Հայերեն   English   Русский  

​ՉԱՉՈ


Սպարտակ Ղարաբաղցյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 629

1989 թվականի գարունն էր։ Քչերն էին հավատում, որ Խորհրդային Միությունը փլուզվում է, բայց այդ օրերին ավելի անհավատալի մի բան էլ տեղի ունեցավ.

ինձ կանչեցին Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե, ՀԱՏՈՒԿ ԲԱԺԻՆ ու ավետեցին, որ մեկ շաբաթով մեկնելու եմ Հալեպ։ Երեկոյան ուրախ լուրը պայթեց մեր թաղում. նրանց մեծ մասը 1947-ին Հալեպից, Քեսապից, Լիբանանից... ներգաղթածներն էին ու երանությամբ, նույնիսկ անթաքույց նախանձով էին նայում ինձ։ Մեկնելու նախօրեին թաղեցիները լցվեցին մեր տուն բարի ճանապարհ մաղթելու։ Ամեն մեկը մի խնդրանք ոներ` այցելել այսինչ փողոցը, այնինչ սրճարանը, տեսնել` դեռ կան իրենց տան բակերը, խանութները, մարդիկ... ու թե մի բանի պետք էլ ունենամ, դիմեմ Նշանին։

Ուշ գիշեր էր, երբ մեր տան դուռը բախեցին։ Նախ ներս մտավ մի մե~ծ ճամպրուկ, որի ետևում հազիվ նշմարվում էր թաղեցի Չաչոն` կարճհասակ, ինքնագոհ դեմքով։

- Դու պատվիրակության մեջ ես, ձեզ չեն ստուգելու, - ասաց նա, հետո ավելի ինքնավստահ շարունակեց, - քեզ Հալեպում կդիմավորեն, սրա միջի եղածը (ձեռքը ճամպրուկին դնելով) նրան կտաս։ Վերադարձիդ էլ էս չամադանը (ճամպրուկը) կլցնի... Կբերես, կեսը ինձ, կեսը քեզ...
Մի պահ հիշեցի «ԱԴԱՄԱՆԴԵ ՁԵՌՔԸ» նշանավոր ֆիլմի հերոսին, հետո էլ Չաչոյի չափն անցած ինքնավստահությունից վիրավորված` որոշեցի մերժելու փորձ անել, հարցնելով`

- Բա որ չդիմավորե՞ն... - Անհնար է, - սառն ու հատու կանխեց Չաչոն։ Այն տարիներին Սովետի մաքսատնով անցնելը նույնն էր, թե ասեղի անցքով անցնեիր։ Մեր պատվիրակությունը արտահերթ մտավ մաքսատուն։ Պետը ժպիտով դիմավորեց, բարևեց պատվիրակության ղեկավարին, նույնիսկ, ողջագուրվեցին։ Հետո նա սիրալիր դիմեց խմբին.

- Ոչ մեկիդ չենք զննելու, բայց խնդրում եմ, ում մոտ սեթ կա, թող կամովին հանի, դնի սեղանին։ Չաչոյի տվածները հենց նրա ասածն էր, որոնց լավ գին էին տալիս Հալեպում։ Բացեցի ճամպրուկս ու սեղանին դրի չարաբաստիկ սեթերի ծանր տուփերը։ Երբ արդեն սահմանն անցել էինք, պատվիրակության ղեկավարը նախատեց.

- Քեզ ո՞վ ասաց բացես ճամպրուկդ, չգիտե՞ս, որ մենք առանց ստուգման ենք անցնում... Հալեպում ամենաբարձր մակարդակով դիմավորեցին մեզ։ Դիմավորողների մեջ էր Չաչոյի ասած մարդը։ Մոտեցավ, հազար տարվա բարեկամի ու հարազատի պես ողջագուրվեցինք, թեև առաջին անգամ էինք հանդիպում։ Հետո շշուկով հարցրեց.

- Չաչոն բան մը տվա՞վ: - Տվեց, բայց մաքսատանը առան։ - Հո՞ս, - զարմացավ մարդը։ - Չէ, հոն, - տխուր ասացի ես ու տեսա, թե ինչպես կերպափոխվեց, մթնեց քիչ առաջ ժպտերես մարդը հազար տարվա բարեկամ ու հարազատ դարձած մարդը չարացավ, օտարվեց... Լավ էր` այդ պահին ինչ-որ մեկը կանչեց նրան։

- Նշա~ն, գտա՞ր մարդուն...

- Գտա, բայց ինչ օգուտ, - դժգոհելով փնթփնթաց Նշանն ու գնաց ձայնի կողմը... - Չաչո, Չաչո... չըսի՞ ամեն ապուշի հետ ապրանք մի ղըրկե, - արդեն ընկերոջը բողոքելով Նշանը ի՞նձ, թե՞ Չաչոյին էր նախատում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: