Հայերեն   English   Русский  

Գլորիոզա, կրակի շուշան,(Gloriosa)


  
դիտումներ: 5912

Գլորիոզան կարելի է հիասքանչ և շքեղ սենյակային բույս անվանել, որի ծաղիկներն ուղղակի հիացնում և գերում են: Գլորիոզայի անվանումը լատինական ծագում ունի և թարգմանաբար նշանակում է փառք կամ փառավոր այսինքն՝ "փառքի ծաղիկ":

Գլորիոզան ինչպես և մյուս տրոպիկական բույսերը լավագույնս աճում և ծաղկում է բաց բնահողում: Գլորիոզան պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հարկավոր է ընդգծել, որ այս բույսը թունավոր է: Այն հատկապես վտանգավոր է, երբ ներթափանցում է ստամոքս, սակայն մաշկը գրգռող նյութեր չի պարունակում: Օրգանիզմի վրա սենյակային ծաղկի բացասական ազդեցությունից խուսափելու նպատակով անհրաժեշտ է ծաղկի հետ շփումից անմիջապես հետո լվանալ ձեռքերը: Ուստի անհրաժեշտ է բույսը պահել երեխաների համար անհասանելի վայրում: Այն բազմամյա խոտային բույս է: Գլորիոզիաների բոլոր տեսակները պալարային հիմնարմատներ ունեն, իսկ ծաղիկները գտնվում են ցողունի վերևի հատվածում: Մեկ բույսի վրա սովորաբար 5-7 ծաղկաբույլ է լինում: Գլորիոզայի նորմալ աճի և ծաղկման համար ծաղկին ցանկապետի տեսքով պարտադիր հենարան է անհրաժեշտ: Հենարանի համար օպտիմալ լուծում կլինի հաճախ ձգվող մետաղալարը կամ կարթալարը: Հարկավոր է բույսը վարագույրներին մոտ չդնել, քանի որ այն կարող է իր խիղբերով չափազանց ամուր փաթաթվել դրանց: Պետք չէ բույսը նաև կտրել: Գլորիոզայի ծաղիկները խոշոր են՝ դեղին եզրանախշերով, ալիքավոր ծաղկաթերթերով, իսկ ընդհանուր ձևով այն կրակի բոցեր է հիշեցնում: Այդ իսկ պատճառով գլորիոզային նաև կրակի շուշան են անվանում: Օգտագործվում են նաև այս սենյակային ծաղկի գլորիոզա շուշան, փառքի շուշան անվանումները: Այս ծաղկի առավել գեղեցիկ տեսակներն են փառահեղ և Ռոտշիլդի գլորիոզաները:

Փառահեղ գլորիոզա

Անգամ փառահեղ անվանումն արդեն հիշեցնում է այս սենյակային բույսի սքանչելիության մասին: Այն աճում է Հնդկաստանում, Նեպալում, Աֆրիկայում և այլն: Փառահեղ գլորիոզան բազմամյա սենյակային ծաղիկ է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 2 մ.-ի: Ծաղկի ծաղկաթերթերը երկար են և կարմիր գույնի` դեղին եզրերով: Տերևները 8-10 սմ. բաց կանաչ գույնի են: Դրանք ծաղկում են ամռան վերջին և աշնան սկզբին:

Ռոտշիլդի գլորիոզա

Այս ծաղիկը հանդիսանում է Զամբիայի ազգային խորհրդանիշը, որի ցողունների բարձրոթւյունը կարող է հասնել մինչև 3 մետրի, ցողունները կանաչ և բարակ են, ծաղիկները կարմիր կամ մորագույն են 10սմ. տրամագծով, իսկ ծաղկի եզրերը դեղին գույն ունեն: Ծաղկում են ամռան վերջին և աշնան սկզբին:

Տեղավորումը

Գլորիոզան սիրում է լուսավորություն և խոնավ օդ: Այս բույսի տեղավորման համար ամենացանկալի տարբերակը արևելյան կամ արևմտյան պատուհաններն են, իսկ խոնավության բարձրացման նպատակով կարելի է պարբերաբար այն ջրել: Արևից այն կարելի է հեռացնել միայն ամառային շատ շոգ օրերին: Չպետք է մոռանալ գլորիոզան պաշտպանել սառը քամուց: Աճման և ծաղկման ընթացքում բույսը նախընտրում է 20-25 աստիճան ջերմություն: Ձմռանը դրանք կարելի է թողնել նույն ծաղկամանի մեջ կամ տեղափոխել այն:

Գլորիոզայի խնամք

Ծաղկի պարբերաբար խնամքի դեպքում այն խնդիրներ չի առաջացնի: Պարբերաբար ջրելը, պարարտացումը, ճիշտ լուսավորությունը, օդի անհրաժեշտ խոնավությունը կապահովեն գլորիոզայի արագ աճը: Արդյունքում սենյակային բույսը ձեզ վարձահատույց կլինի հիասքանչ ծաղիկներով: Հարկավոր է պարարտացումն իրականացնել բույսին կից ցուցումներին համապատասխան: Բույսի պարարտացումը մինչև ծաղկման ավարտ սովորաբար անցկացվում է ամեն շաբաթ: Առավել շատ հարկավոր է այն ջրել աճի ընթացքում` սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին, իսկ այնուհետև կրճատել այն: Հանգստի շրջանում պալարները չեն ջրում: Ծաղկումից հետո, երբ բույսի վերգետնյա մասը թառամի, խորհուրդ է տրվում պալարը հանել հողից և 2-3 ամսով տեղավորել որևէ սառը տեղում:

Գլորիոզայի բազմացում

Գլորիոզան բազմանում է դուստր պալարներով կամ սերմերով: Սովորաբար նախապատվություն տրվում է պալարներով բազմացմանը, իսկ հակառակ դեպքում՝ ծաղիկը ծաղկում է միայն 2-3 տարի անց: Եթե որոշել եք բույսի պալարներով բազմացմամբ զբաղվել, ապա ցանկալի է դրանով զբաղվել դեռևս ձմեռվանից սկսած` հունվարից մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում: Ծաղկաման ընտրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել դրա ձևին, ցանկալի է ձեռք բերել ոչ խոր, սակայն լայն ծաղկաման: Որոշ այգեգործներ խորհուրդ են տալիս գլորիոզաներն աճեցնել կերամիկական, այլ ոչ թե պլաստիկ ծաղկամանների մեջ: Բույսը տնկելու համար հարկավոր է սննդարար հող: Սեզոնի ավարտին հողի օգտակարությունը նվազում է , այդիսկ պատճառով հարկավոր է ամբողջովին այն փոխել: Պետք է նկատի ունենալ, որ ի տարբերություն այլ պալարային բույսերի` գլորիոզայի պալարը նստում է հորիզոնական դիրքով, ուստի հարկավոր է չափազանց զգուշությամբ դրան վերաբերվել, քանի որ պալարը աճի միայն մեկ կետ ունի: Գլորիոզայի պալարը հարկավոր չէ շատ խորը տնկել: 2-3 սմ. խորությունը լիովին բավարար է: Առաջին բողբոջը կարող է հայտնվել արդեն 1-2 ամսից: Այստեղ շատ բան կախված է պալարից: Ոչ մի դեպքում չի կարելի պալարը քանդել դրա վիճակը ստուգելու նպատակով: Դրանով դուք միայն կվնասեք այն` ոչնչացնելով ձևավորվող արմատային համակարգը: Հարկավոր է հետևել հողի խոնավությունը, որպեսզի այն ոչ շատ չորանա և ոչ էլ շատ ջրվի, ուղղակի այն միշտ անհրաժեշտ է խոնավ պահել: Պալարի աճի համար օպտիմալ ջերմաստիճանը 18-20 աստիճանն է: Գլորիոզայի ճիշտ խնամքի դեպքում ծաղկման շրջանից հետո հնարավոր է արդեն երկու պալար ստանալ:

Այգեպանի գաղտնիք

Պալարի տնկման դեպքում հարկավոր է չափազանց զգույշ լինել` դրա միակ բողբոջը չվնասելու համար: Սենյակային բույսի խնամքից անմիջապես հետո հարկավոր է ձեռքերը լվացել, քանի որ բույսը թույն է պարունակում, որը չպետք է ստամոքս ներթափանցի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: