Հայերեն   English   Русский  

​Նոյեմբերի 28-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց նկարչուհի Նունե Աղբալյանի «Painting. Printing» խորագրով անհատական ցուցահանդեսը:


  
դիտումներ: 856

Նոյեմբերի 28-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց նկարչուհի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դասախոս, պրոֆեսոր Նունե Աղբալյանի «Painting. Printing» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Նկարչուհի Նունե Աղբալյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի ավելի քան վաթսուն աշխատանք, որոնք ծնվել են մեկ տարվա ընթացքում: Ատլասի, մետաքսի և կտորի այլ տեսակների վրա Աղբալյանը ստեղծում է վառ գույներով հարուստ ինքնատիպ աշխատանքներ, որոնցում պատկերված են բնությունը, ծաղիկները, մարդիկ և ոգեշնչման աղբյուր դարձած այլ երևույթներ:

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանն ասաց, որ վաղուց է ճանաչում հրաշալի արվեստագետին:

«Յուրաքանչյուր ցուցահանդեսով Նունեն նորություն է բերում: Նախկինում պլաստիկան չկար, միայն դեկորատիվ հետաքրքիր լուծումներ էին, իսկ այսօր տեսա, որ նրա գործերը նոր շունչ են ստացել: Այս ստեղծագործությունները հասուն նկարչուհու արվեստի գործեր են»,-ընդգծեց Միրզոյանը:

Նունե Աղբալյանն էլ, որն առաջինն է Հայաստան բերել բատիկի մշակույթը:

Նունե Աղբալյանը 1982 թվականին ավարտել է Մոսկվայի տեքստիլի պետական ինստիտուտի կիրառական արվեստի բաժինը:

«Ինձ ուղեգիր տվեցին, որ գամ Հայաստան և աշխատեմ որևէ արտադրությունում, որտեղ գործվածքի ձևավորմամբ են զբաղվում: Այդպես էլ արեցին: Արդյունքում գործվածքի վրա նկարչությունն ու գործվածքի ձևավորումն իմ մասնագիտությունը դարձան: Այժմ դասավանդում եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում և իմ փորձն եմ փոխանցում ուսանողներին»,-ներկայացրեց նա:

Անդրադառնալով ցուցահանդեսին՝ նկարչուհին շեշտեց, որ մասնակցել է ավելի քան հարյուր ցուցահանդեսի, իսկ Նկարիչների միությունում հինգերորդ անգամ է ներկայանում:

Նունե Աղբալյան

Ցուցահանդեսում ներկայացված են նաև պայուսակներ, շարֆեր և կանացի այլ աքսեսուարներ, որոնք զարդարված են Նունե Աղբալյանի պայծառ ու ոճային նկարներով:

Հիշեցնենք, որ Նունե Աղբալյանը մասնակցել է ավելի քան 90 ցուցահանդեսի Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում և այլուր։

Աշխատանքները ներկայացված են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Նշենք, որ նա առաջիններից մեկն էր, ով Հայաստանում սկսեց զբաղվել բատիկ արվեստով:

Սակայն ի՞նչ է բատիկ արվեստը և ինչպե՞ս է այն պատրաստվում

Բատիկը հին պատմություն ունի։ Դրա զարդանախշը արվում է հատուկ ներկակայուն տեխնոլոգիայով։ Նման գործվածքներ մեծ ճանաչում ունեն ողջ աշխարհում։

Նկարիչը «բատիկի կտավը» պատրաստում է՝ օգտագործելով փոքրիկ պղնձյա գործիք, որի մեջ լցված է հեղուկ մոմը, որպեսզի կտորի վրա ձեռքով նկարի բարդ նախշեր։ Երբ մոմը չորանում է, նա ներկում է կտորը։ Մոմապատ մասերը պահում են իրենց գույնը և չեն ենթարկվում ներկի ազդեցությանը։ Այս պրոցեսը հաճախ կրկնում են՝ օգտագործելով տարբեր գույնի ներկեր՝ վառ զարդանախշ ստեղծելու համար։

19-րդ դարի կեսերին բատիկի վարպետները կտորը մոմելու համար օգտագործում էին պղնձյա շտամպներ։ Դաջման այս եղանակը ավելի արդյունավետ էր, քան ձեռքի գործիքով աշխատելը, բացի այդ, այդպես հնարավոր էր նույնատիպ զարդանախշեր ստանալ։ 20-րդ դարում գործարանները սկսեցին տրաֆարետով զարդանախշեր տպել կտորի վրա։ Այնուհանդերձ, ձեռքով արված բատիկը դեռ կենդանի է, չնայած որ համաշխարհային շուկայում գերիշխող է մեքենայական արտադրության բատիկը։

Բատիկը սովորաբար պատրաստվում է բամբակից կամ մետաքսից։ Ներկերը ստանում են տեղի տերևներից, փայտից, ծառի կեղևից և համեմունքներից, օգտագործվում են նաև արհեստական ներկեր։ Նախքան մոմով աշխատելը արհեստավորները զարդանախշեր պատկերելու համար օգտագործել են բանջարեղենի մածուկներ, կենդանիների ճարպ և նույնիսկ ցեխ։ Այսօր հաճախ արհեստական մոմ են օգտագործում, չնայած պարաֆինի և մոմի խառնուրդը դեռևս կիրառելի է։

Վերջին տասնամյակներում բատիկը ավելի մեծ ճանաչում է գտել և դարձել է Ինդոնեզիայի ազգային խորհրդանիշ։ Հաշվի առնելով բատիկի պատմությունը և մշակութային արժեքը՝ 2009թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն բատիկը համարեց որպես Ինդոնեզիայի «մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» մի մասը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: