Հայերեն   English   Русский  

Հայաստանը Ռուսաստանից ստացել է ԱԷԿ-ի համար վարկի օգտագործման ժամկետի երկարաձգման համաձայնություն


  
դիտումներ: 130

Հայաստանը Ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար վարկի օգտագործման ժամկետի երկարացման համաձայնություն է ստացել Ռուսաստանի ֆինանսների նախարարությունից:

Այս մասին ԱԷԿ-ում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարաձգման խնդիրը: Այս պահին մենք ունենք փոխհամաձայնություն, Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է: Եվ կառավարության առաջիկա նիստին կքննարկվի այս հարցը: Այսինքն՝ մնացել են միայն իրավական գործողությունները, որ պետք է կատարվեն երկու կողմից»,-ասաց Պապիկյանը:

Անդրադառնալով պատճառներին՝ Պապիկյանը նշեց՝ աշխատանքները՝ բավականին ծանր ու կարևոր են: Նախարարը նկատեց՝ հաշվի առնելով ատոմակայանի և անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը երբեմն կարող է վնաս հասցնել աշխատանքին: Եվ դրա արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջացել որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում: Նախատեսվում է վարկի օգտագործման ժամկետի երկարացում՝ մինչև 2021 թվականի վերջ:

Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների իրականացման համար ներգրավվել են 270 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որը տրամադրել է Ռուսաստանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: