Հայերեն   English   Русский  

Գրիբոյեդովի արձանի պղծումը ցույց տվեց, որ ադրբեջանական ակցիան Հայաստանում ունի աջակիցներ. Ղազինյան


  
դիտումներ: 109

Մեկ Հայաստան կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գաղտնիք չէ, որ Նժդեհի շուրջ վերջին շրջանում բորբոքվող կրքերը ուղղորդվում են Ադրբեջանի կողմից։ Ալիևը առիթը բաց չի թողնում Նժդեհի մասին բացասական արտահայտվելու համար և հատկապես դա անում է Ռուսաստանի մասնակցությամբ գրեթե բոլոր միջազգային միջոցառումներին։

Առանձնապես շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ այս ակցիաները նպատակ են հետապնդում խաթարել հայ-ռուսական բարեկամության հիմքերը, գշտեցնել Հայաստանի և Ռուսաստանի իշխանություններին և ժողովուրդներին։

Հայ ժողովրդի մեծ բարեկամ Գրիբոյեդովի արձանի պղծումը ցույց տվեց, որ ադրբեջանական այս ակցիան Հայաստանում ունի աջակիցներ, որոնք ազգայնականության քողի ներքո պատրաստ են ծառայել ադրբեջանական շահերին և սնուցել հակահայկական ու ծայրաստիճան վտանգավոր գործողություններն արդեն Հայաստանի սրտում՝ Երևանում։

Գլոբալիստների և ադրբեջանցիների շահերը այս հարցում համընկնում են, նրանց նպատակն է կտրել Հայաստանը Ռուսաստանից, թողել մենակ, ջլատել միասնությունը, պառակտել և թշնամացնել հասարակության տարբեր շերտեր։

Սակայն դատելով երեկվա հակահայկական ակցիայի հասարակական արձագանքից, կարելի է հաստատապես արձանագրել, Հայաստանում հաստատված և խորը արմատներ գցած օտարերկրյա գործակալական ցանցը իր նպատակների մեջ ձախողվեց։

Ձախողվեց, քանի որ վերջին մեկ և կես տարվա ընթացքում առաջին անգամ մեր հասարակության գիտակից շերտը հայտնեց իր դիրքորոշումը և աներկբա կերպով մերժեց ու դատապարտեց այս ադրբեջանական առաքելության ներհայկական դրսևորումը։

Ագրեսիվ ու աղմկոտ փոքրամասնության մանիպուլյատիվ ու կեղծ ձայնը ուղղակի խլացվեց գերակշռող մեծամասնության գիտակցության ու բանականության կողմից։

Արդեն սովորական դարձած վիրավորանքներին, հայհոյանքներին ու մանիպուլյացիաներին հայկական հասարակությունը պատասխանեց գիտելիքով, գաղափարով ու խորը գիտակցությամբ։

Սա ես համարում եմ բեկում, մտքի և գիտակցության պոռթկում, ատելության ու թշնամության մառախուղի մեջ արևի մի շող, որը կարճ ժամանակում կցրի մեր ժողովրդի գիտակցությունը թմրեցրած մշուշն ու դիվայինությունը։

Ամեն ինչ լավ է լինելու։

#գնում_ենք_առաջ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: