Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 313

Շաբաթը, համեմատած նախորդների հետ, կարելի է հանդարտ համարել: Թեպետ քիչ չէին այնպիսի իրադարձությունները, որոնք նախկինում ընդվզման ալիք էին բարձրացնում:

Սա ցույց է տալիս, որ հասարակությունն արդեն ընտալացել է և՛ արտառոց դատավարություններին, և՛ կառավարության ու խորհրդարանի, մեղմ ասած, հակասական նախաձեռնություններին, և՛ երկրի ղեկավարի արտառոց վարքագծին ու ուղերձներին: Թերևս կարելի է ասել, որ ամենաթեժ իրավիճակն առաջացավ քաղաքապետարանում՝ քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ: Ակնհայտորեն հասարակական կյանքի ընդերքում նոր օրակարգ է ձևավորվում. ինչպես դիմակայել այս ամենին, ինչպես գործողությունների ռազմավարություն մշակել:

Քրեական գործընթացները

Հայտնի դատավարությունների առումով, որոնց ֆրանսահայ փաստաբանը շատ դիպուկ «թատրոն» որակումն է տվել, ընթանում էին նույն սովորական դարձած տրամաբանությամբ: Թեպետ «Մարտի 1»-ի գործով անցած շաբաթվա նիստը ցույց տվեց, որ մեղադրողների ու պաշտպանների նյարդերը երբեմն տեղի են տալիս:

Երեքշաբթի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջվեց փաստաբանի և դատախազի ընդհարման պատճառով, որ հանգեց «դու ով ես, որ ինձ բան ցույց տաս», «հանգիստ տեղդ նստի» ոճի լեզվակռվի: Դատախազին հունից հանեց դատախազ Կարեն Բիշարյանին բացարկ հայտնելու միջնորդությունը ներկայացնելիս Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բերած փաստարկը և եզրահանգումը, որը այնուհետև կրկնեցին մյուս փաստաբանները:

Հարցն այն է, որ 2019 թ. փետրվարի 23-ին Կարեն Բիշարյանը խորհրդարանում Մարտի 1-ի վերաբերյալ քննարկումների ժամանակ հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմք չի տեսնում, նույնիսկ վկայի կարգավիճակով: Բայց չորսուկես ամիս անց նույն դատախազը նրան կալանավորելու հիմքեր է տեսել, թեպետ մեղադրանքի համար հիմք դարձած հանգամանքները հայտնի էին նաև փետրվարի 23-ին, նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել: Հետևաբար Կարեն Բիշարյանը կա՛մ փետրվարին է քաղաքական պատվեր կատարել, կա՛մ նույն տարվա ամռանը, ուստի նա չի կարող հանդես գալ որպես անկողմնակալ դատախազ: Համբերատար լսելով փաստաբանների փաստարկներն ու մեկնաբանությունները՝ դատավոր Աննա Դանիբեկյանը, ինչպես և սպասվում էր, մերժեց միջնորդությունը։

Անցած շաբաթվա ուշագրավ նորությունն այն էր, որ «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալ ներգրավվեց: Հենց երկուշաբթի հայտնի դարձավ, որ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որ այժմ դասավանդում է Մոսկվայում, առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ ՀՔԾ մեղադրանքն առաջադրելու համար: Այնուհետև նրա նկատմամբ հետախուզություն հայտարարվեց:

Դու ինձ բեռնատար, ես քեզ՝ շինթույլտվություն

Երևանի ավագանու նիստում հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը «Կամազ» բեռնատարներ է նվեր ստացել, սակայն այդ իրողությունը գաղտնի է պահվել, ընդ որում, այդ «նվիրատվություններն» անշահախնդիր չեն եղել, այլ փաստացի գործարք՝ շինթույլտվությունների դիմաց: «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոյեմբերի 28-ին ֆեյսբուքի ուղիղ եթերով մանրամասն ներկայացրեց, թե բեռնատարներն ովքեր կամ ինչ կազմակերպություններ են «նվիրել» և ինչի դիմաց: Ի պատասխան ուղիղ եթերով հանդես եկավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանը, բայց չնայած իր դերասանական շնորհքին՝ չկարողացավ ցրել կոռուպցիոն ռիսկերի կասկածները: Ծիծաղելի էր մանավանդ այն փաստարկը, թե ինքը չի իմացել, որ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն գործարար Սամվել Ալեքսանյանին է պատկանում, քանի որ փաստաթղթերում ուրիշ անուն է գրված:

Թե ինչ հետևանք կունենա այս բացահայտումը քաղաքապետի համար, ցույց կտան հետագա շաբաթների զարգացումները: Առայժմ կառավարության և մանավանդ վարչապետի կողմից, որը առիթ-անառիթ սիրում է լայվ մտնել և անմիջականորեն խոսել իր «ընտանիքի» անդամների՝ ՀՀ քաղաքացիների հետ, արձագանք չկա: Պարզվեց, այս իրավիճակում նա շատ ավելի առաջնահերթ հարցով էր զբաղված՝ ստանձնելով տեղեկատու կամ գովազդային կազմակերպության դեր: Սա փաստ է:

Երկուշաբթի վարչապետն իր ֆեյսբուքյան էջով ոչ միայն կոչ արեց մետաղի ջարդոնի ընդունման կետեր հանձնել մեքենաների հնամաշ թափքերը (կմախքները), այլև հնարավորինս լայն տարածել իր գրառումը։ Ընդ որում, զետեղեց Երևանի ու այլ քաղաքների համապատասխան հասցեները, որտեղ մետաղի տոննան ընդունում են 10-12 հազար դրամով: «Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ վերը նշված հեռախոսահամարներով: Եթե զբաղված լինի, ավելի ուշ զանգեք: Դա նշանակում է շատերն են զանգում»,- ավարտել է իր գրառումը վարչապետը: Էլ ո՞վ պիտի մատուցեր այս «հույժ կարևոր» տեղեկությունը, եթե ոչ «ժողովրդավարական բաստիոն» հռչակված նոր Հայաստանի ղեկավարը:

Այս համատեքստում ուշագրավ է նաև վարչապետի՝ ՀՔԾ ծառայողի օրվան նվիրված ելույթը: Նա նշեց, որ երբ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի, չարաշահումների մասին, երբեմն դա ընկալվում կամ վերագրվում է միայն նախկին պաշտոնյաներին, այնինչ ինքը նկատի ունի նաև գործող պաշտոնյաներին, որովհետև եթե այդ պայքարը վերաբերի միայն անցյալին, դա կլինի քաղաքական նպատակահարմարություն և չարաշահումների հին կուլտուրան չարաշահումների նոր կուլտուրայով փոխարինելու ձգտում: Եվ արձանագրեց, որ պետական պաշտոնյաները շատ արագ ձեռք են բերում իշխանի, բդեշխի բարդույթ, մինչդեռ այդ բարդույթը պետք է փոխարինվի Հիսուսի բարդույթով:

Նույնքան ուշագրավ էր վարչապետի ելույթը նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի 15-ամյակին նվիրված համաժողովում: Պարզվեց, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բայց այդ ժողովրդավարությունը ՀՀ-ում գոյություն ունի որպես էմոցոիոնալ արտահայտություն, և դա 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության էմոցիոնալ շարունակությունն է: «Հիմա կարիք ունենք ժողովրդավարությունն ուժեղ դարձնել ինստիտուցիոնալ առումով: Նկատի ունեմ այնպես, որ դրա ապագան որևէ կերպ կախված չլինի որևէ լիդերի, որևէ անձի, կուսակցության ճաշակից, տրամադրությունից, հայեցողությունից»,- ասաց նա: Արդյոք նա նկատի ունե՞ր նաև վերջերս ընդունված այն օրենքը, որով Սահմանադրական դատարանի դատավորներին պարտադրվում է կա՛մ ինքնակամ թոշակի գնալ և այսուհետև ապրել անաշխատ եկամուտով, կա՛մ քրեորեն հետապնդվելու վտանգի ենթարկվել:

Ժլատ հանգանակությունը և առատաձեռն պարգևավճարները

Ուրբաթ առավոտյան հայտնի դարձավ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 9 մլն 856 հազար դոլար՝ 2018-ի համեմատ 1 մլն 250 հազարով պակաս։ Հավաքված գումարը կծառայի Արցախում, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում խմելու ջրի մատակարարման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը: Նկատենք, որ նախկին «թալանչի» իշխանությունների ժամանակ եղել են տարիներ, երբ արդյունքները 2-3 անգամ ավելին են եղել:

Հեռուստամարաթոնի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է, որ երբ լրագրող էր, պարզել է, որ 27 տարվա ընթացքում հանգանակվել է մոտ 370 միլիոն դոլար։ Մինչդեռ ինքը հաշվարկել է, որ եթե 5 միլիոն հայ ամիսը 20 դոլար փոխանցի, ամեն տարի կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Վարչապետը հիմնադրամի էջում համապատասխան կարգավորում է արել, որով ամեն ամիս իր հաշվից 10 հազար դրամ կփոխանցվի հիմնադրամին, և մարտահրավեր է նետել երեք նշանավոր հայի: Այնուհետև ծայր առան այս կոչի արձագանքները. նշանավոր անձինք հպարտորեն նշում են, որ միացել են դրան և իրենք էլ իրենց հերթին կոչ են արել ուրիշներին:

Այս իրավիճակում առավել քան սուր ընկալվեց այն տեղեկությունը, որ Ազգային ժողովի պատգամավորներին այս տարվա 10 ամիսների ընթացքում 14 անգամ պարգևավճար է տրվել: Փաստորեն եղել են ամիսներ, երբ մի քանի անգամ են պարգևավճար ստացել: Չեն դադարում այն հայտարարությունները, թե ներկայիս օրենսդիր մարմինն անգործունակ է և ահռելի ֆինանսական միջոցներ կլանող: Եթե սրան էլ գումարենք կառավարության շռայլությունները հանուն անձնական շքեղությունների, որոնց մասին արդեն շատ է գրվել, ապա կարելի է նույնիսկ զարմանալ, որ այս տարի գոնե մոտ 10 մլն դոլար է հավաքվել:

Ի՞նչ պիտի մտածի սփյուռքի մեր հայրենակիցը վարչապետի կոչը ստանալիս, երբ հիշի, որ հայրենիքում ապրող իր հայրենակիցների վճարած հարկերը գնում են վարչապետի քմահաճույքներին հագուրդ տալուն (առանձնատան շքեղ վերանորոգում, շքեղ փոխադրամիջոցներ՝ ավտոմեքենաների ու նոր ինքնաթիռի գնում, անվերջանալի այցեր տարբեր երկրներ, որոնք երկրին ոչինչ չեն տալիս և ավելի շատ թանկ նստող զբոսաշրջության տպավորություն են թողնում) կամ սեփական թիմի բարեկեցությունն ապահովելուն, իսկ հիմա ինքը պիտի կամավոր ամսական «հարկ» վճարի, որպեսզի ապահովվեն սահմանամերձ բնակիչների առաջին անհրաժեշտության կարիքները:

«Թավշյա» հեղափոխականների երազած նոր Հայաստանը. անկցի պարտադիր զինծառայությունը

Աշխատանքային շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով խափանեց երկրի քաղաքացիների՝ հանգստյան օրերին մի քիչ նյարդերը հանգստացնելու հնարավորությունը: Նրա ձեռնարկած «Արագացված զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ զինապարտ երիտասարդները կարող են վճարել 10 մլն դրամ, անցնել մեկամսյա արագացված ծառայություն բանակում և ազատվել երկու տարով ծառայելու պարտականությունից: Պարզվեց, որ հեղափոխական պատգամավորին երջանիկ լինելուն և իր երազած Հայաստանում ապրելուն հենց սա էր պակասում: Եվ կարևոր չէ, թե սրան ինչպես է արձագանքում պաշտպանության նախարարությունը, կարևոր չէ, թե ինչպես կարձագանքի «Իմ քայլը» խմբակցությունը, կարևոր է այն, որ պատերազմող երկրի իշխող կուսակցության ներկայացուցիչը և ժողովրդի քվեով պատգամավոր դարձած երիտասարդը համարձակվում է հանդես գալ նման առաջարկությամբ:

Անցած շաբաթ Արամ Առաջին կաթողիկոսը մի գրառում արեց իր թվիթերյան էջում, որ վերը նշված և բազմաթիվ այլ իրադարձությունների, առհասարակ այսօրվա տխուր իրավիճակի հակիրճ և դիպուկ գնահատականն է. «Որևէ հեղափոխություն շատ շուտ կշոգիանա, եթե խոստումը չունի որպես հենարան։ Ու երբ խոստումը հեռու մնա կյանքի իրականությունից, խորը անջրպետ կգոյանա ժողովրդի ու իշխանության միջեւ. կացություն, որ հղի է աննախատեսելի վտանգներով»:

Թե ինչ գին կունենան Հայաստանի և համայն հայության համար այդ անկանխատեսելի վտանգները, ցույց կտան հետագա շաբաթները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: