Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթն աշխարհում


  
դիտումներ: 376

Անցնող շաբաթն էլ չխուսափեց տարերային աղետներից, ահաբեկչությունից, հասարակությունների և իշխանությունների բախումներից, որոնք մարդկային կյանքեր են խլում:

Զոհեր. ճակատագի՞ր, թե գիտակցված մահ հանուն գաղափարի

Շաբաթվա ամենաողբերգական իրադարձություններից մեկը երեքշաբթի Ալբանիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն էր, որ 51 մարդու կյանք խլեց, առնվազն 2 հազար մարդ տուժեց, հազարավոր մարդիկ մնացին անօթևան: Սա իհարկե ճակատագիր է, անկանխատեսելի տարերային աղետ, որից ոչ ոք ապահովագրված չէ: Ասում են՝ երկրաշարժից ծնողների և եղբոր հետ զոհվել է նաև երկրի վարչապետ Էդի Ռամայի որդու հարսնացու Քրիստի Ռիչին:

Բայց ճակատագի՞ր էր արդյոք ահաբեկչությունը Լոնդոնի կամրջի վրա, ճակատագի՞ր են արդարության համար պայքարող ցուցարարների և կառավարությունների բախումները, ճակատագի՞ր են Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայի քրդերի դեմ, որոնք ամեն օր տասնյակներով մարդկային կյանքեր են խլում: Դժվար է ասել:

Բայց փաստորեն ճակատագրի բերումով անցած ուրբաթ Լոնդոնի կամրջի վրա երկու զոհվածներն էլ՝ Սասկիա Ջոնսը և Ջեկ Մերրիտը, Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ էին և աշխատել էին «Սովորում ենք միասին» ծրագրի շրջանակներում, որի նպատակը նախկին բանտարկյալների վերականգնումն ու օգնությունն է, որպեսզի նրանք վերստին ներգրավվեն հասարակության մեջ: Ահա և այդ նախկին բանտարկյալներից մեկն էլ, որին օգնել են վերականգնվել, վաղաժամկետ ազատվելով բանտից՝ կատարեց այդ ահաբեկչությունը: Եվ այժմ Բրիտանիայում շատերն են հարց տալիս՝ ինչու և ինչպես է 2012 թվականին ահաբեկչության համար դատապարտվածը վաղաժամ ազատվել: Մինչդեռ ներկայումս, ըստ վարչապետ Ջոնսոնի հայտարարության, արդեն վաղաժամկետ 74 ազատված ահաբեկիչ կա երկրում: Մի՞թե պետք է այս դեպքը պատահեր, որպեսզի մարդիկ սկսեին հասկանալ, որ քրեական արդարադատության որևէ համակարգ չի կարող լիարժեք պաշտպանել հասարակությանը այն մարդկանցից, որոնք մոլագար գաղափարախոսության ազդեցության տակ են: Առայժմ հստակ է մի բան. եթե Լոնդոնի կամրջի վրա հարձակում գործած Ուսման Խանը ազատության մեջ չհայտնվեր, զոհերը ողջ կմնային:

Ճակատագի՞ր է արդյոք, որ միայն անցած շաբաթվա ընթացքում Բաղդադում և Իրաքի հարավում անկարգությունների հետևանքով անվտանգոության ուժերի գործողություններից 45 ցուցարար է զոհվել: Այստեղ հոկտեմբերի 1-ին սկսված ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 350 մարդ, հազարավորները վիրավորվել են:

Ճակատագի՞ր է, որ իշխանությունների գործողությունները Իրանում զանգվածային ընդվազումները ճնշելու նպատակով, ըստ որոշ վերլուծությունների, ավելի շատ մարդկային կյանքեր են խլել, քան երբևէ վերջին 40 տարում: Ըստ որոշ տեղեկությունների՝ զոհվել է 180-ից մինչև 450 մարդ, սակայն ենթադրվում է, որ զոհվածների թիվը զգալիորեն կարող է ավելի մեծ լինել:

Թրամփի իմփիչմենթը և անակնկալ այցը Աֆղանստան

Մինչդեռ Միացյալ Նահանգների պես երկրում իշխանությունը փոխելու հարցը շատ ավելի համբերատար կերպով և միանգամայն անարյուն ճանապարհով են փորձում լուծել: Դժգո՞հ են իշխանության վարած քաղաքականությունից, իմփիչմենթի գործընթաց են սկսում, և դրա համար բավական է ինչ-որ մեկի հայտնած տեղեկությունը ինչ-որ հեռախոսային խոսակցության մասին: Ավելին, չորեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեից նամակ ուղարկեցին նախագահ Թրամփին՝ հրավիրելով նրան մասնակցելու դեկտեմբերի 4-ին իր իմփիչմենքի ընթացակարգի շրջանակներում վարվող լսումներին:

Ինքը՝ Թրամփը, չի բացառել, որ ցուցմունքներ կտա Կոնգրեսում, քանի որ լսումներին մասնակցելով՝ հնարավորություն կունենա հարցեր տալու վկաներին: Իսկ Ֆլորիդայում հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ դեմոկրատների ընթացք տված իմփիչմենթը սոսկ կօգնի իրեն, որ եկող տարի հաղթի նախագահական ընտրություններում:

Եվ բնականաբար երկրի ղեկավարը սկսում է ամեն ինչ անել ավելի լավը երևալու համար, քան կա, մանավանդ որ առջևում հերթական ընտրություններն են:

Երեքշաբթի Սպիտակ տունը հայտարարեց, որ նախագահ Դոնալդ Թրամփը երրորդ եռամսյակի իր աշխատավարձը՝ 100 000 դոլար է փոխանցել առողջապահության նախարարի օգնականի գրասենյակին «ափիոնոիդային ճգնաժամի դեմ պայքարը շարունակելու համար»։ Ափիոնոիդների չարաշահման դեմ պայքարը Թրամփի վարչակազմի առաջնահերթություններից է, քանի որ միայն 2017 թվականին ավելի քան 70 000 ամերիկացի է մահացել թմրանյութերի (մեծ մասամբ ափիոնոիդների) գերդոզավորման հետևանքով։

Անցած հինգշաբթի էլ Դոնալդ Թրամփն առաջին անգամ անակնկալ ոտք դրեց Աֆղանստան, որպեսզի հանդիպի ամերիկացի զինվորականներին և շնորհավորի նրանց Գոհաբանության օրվա առթիվ: Նա հանդիպեց Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի հետ և նստեց տոնական սեղանի շուրջը զինծառայողների հետ, այնուհետև հայտարարեց, որ «Թալիբան» արմատական շարժումը ուզում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ և պատրաստ է վերականգնել բանակցությունները։ Իհարկե, հետագայում Աֆղանստանի իշխանությունները զարմանք հայտնեցին այս կապակցությամբ, տեղեկություններ հասան, որ ո՛չ «Թալիբանը», ո՛չ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին ոչինչ են հայտարարել առաջիկա երկխոսության և ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերականգնման մասին: Բայց կարևորը ԱՄՆ նախագահի՝ ցանկալին իրականության տեղ մատուցելու ջանքերն են: Ի լրումն՝ Թրամփը ստորագրեց Հոնկոնգում մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ նախատեսող օրենքը, որը «ԱՄՆ-ի հեգեմոն վարքագծի» դրսևորում է որակել Պեկինը: Հիմնավոր կասկածներ կային, որ նա չի ստորագրի այդ օրենքը, քանի որ էապես կվնասի Նահանգների և Չինաստանի հարաբերությունները:

Եվրոպայի անհանգստությունները

Ուշագրավ շրջադարձներ տեղի ունեցան անցած շաբաթ Եվրոպայում:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը պաշտոնը թողնելուց առաջ հայտարարություն արեց Եվրամիության և Միացյալ Նահանգների հարաբերությունների մասին:

«Պատմության մեջ առաջին անգամ ի հայտ է եկել ամերիկյան նախագահ, որը բացահայտ դեմ է արտահայտվում միասնական Եվրոպային։ Նա աջակցում է բրեքսիտին և աղոթում է ԵՄ փլուզման համար»,- ասաց նա գերմանական Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Թրամփը տրամադրված է, որ Եվրամիությունը թուլանա, և դա «գուցե ամենադժվար խնդիրն է» Եվրոպայի համար։

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը խոստացավ հանրաքվե անցկացնել Շոտլանդիայի անկախության հարցով: «Եկել է ժամանակը Շոտլանդիայի ապագան վերցնելու Շոտլանդիայի ձեռքը»,- հայտարարեց տիկին Սթերջենը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում կայացած «Դադարեցնել բրեքսիտը» միջոցառման ժամանակ: Սթերջենը մեղադրել է Մեծ Բրիտանիայի հիմնական կուսակցություններին երկիրը «մշտական քաոսի» վիճակում պահելու համար: Բացի այդ, նրա կարծիքով, այնպիսի վարչապետի պարագայում, որպիսին Բորիս Ջոնսոնն է, «վատագույնն առջևում» է: Նա Ջոնսոնին բնութագրել է որպես «վտանգավոր և ոչ պիտանի վարչապետի պաշտոնի համար»: Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ Սթերջենը մտադիր է Շոտլանդիայի անկախության հանրաքվեն գլուխ բերել 2020 թվականին:

Իսկ «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը, որը ձգտում է Կատալոնիայի անկախությանը, օժանդակեց Իսպանիայի կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Այդ կերպ կատալոնցիները մտադիր են դրա դիմաց համաձայնության հասնել ընտրություններում հաղթած PSOE-ի սոցիալիստների հետ Կատալոնիայի անկախության հարցի բանակցությունները վերականգնելու համար:

Որոշ հակասություններ են առաջացել ՆԱՏՕ-ի ներսում: Թուրքիան հայտարարեց, որ կխոչընդոտի Լեհաստանի և Բալթյան երկրների պաշտպանության ուժեղացումը, քանի դեռ դաշինքի անդամները քրդական ինքնապաշտպանության ուժերին ահաբեկչական կազմակերպություն չեն ճանաչում: Իսկ լրատվամիջոցներում ավելի ու ավելի հաճախակի են դառնում այն հրապարակումները, որոնք մատնանշում են վստահության կորուստը դաինքի երկրների առաջնորդների միջև:

Հարևան երկրներում

Մինչ հարևան Վրաստանում շարունակվում էին ընդդիմության փողոցային ելույթները և խորհրդարանի պաշարումները արտահերթ ընտրությունների պահանջով, Ադրբեջանի Միլլի Մեջլիսում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին նախաձեռնությամբ հանդես եկավ իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը։ Վերլուծաբանները համարում են, որ Ալիևն այդպիսով մի քանի խնդիր լուծում, կլանների ազդեցության վերաբաշխումից բացի, իրական իշխանությամբ օժտել կնոջը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային, շեղել բնակչությանը սոցիալական խնդիրներից և կարճատև ընտրարշավով ընդդիմությանը զրկել համախմբվելու հնարավորությունից։ Թերևս այդ տրամանությամբ են պայմանավորված որոշ փոփոխությունները նրա թիմում և Ադրբեջանի «գլխավոր գրաքննիչի»՝ լրագրողների թշնամի Ալի Հասանովի ազատումը պաշտոնից: Եվ այդ ամենը կատարվել է ընդամենը մի քանի ժամում՝ նոյեմբերի 29-ի երեկոյան։ Իշխանություններն ու իշխանամետ լրատվամիջոցները այս երևույթը ներկայացնում են որպես «բարեփոխումների խորացում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: