Հայերեն   English   Русский  

Պատճառվել է մարմնական ու բարոյական վնաս. ձերբակալություններ Գյումրիում


  
դիտումներ: 253

Գյումրիում պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումից հետո երկու անձ ձերբակալվել է, ևս երկուսն էլ տուժող են ճանաչվել՝ մեկը ֆիզիկապես, մյուսը՝ բարոյապես:

Պատգամավորը հրապարակել էր հետևյալ տեքստը՝ <Գրառում էի կատարել դեկտեմբերի 7-ին Քոչարյանի կողմից ուղարկած ծաղկեպսակի հետ կապված։

Երեկ` օրվա ընթացքում, Գյումրիում բնակվող Շեկո մականվամբ մեկը և Կարո անունով մյուսը, մի քանի անգամ փորձել են տարբեր ընկերներիս միջոցով հանդիպել ինձ հետ՝ թե բա <խոսելու բան կա>։ Հետո իմացել եմ, որ ուզել են ինձ ներկայացնել, թե իրականում իբր ծաղկեպսակը դողալով չեն տարել, բարձր գլխով են տարել և դուխները տեղը... Ինչևէ, հանդիպումների փորձին պատասխան եմ ուղարկել, որ կարող են հանդիպել քաղաքացիների հետ կազմակերպվող հանդիպման ֆորմատով՝ մեր գրասենյակում։ Իրենց, երևի չբավարարված զգալով, անցած գիշերը՝ ժամը 01.00-ի մոտակայքում, Շեկո մականվամբ երիտասարդն ու էլի մեկը, նախապես հետևելով ինձ ու ընկերոջս, սպասել են, որ նա ինձ տուն իջեցնի ու մնա մենակ, Գյումրու Անի թաղամասում մոտեցել են նրան։ Հարցրել են՝ Սարուխանյանը քո ի՞նչն է, ընկերս պատասխանել է՝ ընկերս է․ դրանից հետո սրանք սկսել են խփել ընկերոջս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որպես վերջաբան էլ սպառնացել են, թե գնա ու Կարենին փոխանցիր, որ հաջորդն ինքն է լինելու... Բնականաբար, այս դեպքի հետ կապված կա տրված հաղորդում Գյումրու ոստիկանության Մուշի բաժնում։ Բայց, ի լրումն սրան, ասեմ՝ հարգելի շեկո ու նմանատիպ գոյացություններ, բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս, ցավոք, թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ։ Գործը պետք է քննվի օրենքի շրջանակում, ինչին, ակնկալում եմ, կհետևի համաչափ պատիժ>։

Պատգամավորի նշած Շեկոն՝ Գարիկ ՈՒզունյանը, ոստիկանություն էր տարվել հայտարարության հաջորդ օրը, նա ձերբակալվել է, երեկ էլ ոստիկանություն է ներկայացել նաև նրա ընկերը՝ Զոհրաբ Եսիմսեյտովը:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձնանց կողմից, նախնական համաձայնությամբ, բռնության գործադրմամբ, խուլիգանություն կատարել:

- Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ: Այս պահին նրանք ունեն կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է, գործը գտնվում է ապացույցների հավաքման փուլում, - նշեց Կարեն Գաբրիելյանը:

Ուզունյանի և Եսիմսեյտովի պաշտպան Արտակ Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց՝ նրանց միջև միջադեպ եղել է, բայց դա խուլիգանության հոդվածի հետ կապ չունի. <Այն որ, ինչ-որ դեպք է տեղի ունեցել, պաշտպանյալս չի էլ հերքում, միջադեպ եղել է, մենք դրա վերաբերյալ ունենք նաև մեր բացատրությունը՝ թե ինչպես է դեպքը տեղի ունեցել և այլն: Սա խուլիգանության հետ բացարձակ կապ չունի և գտնում ենք, որ սա հատուկ է արվել կալանավորման հիմքեր ստեղծելու համար>:

Փաստաբանը նշում է, վարույթն իրականացնող մարմնի որոշ գործողություններ թույլ են տալիս ասել՝ գործի քննությունը օբյեկտիվ չէ, թեև այս պահին չի կարող ասել ինչ կա դրա տակ. <Պաշտպանյալներիցս մեկն ունի հիվանդություն՝ հաշմանդամության կարգ, հայրն ու մայրը հաշմանդամ են, և որևէ բան հաշվի չառնելով ձերբակալել են: Այսինքն, նշանակում է՝ կա հստակ որոշում երկու անձին էլ ձերբակալել ու պահել անազատության մեջ>:

Արտակ Մովսիսյան նաև այլ դեպքերի վրա է ուշադրություն հրավիրում, երբ պաշտոնական հայտարարություններն անելի շուտ են եղել, քան գործողությունը և օրինակ է բերում լրատվամիջոցներից մեկին քննչական կոմիտեի մամուլի ծառայության տված տեղեկությունը, որն, ըստ փաստաբանի, հրապարակվել է ժամը 14:30-ի սահմաններում, մինչդեռ ինքը պաշտպանյալի հետ այդ օրը այդ ժամին գտնվել է ոստիկանության բաժնում և մինչև ժամը 18:00-ն մասնակցել են քննչական գործողությունների՝ ոստիկանության հետաքննության գծով ավագ տեսուչի հետ. <Այսինքն, այդ ժամանակ գործը գտնվում էր հետաքննության տեսուչի վարույթում, որը շարունակվել է մինչև աշխատանքային օրվա ավարտը՝ 18:00-ն, և քննիչի վարույթում չէր կարող լինել>:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը ankakh.com-ին նաև փոխանցեց, որ այս գործով երկու անձ տուժող է ճանաչվել, ովքեր արդեն ցուցմունք են տվել. <Մեկին պատճառվել է մարմնական վնաս, մյուսին՝ բարոյական>:

Ի դեպ, տուժող ճանաչվածներից մեկը պատգամավորի ընկերն է, մյուսը՝ նրա ընկերուհին:

Փաստաբան Արտակ Մովսիսյանն էլ փոխանցեց, որ պաշտոնապես ոչինչ չի ստացել տուժողների մասով, տեղյակ չէ ովքեր են նրանք, որևէ առերեսում տեղի չի ունեցել: Իսկ իր պաշտպանյալները 72 ժամ մնալու են ձերբակալված, այդ ընթացքում էլ պարզ կլինի՝ նրանց մեղադրանք կառաջադրվի թե ոչ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: