Հայերեն   English   Русский  

ՊԳԿ-ն ամուր հիմքեր է ստեղծում Հայաստանում խաղողի կայուն արտադրության համար


  
դիտումներ: 87

Խաղողագործությունը Հայաստանի ամենաճանաչված և արժեքավոր ազգային ակտիվներից է: Հայաստանում գինեգործությունն ունի ավելի քան 6000 տարվա պատմություն:

Ներկայումս այս ոլորտը գտնվում է իր զարգացման առանցքային փուլում:

Մինչև վերջերս Հայաստանը (բացառությամբ Տավուշի մարզի) համարվում էր ֆիլոքսերազերծ գոտի, քանի որ երկրի կլիմայական պայմանները նպաստավոր չէին միջատների կենսաբանական զարգացման համար: Սակայն, ներկայումս Հայաստանի խաղողագործությունը կարծես թե ընկալունակ է դարձել, թերևս կլիմայական պայմանների փոփոխության կամ վնասատուի նոր ձևերի ի հայտ գալու պատճառով, որոնք երկիրը խոցելի են դարձրել այս վնասատուի տարածման համար: Վատագույն դեպքում` ֆիլոքսերայի զարգացումը կարող է մեծ վնասներ պատճառել Հայաստանի խաղողի այգիներին, ինչպես դա տեղի ունեցավ Եվրոպայում (մասնավորապես Ֆրանսիայում, ինչպես նաև Իտալիայում) 19-րդ դարի վերջին:

Խաղողից վերամշակման արդյունքում ստացվող շամպայնի, կոնյակի և գինու արտադրության ընդհանուր ծավալը հետանկախության սկզբնական տարիներին՝ 90-ական թվականներ նվազել է, համապատասխանաբար՝ 3, 5 և 30 անգամ , իսկ արդեն 2008 թ.-ին գինու արտադրության ծավալները հասավ պատմական նվազագույնին:

Խաղողագործության զարգացման նպատակով անհրաժեշտ է կատարել ռազմավարական տեսանկյունից որակյալ ընտրություն ինչպես վերամշակման, այնպես էլ արտադրության առաջնային մակարդակներում:

Արտադրության առաջնային մակարդակում ֆերմերները տուժում են եղանակային անբարենպաստ պայմաններից և բնական աղետներից: Ներկայումս խաղողագործների համար ամենամեծ և զարգացող սպառնալիքներից մեկը ֆիլոքսերան է` հողում բնակվող վնասատու, որն օժտված է ամբողջական այգիներ բնաջնջելու ներուժով: Այս` լվիճի նման միջատները, որոնք տարածվել են Հյուսիսային Ամերիկայից, ապրում են հողի մեջ և հարձակվում են խաղողի վազի արմատների վրա՝ ծծելով նրանց հյութը:

Սա բավականին լուրջ խնդիր է Հայաստանի համար, քանի որ ֆիլոքսերադիմացկուն տնկանյությով խաղողի այգիները չեն գերազանցում ընդհանուրի 10 տոկոսը (հիմնականում Տավուշի մարզ): ֆիլոքսերայի տարածման վտանգի լրջությունը պահանջում է վերափոխել Հայաստանի խաղողագործության ամբողջ ոլորտը: Խնդրի լուծման համար անհրաժեշտ է խաղողի յուրարմատ այգիները փոխարինել ամերիկյան ֆիլոքսերակայուն պատվաստակալների վրա հայկական խաղողի սորտերով պատվաստված տնկանյութով:

Արարատյան հարթավայրում վնասատուի հայտնաբերումից հետո Հայաստանի կառավարությունը դիմել էր ՊԳԿ-ին` ակնկալելով օժանդակություն: Այսօր պաշտոնապես ազդարարվեց ֆիլոքսերայի հետ կապված խնդիրների հաղթահարմանն ուղղված ՊԳԿ ծրագրերի ավարտը, որոնց նպատակն էր ստեղծել հենք` Հայաստանում խաղողագործության կայուն զարգացման համար:

Դեկտեմբերի 10-ին Երևանում մեկնարկած երկօրյա աշխատաժողովը նպատակ ուներ ներկայացնելու ծրագրերի հիմնական ձեռքբերումները: Դրանք են՝ ավելի քան 300 սորտերով խաղողի կոլեկցիոն այգիների հիմնադրում, ուսումնական նպատակներով ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ցուցադրական այգու ստեղծում՝ խաղողի երկու սորտերով, ֆիլոքսերադիմացկում խաղողի տնկանյութի արտադրության համար մայրուտային այգու հիմնում, ժամանակակից սարքավորումներով հագեցած պատվաստ կատարելու համար նախատեսված պատվաստի արհեստանոցի ստեղծում, վերապատրաստված անձնակազմ ՝ պատվաստ կատարելու և տնկանյութ արտադրելու համար, երկրում ֆիլոքսերիայի մոնիթորինգի ազգային ծրագրի մշակում և առաջարկությունների ներկայացում՝ ֆիլոքսերադիմացկուն տնկանյութի արտադրության սերտիֆիկացման համակարգի ստեղծման համար:

«ՊԳԿ ծրագրերը լավ հիմք են ստեղծել Հայաստանում խաղողագործության ոլորտի զարգացման համար, և մենք հավատում ենք, որ կառավարությունը կձեռնարկի համապատասխան գործողություններ՝ ծրագրերի շարունակականությունն ապահովելու և դրանք ընդլայնելու համար», - նշեց ՊԳԿ գյուղատնտեսության գծով պատասխանատու Ավետիք Ներսիսյանը, ով ի սկզբանե վերահսկում էր այդ ծրագրերը: «Խաղողի կոլեկցիոն և մայրուտային այգիները պետք է բաց լինեն գիտնականների, հետազոտողների և արտադրողների համար», - ավելացրեց Ներսիսյանը:

Ծրագրերը հայ ֆերմերներին և խորհրդատվական ծառայության մասնագետներին ուսուցանել են խաղողի տնկանյութի արտադրության նորագույն մեթոդների, ինչպես նաև խաղողի այգիների ժամանակակից կառավարման, ներառյալ վնասատուների դեմ ինտեգրված պայքարի, կաթիլային ոռոգման համակարգերի, հակակարկտային ցանցերի, էտի և այլ հմտությունների վերաբերյալ:

Աշխատաժողովի մասնակիցների թվում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, համապատասխան զարգացման գործակալությունների, հասարակական կազմակերպությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ և ֆերմերներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: