Հայերեն   English   Русский  

​Սահմանադրական դատարանը՝ ժողովրդավարության գլխավոր բաստիոն


Խոսրով Հարությունյան,ֆբ գրառում


  
դիտումներ: 862

Մի՞թե օրենսդրական նախաձեռնությունները, որոնց արդյունքում Սահամանադրական դատարանը հայտնվում է քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ, կարելի է համարել դատաիրվական բարեփոխումներ:

Արդարադատության նորաթուխ նախարարը գիտակցու՞մ է Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախաձեռնության անվերականգնելի վնասը պետականությանը և դրա իրավաքաղաքական հետևանքներում սեփական քաղաքական պատաասխանատվությունը:

Գիտակցու՞մ է արդյոք Ազգային Ժողովում քաղաքական մեծամասնությունը, կամ առնվազն նրա իրավաբանական կրթություն ունեցող հատվածը, ցանկացած նպատակով կամ քաղաքական անհրաժեշտությամբ իշխանությունների տարանջատման և հակակշռման սահմանադրական սկզբունքի տապալման հետևանքները և դրանցում սեփական քաղաքական պատասխանատվությունը:

Արդյո՞ք Վարչապետը պատրաստ է Սահմանադրության և սահմանադրականության հիմնարար սկզբունքների խախտման գնով հասնել իշխանության բոլոր թևերի վրա սեփական անվերապահ իշխանության հաստատմանը:

Այս հարցերի պատասխանը հանրությունը, համենայնդեպս նրա մտածող և ժողովրդավարության ապագայով մտահոգ հատվածը, կստանա Ազգային Ժողովի առաջիկա քառօրյայի ընթացքում:

Առանց չափազանցության կարող ենք փաստել, որ մեր հասարակությունը այսօր կանգնած է ‹‹Իրավական և ժողովրդավարական Հայաստան›› թե՞ ‹‹ավտորիտար Հայաստան›› ընտրության առջև, ընտրություն, որի հետևանքներն ունենալու են ճակատագրական նշանակություն մեր պետականության ապագայի համար:

Պատկերավոր ասած առաջիկայում կորոշվի՝ մենք գերադասում ենք ապրել եվրոպական տիպի երկրում թե ասիական կամ աֆրիկյան տիպի երկրում:

Անկեղծ ասած նշվածը հասարակության ընտրություն էլ չի կարելի համարել, քանի որ նրա փոխարեն և նրա անունից այդ ընտրությունը փորձում է կատարել օրվա իշխանությունը:

Մեր պետության ապագան, առանց սխալվելու հավանականության, կարող ենք պնդել, այսօր կախված է բացառապես Սահմանադրական դատարանի դատավորների սեփական քաղաքացիական առաքելության գիտակցումից և բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, պաարտավոր են սատար կանգնել նրանց:

Այսօր Սահմանադրական դատարանը դարձել է Հայաստանում ժողովրդավարության գլխավոր բաստիոնը:

Կկարողանա՞ն Սահմանադրական դատարանի դատավորները դիմակայել իշխանությունների այս աննկարագրելի ճնշմանը, ուրեմն հույս կլինի, որ ժողովրդավարական ապագա և քաղաքակիրթ երկիր կառուցելու մեր շանսերը կպահպանվեն:

Ցավոք, ներքին զարգացումների բերումով Սահմանադրական Դատարանը հայտնվել է պետականության կայացման գործընթացում որակապես այլ, ինչ որ իմաստով պատմական, առաքելության իրականացման պարտադրանքի առջև, ինչն ավելին է, քանց հանրային կյանքում այն դերակատարումը, որը վերապահված է այդ կառույցին Սահմանադրությամբ:

Համոզված եմ, որ ժամանակը կտա Սահմանադրական Դատարանի դատավորների սեփական քաղաքացիական առաքելության գիտակցման իրական գնահատականը:

Ի դեպ, իշխանությունները դեռ կարող են դեպի բացարձակ ավտորիտար ռեժիմ գլորվելու ընթացքը կասեցնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: