Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ում տեղի ունեցավ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված միջոցառում


  
դիտումներ: 252

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպեց «Հիշատակը և կրթությունը՝ որպես կանխարգելման գործիքներ․ դասեր քաղել մարտահրավերներին դիմակայելու համար» խորագրով կլոր սեղան քննարկում՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան։

Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը, Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի գործադիր տնօրեն Սայմոն Ադամսը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Անրի Տերիոն, Կլարկի համալսարանի պրոֆեսոր Ջոաննա Վոլհարդտը և Նյու Յորքի Սիտի քոլեջի պատմության պրոֆեսոր Էրիկ Վայցը։

Միջոցառման մասնակիցները քննարկեցին հիշատակի և կրթության դերը ցեղասպանությունների մասին իրազեկության բարձրացման, անհանդուրժողականության և խտրականության հիմնարար պատճառների բացահայտման ու մարդկության դեմ հանցագործությունների ու ցեղասպանությունների կանխարգելման գործում։

Դեսպան Մարգարյանն իր ելույթում նշեց, որ 20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդն անցել է ցեղասպանության արհավիրքի միջով, և Հայաստանը հատուկ պատասխանատվություն է կրում ցեղասպանությունները կանխարգելելու և ժխտողականության դեմ պայքարելու հարցում։

Միջոցառման ընթացքում մասնակիցներն ունկնդրեցին Կոմիտասի ստեղծագործությունները Նյու Յորքում գործող հայ երաժիշտներից կազմված «Արիա» լարային քառյակի կատարմամբ։

Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ անդամ երկրների մշտական ներկայացուցիչներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: