Հայերեն   English   Русский  

Այսօր Արմավիրում բացվեց Շառլ Ազնավուրի անվան պուրակը


  
դիտումներ: 141

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին:

Ողջունելով դեսպանին` մարզպետը բարձր է գնահատել դարերի պատմություն ունեցող հայ-ֆրանսիական հարաբերությունները, որոնք, ըստ նրա, հաջողությամբ իրականացվում են նաև տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակում:

Այս համատեքստում մարզպետը դեսպանին ընդհանուր տեղեկություն է ներկայացրել Արմավիր, Էջմիածին և ֆրանսիական Ալո, Իսի լե Մուլինո, Նիցցա քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների ու փոխգործակցության ծրագրերի մասին, որոնք տարեցտարի ընդլայնվում և նոր որակ են ստանում:

Իսկ մարզի 17 հանակրթական դպրոցներում ֆրանսերենը դասավանդվում է որպես հիմնական կամ երրորդ օտար լեզու:

Այդ մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայք էջը:

Անդրադառնալով Արմավիրի մարզի պատմական նկարագրին և հիմնական առանձնահատկություններն` Համբարձում Մաթևոսյանը խոսել է նաև մարզի զարգացման հիմնական ուղղությունների մասին`շեշտը դնելով զբոսաշրջության և գյուղմթերքի արտադրության ծավալների ընդլայնման վրա:

Դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` ներկայացնելով Արմավիրի մարզի վերաբերյալ իր տպավորությունները և բարձր գնահատելով տեղական ինքնակառավարման մակարդակում երկու բարեկամ պետությունների միջև ձևավորված հարաբերությունները, ինչպես նաև մարզի ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդումը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ, որից հետո մարզպետի ուղեկցությամբ դեսպանն այցելել է Արմավիրի զորավար Անդրանիկ Օզանյանի անվան 5-րդ դպրոց, ներկա գտնվել Հայաստանի ազգային հերոս, ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված ցերեկույթին, շրջել դպրոցում, ծանոթացել կրթօջախի պատմությունը ներկայացնող թանգարանի ցուցանմուշներին և ինքնագիր թողել մեծն շանսոնյեի դիմանկարին, որն այսուհետ իր տեղը կզբաղեցնի թանգարանում:

Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Ազգային Ժողովի մի շարք պատգամավորների, մեծաթիվ հյուրերի և արմավիրցիների հետ միասին ներկա են գտնվել Շառլ Ազնավուրի անվան պուրակի բացմանը, որն իրականացվել է Արմավիրի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Այսօր Արմավիրում զգացվում է Ազնավուրի շունչը, հնչում էին երգեր մեծ շանսոնյեի կատարմամբ, որ տարածվում էր քաղաքի կենտրոնում և հենց այստեղ՝ Շառլ Ազնավուրի անվան պուրակում:

Այսօր Արմավիր քաղաքմում բացվել է Շառլ Ազնավուրի անվան պուրակը, որտեղ կառուցվել էր հուշարձան՝ մեծ շանսոնյեի կիսանդրով: Հուշարձանի ճարտարապետը Հայկ Ասատրյանն է, իսկ կիսանդրին քանդակել է Սևակ Նալբանդյանը:

Հուշարձանի բացմանը ներկա էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Ֆրանսիացի դիվանագետն ու քանդակագործն պարգևատրվել են Արմավիրի քաղաքապետի հուշամեդալով:

Ժոնաթան Լաքոտը բացման խոսքում անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամությանն ու Շառլ Ազնավուրի թողած ժառանգությանը:

«Շառլ Ազնավուրը Ֆրանսիայի լավագույն ներկայացուցիչներից էր: Նա եղել է ֆրանսերեն լեզվի ամենամեծ դեսպաններից մեկն աշխարհում: Շատ կարևոր ուղերձ է, որ հայկական եղեռնը վերապրածների զավակը դարձել է աշխարհում ֆրանսերեն լեզվի դեսպանը: Մեր պարտքն է, որպեսզի մենք ապրեցնենք նրա ժառանգությունը, և կարծում եմ, որ այն պարտավորեցնող է, որպեսզի մենք ավելին անենք՝ ամրապնդելու մեր 2 երկրների միջև հարաբերությունները, շատ շնորհակալություն»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: