նախագծի վրա միասին աշխատենք, բայց իր անունը չգրվի, ասում է՝ գուցե իր անունից է, որ մերժվում է։ Այսինքն արդեն իսկ դա պատգամավորին փոքր ինչ կաշկանդում է։ Ես իհարկե շարունակում եմ պնդել, որ եթե մենք աշխատում ենք երկուսով օրենքի նախագծի վրա, ապա երկուսիս անունն էլ պետք է նշվի, եթե մերժվելու է, թող մերժվի։ Վերջում մենք կհավաքագրենք, հանրությանը կներկայացնենք, թե այդ նախաձեռնություններով ինչն ենք ուզեցել բարելավել։

Իսկ եթե իշխանությունը մերժում է, և հետագայում բերում են նույնն իրենց խմբակցության անունից են ներկայացնում, ինձ համար որպես պատգամավոր մեծ դժբախտություն չէ։ Ես չեմ երազում լինել ամենաշատ նախագծեր ունեցող պատգամավորը։ Կարևոր է, որ սայլը տեղից շարժվի։ Իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորների միջոցով դա տեղի կունենա, քաղաքացիների համար մեկ է։ Ինձ համար որպես պատգամավոր ևս։

-Կին քաղաքական գործիչների նկատմամբ հանրային ուշադրությունը միշտ ավելի մեծ է։ Ի՞նչ է նշանակում լինել կին պատգամավոր։

-Դժվար հարց եք տալիս։ Այն, որ կանանց նկատմամբ ավելի մեծ է հասարակության ուշադրությունը, և յուրաքանչյուր խոսքը դիտարկվում է խոշորացույցի տակ, այդպես է։ Կանանց դեպքում միանգամից թիրախավորվում է արտաքինը, հագուկապը, ամեն ինչ, հետո նոր բովանդակությունն ու խոսքը, եթե դրան անդրադառնում են։ Դա փոքր ինչ բարդացնում է իրավիճակը։ Բայց երբ զրուցում եմ իմ ավագ կին գործընկերների հետ, հասկանում եմ, որ իմ ու այժմյան մյուս կին քաղաքական գործիչների ճանապարհը շատ ավելի հարթ է, քան այն եղել է տարիներ առաջ։ Այսինքն արդեն փորձառու կին քաղաքական գործիչները կարողացել են որոշակի կարծրաիպեր, արգելքներ հաղթահարել։ Հիմա կարծում եմ, որ մենք ևս պետք է շարունակենք այս ճանապարհը։

-Ձեր կարծիքով ինչպե՞ս կարելի է խրախուսել կանանց ներգրավվածությունը քաղաքականությունում։

-Դրա լավագույն լուծումն այն է, որ հանրային լուրջ քննարկումներում փորձում ես մասնակցություն ունենալ և ամեն առիթով հիշեցնել կին քաղաքական գործիչների ներգրավվածության մասին։ Դեռևս անցած տարի ԱԺ-ում փոխնախագահ Լենա Նազարյանի գլխավորությամբ ստեղծվեց հարթակ ԱԺ օրենսդիր կանանց և ՀԿ-ների միջև։ Այս ամիսների ընթացքում ամենատարբեր քննարկումներ ենք ունեցել։ Այդ կապը ԱԺ-ՀԿ, ԱԺ-ՏԻՄ-եր շատ հետաքրքիր է, միասին պայքարում ենք համատեղ նպատակի համար, որ ունենք բոլոր կին քաղաքական գործիչներս միասին։

ՏԻՄ-երի պարագայում, անկեղծ պիտի ասեմ, որքան էլ ԱԺ-ն ջանա, այդ հարցը պետք է լինի կառավարության ուշադրության կենտրոնում։ Դեռ նախորդ խորհրդարանում եմ առիթ ունեցել խոսելու․ համայնքների խոշորացման ծրագիրը մեծ ազդեցություն ունեցավ կին համայնքի ղեկավարների վրա․ երբ մի քանի փոքր համայնք միացնում են խոշոր համայնքի հետ, այլևս փոքր համայնքի կին ղեկավարը չի կարողանում մրցել խոշոր համայնքի տղամարդ ներկայացուցչի հետ։

Վերջերս նաև ձևավորվել է վարչապետին կից կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների հանձնաժողովը, որը բոլոր կառավարություններում եղել է։ Սակայն այն դեռևս նոր է ձևավորվել, աշխատանքներ չունենք արած, որ կարողանամ ներկայացնել Կառավարություն-Ազգային ժողով համատեղ տեսլականը այս հարցում։

-Ո՞րն է լավ պատգամավորի ձեր բանաձևը։

-Դժվար հարց է։ Ինձ դուր է գալիս, որ ես կարողանում եմ օգնել ինձ դիմած քաղաքացիներին։ Ինձ համար կարևոր է ամենօրյա շփումը հասարակության, ժողովրդի հետ։ Եթե ես կարողանամ տարիների ընթացքում ունենալ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ի շահ ՀՀ քաղաքացիների, բայց չունենամ մինիմալ կոմունիկացիա հասարակության հետ, դա ինձ համար պատգամավորի լավ աշխատանք չի լինի։ Ինձ համար ավելի կարևոր է, որ հասանելի լինես ժողովրդի համար օրը 24 ժամ։ Իսկ այդ երկուսի համադրումը կստացվի իդեալական տարբերակ։

-Դուք ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում եք, որի իրավասությունների ներքո են կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրները։ Ուստի ուզում եմ Ձեր կարծիքը լսել Ստամբուլյան կոնվենցիայի մասին, որն այսքան հակասական տրամադրություններ է առաջացնում։

-Չեմ ուզում շտապողական գնահատական հնչեցնել, քանի դեռ Ստամբուլյան կոնվենցիան Ազգային ժողովում ներկայացված չէ։ Ես միայն կարող եմ ասել՝ որքանով տեղյակ եմ, որոշակի երկրներ այս կոնվենցիան համարել են հակասահմանադրական, այսինքն ես կարծում եմ, որ նաև այստեղ Սահմանադրական դատարանը մեծ անելիք ունի։

Այս պահին ես զերծ եմ մնում որևէ գնահատական հնչեցելուց զուտ այն պատճառով, որ այն Ազգային ժողովում չէ։ Երբ կլինի Ազգային ժողովում, երբ կունենանք քննարկումներ, ես միանշանակ իմ դիրքորոշումը կհայտնեմ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: