Հայերեն   English   Русский  

Մահացել է միջուկային անվտանգության ոլորտում ռուսաստանցի առաջատար մասնագետներից Ռաֆայել Հարությունյանը


  
դիտումներ: 92

Կյանքից հեռացել է Ռուսաստանի եւ աշխարհի առաջատար գիտնականներից մեկը՝ միջուկային եւ ճառագայթային անվտանգության ոլորտի մասնագետ Ռաֆայել Հարությունյանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի ԳԱ Ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի ներկայացուցիչը, որտեղ հետազոտողն աշխատել է:

«Խոր վշտով հայտնում ենք, որ դեկտեմբերի 9-ին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ականավոր գիտնական Ռաֆայել Հարությունյանը: Հրաժեշտ տալու ժամի եւ տեղի մասին կհաղորդվի լրացուցիչ»,- ասել է նա:

Ռաֆայել Հարությունյանը 1978 թվականին ավարտել է Մ.Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների ոլորտում:

1985 թվականին իր գիտական աշխատության համար ստացել է գիտության եւ տեխնիկայի ոլորտում Լենինյան կոմերիտմիության մրցանակ: 2014 թվականին դարձել է գիտության եւ տեխնիկայի ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր՝ Ռուսաստանի բնակչության եւ տարածքի ճառագայթային անվտանգության ապահովման մեթոդների եւ տեխնոլոգիաների մշակման ու ներդրման համար:

Ռաֆայել Հարությունյանը ԱԷԿ-ներում, այդ թվում՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ում ծանր վթարների հետազոտության ոլորտի առաջատար ռուսաստանցի մասնագետներից մեկն էր:

ՌԳԱ Ատոմային էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտում նա զբաղվել է ճառագայթային վթարների ռադիոլոգիական հետեւանքների կանխատեսման համակարգչային համակարգերի մշակմամբ եւ ճառագայթային ու բնապահպանական ռիսկերով բնակչության պաշտպանության հանձնարարականների մշակմամբ, մասնակցել է միջուկային եւ ճառագայթային անվտանգության ոլորտում խոշորագույն միջազգային նախագծերին, եղել է տարբեր գիտատեխնիկական խորհուրդների անդամ, «Ռոսատոմի» հանրային խորհրդի եւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի անդամ: Գիտնականը հրապարակել է 170-ից ավելի գիտական աշխատություններ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: