Հայերեն   English   Русский  

Սիմֆոնիկ և կամերային համերգներ. Մեկնարկում է Խաչատրյանի յոթերորդ փառատոնը


  
դիտումներ: 253

Խաչատրյանի յոթերորդ միջազգային փառատոնը, որն անցկացվելու է դեկտեմբերի 14-21-ը Երևանում, մեծանուն կոմպոզիտորի անունը հանրահռչակելու ևս մի առիթ է: Փառատոնի շրջանակում տեղի կունենա հինգ համերգային ծրագիր` երեքը սիմֆոնիկ, իսկ երկուսը` կամերային:

Փառատոնը մեկնարկելու է Արամ Խաչատրյան համերգասրահում «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, ջութակահար Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ ելույթով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը դեկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են Խաչատրյանի անվան հանրայնացմանն ու միջազգայնացմանը չափազանց կարևոր են պետության մշակութային քաղաքականության համար:

«Հիշում եմ` մի քանի տարի առաջ քայլում էի օպերային թատրոնի հարակից տարածքում: Փառատոնի օրերն էին և Խաչատրյանի երաժշտությունն էր հնչում: Ես նկատեցի, որ երաժշտությանը համընթաց փոխվեց քայլելուս ձևը, փոխվեցին քաղաքի ու երկրի ընկալման սահմանները: Մենք պետք է մտածենք մեր կյանքը, քաղաքը, երկիրը, երաժշտական բովանդակությունը ճշմարիտ արժեքներով լցնելու մասին: Արամ Խաչատրյանն այն ստեղծագործողն է, որի միջոցով կարող ենք խոսել ազգային և միջազգային մշակույթի նույնականացման մասին»,-ընդգծեց Խզմալյանը:

Մաքսիմ Վենգերովն էլ շեշտեց, որ Խաչատրյանի երաժշտությունն ուղղակի հրաշք է: Անդրադառնալով Հայաստան այցին` նա ասաց, որ իրեն դուր է գալիս մեր երկիրն իր ավանդույթներով: «Առաջին անգամ եմ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որն ինձ հիացնում է: Ուրախ եմ նաև այն փաստի համար, որ այս տարի Սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ արտիստն եմ, և Խաչատրյանի փառատոնից բացի ելույթներ ենք ունենալու Մյունխենի, Զալցբուրգի, Լոնդոնի, Մոսկվայի, Պրահայի, Վիեննայի լավագույն համերգային դահլիճներում: Շատ եմ սիրում նվագախումբը, որում բարձրակարգ երաժիշտներ են ընդգրկված և միշտ ջերմ մթնոլորտ է»,-նկատեց ջութակահարն ու հավելեց, որ անհամբերությամբ է սպասում նաև հանդիսատեսի հետ հանդիպմանը:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ տեղեկացրեց, որ բացման երեկոյին Վենգերովը կներկայացնի Մաքս Բրուխի Ջութակի թիվ 1 կոնցերտը‚ Մորիս Ռավելի «Գնչուհի» կոնցերտ-ռապսոդիան ջութակի և նվագախմբի համար։ Նվագախումբը կկատարի նաև Ջոն (Ջիվան) Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»։

Խաչատրյան յոթերորդ միջազգային փառատոնի շրջանակում հայտնի մենակատարների մասնակցությամբ համերգներ են անցկացվելու Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, Արամ Խաչատրյան համերգասրահում,Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: