Հայերեն   English   Русский  

Մարդու իրավունքների միջազգային օրը և Հայաստանը


  
դիտումներ: 141

«Իմ Ձայնը» ծրագրի անդամ Ասյա Օվանյանը գրում է.

«1948թ. այս օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրը՝ շրջադարձային փաստաթուղթ, որտեղ առաջին անգամ առանձնացվեցին մարդու հիմնարար իրավունքները, որոնք պետք է պաշտպանվեն բոլոր երկրներում, բոլոր պետությունների կողմից:

Ամեն տարի, դեկտեմբերի 10-ին, տոնելով Մարդու իրավունքների միջազգային օրը, միջազգային հանրությունը հնարավորություն է ունենում լրջորեն ու ազնվորեն դիտարկել առաջընթացն ու առկա մարտահրավերները, վերահաստատել հասարակության բոլոր անդամների համար հավասար անօտարելի իրավունքների պաշտպանության հանձնառությունը և կրկնապատկել ջանքերն ուղղված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով նախատեսված առավել կատարյալ աշխարհի կայացմանը։

Եթե մենք էլ ազնվորեն դիտարկենք մարդու իրավուքների ոլորտում առկա մարտահրավերները, ապա կարող ենք ֆիքսել հասարակության մտահոգությունները Հայաստանի իրավական համակարգում ռեպրեսիվ մեթոդների, նախնական կալանքը՝ որպես պատժիչ միջոց կիրառելու, երկակի ստանդարտների կիրառման առումով:

Նախնական կալանք. Անձնական ազատության և անձի անձեռնմխելիության իրավունքը Հայաստանում շարունակում է մնալ ամենաշատը ոտնահարվող իրավունքներից մեկը, իսկ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելը, նախաքննության մարմինների և դատարանների կողմից ամենահաճախ կիրառվող խափանման միջոցը։ Կալանքի միջոցով փորձում են մարդուն պատժել, ճնշել, կոտրել, իսկ հասարակության մոտ ստեղծել պատժելու և պայքարելու տպավորություն: Հաճախ կալանքի հիմքերը իսպառ բացակայում են, սակայն ռեպրեսիվ մեխանիզմը գործում է: Պետք է ապահովել հանրային տեսարաններ: Դրա վառ օրինակը Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանքի կիրառումն էր, որը բացահայտ ընտրովի մոտեցում է ՍԴ դատավորի նկատմամբ դրսևորված ճնշումների համեմատությամբ։ Նախնական կալանքը շարումնակվում է կիրառվել որպես պատժի կամ ապացույցներ ձեռք բերելու միջոց՝ ինչպես օրինակ Արսեն Բաբայանի դեպքում, երբ կալանքի մասին որոշման համար անհրաժեշտ էր ընդամենը նոր հոդված ավելացնել։

Կալանքի լայնորեն և չհիմնավորված կիրառումը շատ լուրջ խնդիր է։ Շատ անգամ արվում է իներցիայով, շատ անգամ դատավորներներն են իրենց ապահովագրում կամ ազդեցության տակ որոշում կայացնում, շատ անգամ մթնոլորտն է ստիպում։

Հայաստանում այդպես էլ չի ձևավորվում անմեղության և ազատության կանխավարկածով առաջնորդվելու և կալանքը որպես բացառիկ միջոց կիրառելու պրակտիկան, ինչն իր բացասական ազդեցությունն է թողնում մարդու իրավունքների պաշտպանության իրականացման վրա:

Իրավապաշտպանության երկակի ստանդարտներ. 2018-ից հետո փոխվեց ՀԿ դաշտի դասավորվածությունը և գործող իրավապաշտպանությունը նոր մարտահրավերների առջև կանգնեցրեց։ ՀԿ-ների մի մեծ հատվածը ապացուցեց, որ իրավապաշտպանությունը եղել է խիստ քաղաքականացված, և որ այսօր նրանցից շատերը ստանձնել են մեղադրողի ֆունկցիա:

Այսօրվա իրավապաշտպան կազմակերպությունների մի ստվար զանգված դարձել է ի վնաս անհատի իշխանությունների շահերի պաշտպանը: Դրա օրինակները բազմաթիվ են։ Այդ մասին է վկայում իրավապաշտպանների լռությունը դատավորների նկատմամբ պետական պաշտոնյաների կողմից բացահայտ ճնշումների գործադրման ժամանակ։ Իրավապաշտպանները լուռ էին նաև, երբ շրջափակվում էին դատարանների մուտքերը։ Իրավապաշտպաններից շատերը շարունակում են լուռ հետևել դատական համակարգի, մասնավորապես Սահմանադրական դատարանի նկատմամբ գործադրվող ճնշումներին, ըմբռնումով են մոտենում բազմաթիվ անհիմն ձերբակալություններին, կալանքի որոշումներին:

Եվ եթե խախտումների ժամանակ լռում են, ապա շատ հաճախ ակտիվորեն ողջունում են ակնհայտ քաղաքական հետապնդումները:

Իրավապաշտպանության խնդիրը պետք է լինի ցանկացած մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ քաղաքական, մշակութաբանական կամ այլ տիպի հայացքներից:

Որպես ամփոփում, մենք կամ անկեղծորեն կարձանագրենք մարդու իրավունքների առկա խնդիրները և կդրսևորենք քաղաքական կամք դրանց հաղթահարման ուղղությամբ, կամ ոչ հեռավոր ապագայում մենք կունենանք Հայաստանի դեմ կայացված բազմաթիվ որոշումներ՝ իրենց քաղաքական հետևանքներով։»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: