Հայերեն   English   Русский  

Շենգավիթում բացվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը


  
դիտումներ: 237

Կարմիր ժապավենի կտրման արարողությամբ այսօր ազդարարվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացումը: Այսուհետ, նորաբաց կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կմատուցի տարեկան ավելի քան 15.000 քաղաքացու։

«Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ մենք համալիր սոցիալական ծառայությունների տարածքային հերթական կենտրոնն ենք բացում Երևանում, որը պետք է ծառայություններ մատուցի տարեկան ավելի քան 15000 քաղաքացու։ Մեզ համար շատ կարևոր է ՀՀ քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի պայմաններ ստեղծելը, ինչպիսիք ստեղծված են այստեղ։ Շնորհակալ եմ Համաշխարհային բանկին այս նպատակով ՀՀ կառավարության կողքին լինելու համար, որովհետև մենք այսպիսի կենտրոններ պետք է ունենանք Հայաստանի բոլոր մարզերում»,- տարածքային կենտրոնի բացման արարողակարգի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ևս բարձր են գնահատել նախարարության ջանքերը՝ ուղղված սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ շեշտելով համալիր սոցիալական ծառայությունների կարևորությունը․

«Վերջին տասնամյակի ընթացքում Համաշխարհային բանկն աջակցություն է տրամադրել երկրում համալիր սոցիալական ծառայությունների ապահովմանը՝ նմանատիպ կենտրոնների ստեղծման միջոցով։ Այս կենտրոնները ստեղծվում են՝ փոխարինելու առանձին-առանձին մատուցվող ծառայություններին։ Կարծում ենք, որ համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման հարցում միասնական գործակալությունը շատ կարևոր դերակատարում կունենա»,- ասել է ՀԲ հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը։

Տեղեկացնենք, որ համալիր սոցիալական ծառայությունների համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայության /սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն/ տեղակայում մեկ վայրում:

Համակարգի միջոցով սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները: Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակից բխող մեկ համալիր պատասխան:

Նշենք, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում արդեն կառուցվել է ՀՍԾ 9 տարածքային գրասենյակ, ևս 6-ը գտնվում են շինարարության փուլում: 6 գրասենյակի համար ընթանում է մրցութային գնահատման գործընթաց, 10-ը՝ նախագծման փուլում են, 4-ը՝ տարածքի հատկացման և փաստաթղթավորման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: