Հայերեն   English   Русский  

Սահմանադրական դատարանում մի ճգնաժամ կա, ում անունն է Վահե Գրիգորյան. Գևորգ Պետրոսյան


  
դիտումներ: 607

Այսօր` դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու նախագիծը: ՀՀ արդարադատոթյան նախարար Ռուստամ Բադասյանին դիմելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց՝ արդյոք

նախագիծը Սահմանադրական դատարանի անդամների վիճակը վատթարացնո՞ղ, թե՞ բարելավող բնույթ ունի:

«Պարոն նախարար, այս նախագիծը Սահմանադրական դատարանի անդամների վիճակը վատթարացնող, թե՞ բարելավող բնույթ ունի: Երկրորդ, ի՞նչ չափանիշով են ընտրվել հենց Սահմանադրական դատարանի անդամները, ասենք ինչո՞ւ այդ նույն կանոնը չեք ուզում կիրառել Վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ, Վերաքննիչ դատավորների, Ազգային ժողովի պատգամավորների, ես էլ օրինակ կուզենայի, որ իմ 4 տարի 3 ամսվա աշխատավարձն ու խրախուսումները տային եւ գնամ իմ համար ըմբոշխնեմ ձմեռային երեկոների հաճույքը Հայաստանի տարբեր գեղատեսիլ վայրերում: Հաջորդ` ի՞նչ չափանիշով է ընդունվել 7-րդ գլխի ուժի մեջ մտնելու պահը եւ արդյոք այստեղ չկա նախկին դատավորներից ազատվելու խնդիր, ոչ թե նորընտիր 2 դատավորներից: Հետո դուք հարկատուների հետ զրուցե՞լ եք, հարկատուները պատրա՞ստ են աշխատանք չկատարող դատավորի կերակրել և դուք չեք գտնում, որ սրանով մենք աղճատում ենք կենսաթոշակի իրավունքի ինստիտուտը»:

Գևորգ Պետրոսյանը նաև հարցրեց արդարադատության նախարարին, թե ասում եք ՍԴ ճգնաժամ, թող կոնկրետ ասի` ինչ ճգնաժամի մասին է խոսքը` նշելով, որ իր իմանալով ճգնաժամն այն վիճակն է, երբ տվյալ պետական մարմինը չի կարողանում իրականացնել իր գործառույթները:

«Այնտեղ մի ճգնաժամ կա, ում անունն է Վահե Գրիգորյան, այդ ի՞նչ օբյեկտիվ անհնարին իրավիճակ է, երբ ՍԴ-ն չի կարողանում գործեր քննել եւ որոշումներ կայացնել»,-ասաց նա:

Արադադատության նախարարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ ինքը վերջին հարցից կպատասխանի եւ նշեց, որ դատական համակարգի նկատմամբ հանրության կողմից անվստահություն կա եւ ճգնաժամ ասելով դա ի նկատի ունեն:

«Երկրորդը` ճգնաժամ ասելով մենք ի նկատի ունենք, որ Սահմանադրական փոփոխությունները քննարկելիս ասել ենք, որ ՍԴ մոդելը սխալ է, ժողովուրդ ջան, եւ իրապես արդարադատություն իրականացնող ՍԴ ունենալու համար պետք է որ առաջադրող մարմինները լինեն 3-ը` դատավորների ընդհանուր ժողով, Կառավարություն, Հանրապետության նախագահ, այսինքն` պետք է ներառական մասնակցություն լինի ՍԴ ձեւավորմանը, որպեսզի չլինի իրավիճակ, որ մեկ քաղաքական ուժի քմահաճույքով ՍԴ ձեւավորվի: Սակայն այդ մոդելն այդպես էլ կյանքի չի կոչվել, քանի որ ՍԴ անդամների ճնշող մեծամասնությունը արդեն իսկ պաշտոնավարում էին որպես ՍԴ դատավորներ»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ ինքը չի կարծում, որ կենսաթոշակի իրավունքն է աղճատվում, քանի որ օրենքով կանոնանկարգվում է, որ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղ կենսաթոշակի անցնել եւ նման միջազգային փորձ կա:

Անդրադառնալով հարկատուների հարցին, նախարրան ասաց, որ այստեղ մտահոգություն ունեն, սակայն պետք է տան հաջորդ հարցը, թե որքանով են պատրաստ հարկ վճարել եւ վարձատրել իրենց կողմից վստահություն չունեցող ՍԴ դատավորների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: