Հայերեն   English   Русский  

Պահանջում են սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, որը գործող իշխանություններն ի զորու չեն իրականացնել․ արաբագետը՝ ցույցերի մասին


  
դիտումներ: 420

Ի՞նչ ընդհանրություններ ունեն բողոքի գործողությունները մերձավորարևելյան երեք երկրներում՝ Իրանում, Իրաքում և Լիբանանում, և արդյոք դրանք փոխկապակցված են։ Այս թեմայի շուրջ է «Անկախը» զրուցել արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։

-Պարոն Պետրոսյան, Իրանում հակակառավարական ցույցերն իշխանությունները կարծես կարողացան հանդարտեցնել, Իրաքում և Լիբանանում ցույցերը շարունակվում են։ Ի՞նչ ընդհանրություններ կան երեք երկրների գործընթացներում։

-Իրականում միաժամանակ մերձավորարևելյան 3 երկրներում ականատես եղանք ներքին լարվածության։ Բայցևայնպես, երեք երկրներում էլ գործընթացները տարբեր են։ Դրանցից յուրաքանչյուրը բովանդակային առումով էականորեն տարբերվում է մյուսներից։ Ընդհանուր գիծը, որ կարելի է տանել բոլոր 3 երկրներում ընթացող գործընթացների միջև, հիմնականում քաղաքացիական բողոքի շարժումներն են` ուղղված տվյալ երկրների իշխանությունների դեմ։ Բայց և՛ բովանդակային առումով, և՛ նպատակների առումով, և՛ արտաքին ազդեցության, այդ գործողություններն ուղղորդելու տեսանկյունից , ինչպես նաև իշխանությունների վարքագծում ակնհայտ տարբերություններ կան։

-Արդյո՞ք միմյանցից անկախ էին բողոքի գործողությունները երեք երկրներում։ Գո՞ւցե արտաքին գործոնով են փոխկապակցված։

-Ընդհանուր առմամբ չի կարելի մեկը մյուս հետ շաղկապել։ Այլ հարց է, որ արտաքին դերակարատարներն այդ բողոքի գործողություններով նաև փորձում են թուլացնել Իրանի գործող վարչակարգի դիրքերը, թե հենց նույն Իրանի դեպքում, թե Իրաքում և թե Լիբանանում։ Արտաքին դերակատարների ուղղակի մասնակցությունը դեռևս խիստ սահմանափակ է, այսուհանդերձ զգացվում է գործողությունների ուղղորդումը ընդդեմ Իրանի գործող վարչակարգի ազդեցության։ Եթե Իրանում այդ գործընթացում ազդեցության հիմնական միջոցները քարոզչամիջոցները և սոցիալական կայքեն են, ապա Իրաքի և Լիբանանի պարագայում մի փոքր այլ է, գործադրվում են նաև գործակալային ցանցեր մի շարք երկրների կողմից, որոնք փորձում են ցուցարարների գործողություններն ուղղել բուն Իրանի ազդեցության կամ Իրանի հովանավորյալ կառույցների դեմ։

Ամփոփելով՝ ասեմ, որ կան օբյեկտիվ բողոքի գործողություններ, բայց ստեղծված իրավիճակը փորձում են օգտագործել արտաքին դերակատարները՝ աստիճանաբար այդ գործողությունների վեկտորն ուղղելով Իրանի գործող վարչակարգի ազդեցության դեմ։

-Լիբանանում վարչապետի հրաժարականն էլ չմեղմեց իրավիճակը։ Արդյո՞ք քաղաքացիական պատերազմից հնարավոր կլինի խուսափել՝ հաշվի առնելով այս երկրի անցյալը։

-Լիբանանում կուտակված խնդիրների հիմնական պատճառը գործող համակարգն է։ Բոլոր գործողություններն ուղղված են գործող համակարգի դեմ, և ցուցարարներն իրենց խնդիրների լուծումը տեսնում են բացառապես գործող համակարգի փոփոխության ճանապարհով։Այսինքն առանձին անձի հրաժարականը որևէ կերպ չի կարող հանգեցնել Լիանանում եղած խնդիրների հանգուցալուծմանը։ Ցուցարարների պահանջն է ձևավորել բացառապես արհեստավարժների կառավարություն, որը զերծ կլինի որևէ քաղաքական ուժի ազդեցությունից։ Այսինքն՝ լիբանանցի ցուցարարը կարծում է, որ իր երկրում ստեղծված վատթար իրավիճակի մեղավորը երկրում գործող քաղաքական համակարգն է։

Բավական բարդ է կանխատեսել, թե ինչ ուղղությամբ կընթանան գործընթացները։ Կա սպառնալիք, վտանգ, որ կարող է քաղաքացիական պատերազմի ճանապարհով գործընթացները զարգանան։ Բայց կարևոր է, որ բողոքի ներկա շարժման համատեքստում լիբանանյան հասարակությունը հիմնականում միասնական է, չկան կոնկրետ համայնքային բաժանումներ ցուցարարների միջև, միասնական պահանջում են փոփոխություններ՝ երկրորդ պլան մղելով իրենց համայնքային պատկանելությունը և այլ գործոնները։ Ցուցարարների այդ հատվածը բացարձակ մեծամասնություն է։ Եվ թերևս այս իրողությունն է, որ փոքր ինչ հույս է տալիս, որ իրադարձությունները կարող են չհանգեցնել ներքին զինված հակամարտության։ Դրա վտանգը կարող է լինել միայն արտաքին ուղղորդման կամ միջամտության հետևանքով։

- Տևական պայքարի արդյունքում արդյո՞ք Լիբանանում նոր քաղաքական ուժ ձևավորվել է, որը դերակատարություն կարող է ունենալ ապագա քաղաքական զարգացումներում։

-Դեռևս հստակ որևէ քաղաքական ուղղվածության գործընթացներ չեն երևում լիբանանյան բողոքի գործողություններում։ Քաղաքական առումով որևէ հստակություն չկա, և հենց սրանով է բարդանում իրավիճակը։ Այսինքն ցուցարարները պահանջում են գործող քաղաքական համակարգից հրաժարում՝ չներկայացնելով այլընտրանք։ Հենց դա էլ բարդացնում է իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունը։

-Իսկ Իրաքում ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

-Իրաքում ևս հիմնական բողոքի պատճառը սոցիալ-տնտեսական հիմք ունի, այսուհանդերձ, արտաքին ուղղորդմամբ ցույցերը նաև հակաիրանական բնույթ են կրում։

Այս առումով բոլոր երեք երկրներում էլ իրավիճակը նույնն է․ պահանջում են սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, որը գործող իշխանություններն ի զորու չեն իրականացնել։

Բարդ է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Բայց համակարգը փորձելու է փրկել իրավիճակը։ Իրաքի պարագայում ավելի հեշտ է նոր ընտրություններ անցկացնել և նոր կառավարություն ձևավորել, որովհետև, ի տարբերություն Լիբանանի, իրաքյան հասարակությունը համայնքային առումով ավելի քիչ է շերտավորված։ Այդ առումով Իրաքում ավելի հեշտ է քաղաքական հանգուցալուծման փորձերի իրականացումը։

-Պարոն Պետրոսյան, այդ երեք երկրներում էլ հայկական համայնք ունենք։ Հայաստան պետությունն ինչպե՞ս պետք է արձագանքի տեղի ունեցողին և որքանո՞վ ենք պատրաստ հնարավոր զարգացումներին։

-Նման պարագայում արձագանքները տեղին չեն, քանի որ բացառապես տվյալ երկրների ներքին գործն են այդ գործընթացները, որևէ արտաքին արձագանք, անկախ բնույթից, կարող է միանշանակորեն չընդունվել։

Ցանկացած զարգացումներին պատրաստությունները պետք է տեղի ունենան ՀՀ-ում։ Չեմ կարող հստակ նշել, թե ինչ է արվել։ Բայց երեք երկրներում էլ ունենք դիվանագիտական ներկայացուցչություններ, որոնք, կարծում եմ, տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ և վերլուծություններ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: