Հայերեն   English   Русский  

Արցախցի լրագրողի պատասխանն ադրբեջանական հորինվածքին


  
դիտումներ: 888

Նոյեմբերի 17-21 տեղի է ունեցել Հայաստանը և Արցախը ներկայացնող լրագրողների այց Ադրբեջան և ադրբեջանցի լրագրողների հայելային այց հայկական երկու հանրապետություններ։

Այցից օրեր անց այսպես կոչված «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի ադրբեջանական համայնքի» նախագահ Թուրալ Գյանջալիևը հանդես է եկել պրովոկացիոն մեկնաբանություններով, որի վերաբերյալ «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է փոխայցելությանն Արցախի կողմից մասնակցած Էդգար Էլբակյանի հետ։

ՀԱՐՑ – Պարո՛ն Էլբակյան, ի՞նչ ծրագիր էր սա, և ի՞նչպես էր կազմակերպվել։

ՊԱՏԱՍԽԱՆ– Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի էր կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ։ Հումանիտար դաշտում այսօրինակ միջոցառումների անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս մարտի 29-ին՝ Վիեննայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում։

ՀԱՐՑ – Այցից 5 օր անց այսպես կոչված «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» նախագահ Թուրալ Գյանջալիևը հայտարարել է, որ լրագրողական փոխայցելությանը մասնակցել է նաև այսպես կոչված «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայկական համայնքը», իսկ հայ լրագրողների հետ հանդիպմանը մասնակցել է նաև «ադրբեջանական համայնքը»։ Ի՞նչպես կմեկնաբանեք սա։

ՊԱՏԱՍԽԱՆ – Արցախից ծրագրին մասնակցել եմ ես՝ որպես Արցախի հանրային հեռուստաընկերության լրագրող։ Բնականաբար, ձևակերպումն այդպիսին է եղել և՛ ծրագրի նախապատրաստական փուլում, և՛ ծրագրի ընթացքում, ու ադրբեջանական կողմը տեղյակ է եղել այդ մասին։ Ավելին, Արցախի և իմ մասնակցության մասով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ հարաբերվել է Արցախի ԱԳՆ-ն, ինչն առնվազն այս ծրագրի շրջանակներում խոսում է պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածության մասին։ Ինչ վերաբերում է իրենց «համայնքին», ապա ադրբեջանական ներպետական իրավակարգավորումներով այն ունի հասարակական կազմակերպության կարգավիճակ, և նոյեմբերի 18-ին մեր երեքիս և իրենց հասարակական կազմակերպությունների ու վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ ներկա էր մեկ անձ նաև այդ հկ-ից։ Նա ներկայացավ որպես կազմակերպության փոխնախագահ՝ Այբանիզ Իսմայիլովա։

ՀԱՐՑ – Այդ կազմակերպությունից միայն նա՞ էր ներկայացված։

ՊԱՏԱՍԽԱՆ – Այո՛։ Թ․ Գյանջալիևը «REAL TV»-ին տված հարցազրույցում դիտմամբ կամ անգիտաբար նշում է «… մեր համայնքի անդամները (sic!) մասնակցել են հայ լրագրողների հետ հանդիպմանը»։ Դա սուտ է։ Ներկա էր միայն տիկին Իսմայիլովան։

ՀԱՐՑ – Իսկ շփում իրականում եղե՞լ է, այդ մասով ադրբեջանական կողմի պնդումները ճշմարի՞տ են։

ՊԱՏԱՍԽԱՆ – Այո՛։ Թե՛ ես, թե՛ գործընկերներս հնարավորություն ունեցանք լսելու և զրուցելու այդ տիկնոջ հետ։ Ես ինքս առաջինը հարց ուղղեցի նրան՝ կապված իրենց փախստականների երկրորդ սերնդի՝ ադրբեջանական հասարակությանն ինտեգրվածության, սոցիալ-կրթական կարգավիճակի և կարիերային նախապատվությունների հետ։ Այն, ինչ լսեցի ի պատասխան իմ հարցի, խիստ գոհացուցիչ էր․ առնվազն Բաքվում և մերձակայքում հաստատվածների ժառանգների դեպքում գործ ունենք մարդկանց հետ, որ փախստական են միայն ադրբեջանական պետական քարոզչության ծիրում, իսկ փաստացի այդ հասարակության լիիրավ ու երբեմն՝ շատ հաջողակ անդամներ են։ Սա գոհացուցիչ է ինչպես պարզ մարդկային ապրումակցման տեսանկյունից, այնպես էլ հակամարտության տրանսֆորմացիայի կոնտեքստում։

ՀԱՐՑ – Իսկ ի՞նչպես եք վերաբերվում նման կարճ շփումը որպես «երկու համայնքների միջև երկխոսություն» որակելուն։

ՊԱՏԱՍԽԱՆ – Դա կեղծ ու արհեստականորեն քաղաքականացված մոտեցում է։ Կրկնեմ, որ ես այնտեղ ներկայացնում էի Արցախի հանրային հեռուստաընկերությունը, իսկ այդ կինը՝ հանդիպմանը ներկայացած մի շարք հկ-ներից մեկը։ Նույն հաջողությամբ իմ ու նրա շփումը կարելի է բնութագրել որպես Արցախի Հանրապետության առկա բնակչության և Արցախի Հանրապետության էթնիկ ադրբեջանական «սփյուռքի» միջև երկխոսության սկիզբ․ այս պնդումն, ի դեպ, քիչ թե շատ ավելի ճշմարիտ կլինի, քան պարոն Գյանջալիևի մեկնությունը։ Ես հասկանում եմ հումանիտար դաշտում անցկացված այս այցից մաքսիմալ քաղաքական շահաբաժիններ ստանալու ադրբեջանական պետական քարոզչամեքենայի փորձերը, բայց դրանք անօգուտ են։ Ի դեպ, չմոռանամ նշել, որ իրապես ջերմ երկխոսությունից հետո՝ Հայաստան վերադառնալուս պես, ես նաև վիրտուալ տարածքում փորձեցի կապ հաստատել տիկին Իսմայիլովայի հետ, ինչը մերժվեց։ Ադրբեջանցիների՝ Արցախի ժողովրդի հետ երկխոսության պատրաստ լինել-չլինելու անուղղակի ցուցիչներից մեկը հենց այս հանգամանքն է և ոչ Թ․ Գյանջալիևի հորինվածքները։

ՀԱՐՑ – Ձեր հիշատակած «REAL TV»-ի հաղորդման շրջանակներում Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ անկախ նրանից, թե Դուք ինչպես եք Ձեզ ներկայացնում՝ իրավական տեսանկյունից հանդիսանում եք Ադրբեջանի քաղաքացի։

ՊԱՏԱՍԽԱՆ – Դա նրա աշխատանքն է, նորմալ եմ վերաբերվում։ Այլ բան նա չէր էլ կարող ասել։ Վստահ եմ, որ առանց անձնագիրս տեսնելու էլ տիկին Աբդուլաևան լավ գիտի, թե որ երկրի քաղաքացի եմ ես։

ՀԱՐՑ – Կարո՞ղ են արդյոք շարունակական լինել այսօրինակ ծրագրերը և ո՞ր դեպքում։

ՊԱՏԱՍԽԱՆ – Միանշանակ կարող են։ Կարևոր պայման է, սակայն, որ դիմացի կողմը հնարավորինս զերծ մնա գործընթացին քաղաքականացված (այն էլ՝ փաստերի աղճատմամբ) մեկնաբանություններ տալուց։ Շատ լավ հասկանում եմ այն բոլոր սահմանափակումները, որի պայմաններում աշխատում է ադրբեջանական պետական ապարատը, այնուամենայնիվ, վստահ եմ՝ ողջամտությունն ու պրոֆեսիոնալիզմը պետք է առաջատար լինեն։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: