Հայերեն   English   Русский  

Ի՞նչ է խնդրում Արփինե Հովհաննիսյանը ՍԴ դատավորներից


  
դիտումներ: 329

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուքում» գրառում է արել ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի ուղարկելու օրենքի նախագծի մասին։

«Այսօր խորհրդարանում քննարկվում էր ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու կամ ավելի ճիշտ` ՍԴ դատավորների «պարապության նպաստի» վերաբերյալ նախագիծը։ Այս նախագիծը շատ կարեւոր է դիտարկել երեք հարթությունից՝ իրավական, քաղաքական եւ բարոյական։ Եթե հարցը քննարկում ենք բարոյական տեսանկյունից, ապա հարցի հիմնական հասցեատերը ՍԴ դատավորներն են, եւ էական է այն հարցը, թե արդյոք նրանք կշարունակեն դիմակայել, թե ոչ։

Նախագծի հեղինակները պնդում են, որ նախագիծը պատվով կամ արժանապատիվ հեռանալու մասին է:

Ասում են` մարդկանց մեջ այնքան ծիծաղելի չեն այն հատկանիշները, որոնք նրանք ունեն, որքան նրանք, որոնց նրանք հավակնում են: Իշխանության շատ ներկայացուցիչներ են հավակնում այնպիսի հատկանիշների, որ չունեն։ Պատվի ու արժանապատվության մասին խոսելիս թերեւս արժե, որ իրենք իրենց հարց տան թե`

Արժանապատի՞վ է արդյոք, խոսել իրավական պետության մասին, սակայն մասնակցել երկրում այնպիսի դատական համակարգի կերտմանը, ուր Բարձր դատարանի դատավորները հեռացվում են քաղաքական պատճառներով, նրանց ընտանիքի անդամները և իրենք ճնշումների են ենթարկվում քաղաքական պատճառներով և ուր սկզբունքայնությունը համարվում է թերություն, օրենքին ծառայելը` արատ, իսկ հավաքական «Հրաչներից» բաղկացած դատական համակարգը` ինստիտուցիոնալ երազանք ։

Այս համատեքստում, կարծում եմ` ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել՝ զերծ ավելորդ աղմուկից եւ պաթոսից։ Ուստի ես՝ որպես ՀՀ քաղաքացի ԽՆԴՐՈՒՄ եմ`

  • ՍԴ դատավոր պարոն Արայիկ Թունյանին`
  • Շարունակեք այն պարկեշտ ու բարոյական ուղին, որ անցել եք ձեր կյանքի ընթացքում, դիմակայեք այն ճնշումներին, որոնք կիրառվում են Ձեր հանդեպ` կապված Ձեր որդու ծառայության հետ և ոչ միայն,
  • ՍԴ դատավոր տիկին Ալվինա Գյուլումյանին`
  • Շարունակեք իրական դատավորի կոչմանը հավատարիմ Ձեր արժանավոր ուղին, դիմակայեք բոլոր ճնշումներին ու ցույց տվեք Ձեր վերաբերմունքը էժան հնարքներին( բարձր պաշտոնի շինծու խոստում և այլն)
  • ՍԴ դատավոր պարոն Աշոտ Խաչատրյանին
  • Շարունակեք ցուցաբերել կամային բարձր հատկանիշներ, չընկրկել այն ճնշումներից, որոնք Ձեր վրա գործադրվում են` Ձեր որդիների տարբեր գործունեությունների հետ կապված
  • ՍԴ դատավոր տիկին Արևիկ Պետրոսյանին
  • Շարունակեք որպես սկզբունքային եւ ուժեղ կին ամուր մնալ ու դիմակայել բազմաթիվ ճնշումների` օրինակ ծառայելով Ձեր դստեր համար
  • ՍԴ դատավոր պարոն Ֆելիքս Թոխյանին
  • Դիմակայեք Ձեր և Ձեր ընտանիքի անդամների հետ կապված տարբեր շանտաժներին ու ճնշումներին, ապացուցեք, որ ՍԴ դատավորների վերաբերյալ իշխանական քարոզչամեքենայի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում
  • ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին
  • Շարունակե՛ք: Ուղղակի նույն կերպ շարունակեք:

    Հարգե՛լի տիկնայք և պարոնայք

    Շարունակեք բարձր պահե՛լ ամենաթանկը` ձեր արժանապատվությունը ու դուք կգնահատվեք` պատմության ու սերունդների կողմից: Ձեր անցած ուղու վերջաբանը իշխանության կողմից ձեզ առաջարկվող անփառունակ «պարապության նպաստը» չէ` ՀՀ քաղաքացիների հաշվին:

    Պատմությունը գլխիկոր հեռացածներին համարելու է ոչ թե պատվով հեռացածներ, այլ նպաստի համար ամենակարեւոր մարտի ժամանակ ՊԱՏԻՎ ՎԱՃԱՌԱԾՆԵՐ։ Ավելին` ցանկացած հաջորդ իշխանություն վերացնելու է ‹‹պարապության›› նպաստը, որովհետեւ չի կարող ՀՀ քաղաքացու հաշվին ոչինչ չանելու համար միլիոններով նպաստ ստանալը դիտվել իրավաչափ ու բարոյական որևէ իշխանության դեպքում։

    Հ.Գ. Ակնհայտ է, որ ոչինչ չանելու համար գումար տալը նորմալ է այս իշխանության համար, քանզի իրենք նշանակել են ՍԴ դատավոր (Վահե Գրիգորյան), ով բյուջեից ոչինչ չանելու համար արդեն ամիսներ շարունակ գումար է ստանում ու արհեստական «ճգնաժամ» հորինում: Պարապության նպաստի իրական շահառուն հենց նա է:

    Հ.Գ.1 Իրավական ու քաղաքական հարթություններին կանդրադառնամ առաջիկայում: Դրանց հասցեատերը Արմեն Սարգսյանն ու իշխող քաղաքական ուժն են»,– գրել է նա:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: